‘Հայաստանցիները Տաջիկստան կմեկնեն առանց վիզայի’

2473

Ազգային Ժողովի վավերացմանն է ներկայացվել Հայաստանի եւ Տաջիկստանի կառավարությունների միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագիրը:

Ըստ դրա, երկու երկրների քաղաքացիները ճամփորդական անձնագրերով կարող են մուտք գործել միմյանց տարածք առանց վիզաների:

ԱԺ-ում համաձայնագրի նախագիծը ներկայացնելիս ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ համաձայնագրով սահմանվում է, որ կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ կամ ընդհատումներով մնալ տվյալ երկրի տարածքում ոչ ավել քան 90 օր, եթե տվյալ պետությունն ավելի բարենպաստ ռեժիմ չի սահմանում:

«Բոլորս տեղյակ ենք, որ 1992 թվականից ԱՊՀ երկրներում գործում է համաձայնագիր, որն ազատում է մուտքի արտոնագրերից, սակայն վաղուց արդեն մի գործընթաց է գնում, որ բոլոր երկրները երկկողմ պայմանագրեր են կնքում: Դա վերաբերում է նաեւ Վրաստանին, որի հետ ունենք երկկողմ համաձայնագիր: Այս պահին միայն 3 պետություն է մնացել, որոնց հետ դեռ չկան նման համաձայնագրեր. մեկը Տաջիկստանն է, ունենք նախագիծ Ուզբեկստանի հետ եւ նախատեսում ենք համապատասխան գործընթաց սկսել Ղրղզստանի հետ: Դրանով ամբողջ ԱՊՀ երկրների դաշտը կփակվի երկկողմ համաձայնագրերով»,-ընդգծեց Շավարշ Քոչարյանը:

 

Նախորդ հոդվածը‘Խորհրդարանական լսումներ՝ թանկացումների թեմայով’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը Սերիկ Մելիքյանի մահվան առիթով’