‘Հայաստան-Դանիա. Հենրիխ Մխիթարյանը՝ թիմի ավագ (խաղից առաջ)’

1493

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Հայաստանի հավաքականը կանցկացնի իր 8-րդ հանդիպումը: Մեր ընտրանին «Հրազդան» մարզադաշտում կհյուրընկալի Դանիայի հավաքականին: Նախորդ 7 խաղերում Հայաստանը, ինչպես նաև մեր այսօրվա մրցակից Դանիան և նախորդ խաղում Հայաստանի հավաքականից պարտություն կրած Չեխիան՝ ունեն 9-ական միավոր:

Այս հավաքականները խմբում գրավում են 3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերը: Հայաստանի հավաքականին մեկ միավորով գերազանցում է Բուլղարիայի հավաքականը, որն այսօր կհյուրընկալվի Մալթայի հավաքականի կողմից: Խմբի առաջատար Իտալիան, որն արդեն համարյա ապահովել է իր մասնակցությունը Աշխարհի առաջնությանը, այսօր տանը ուժերը կչափի Չեխիայի ընտրանու հետ: Հաղթանակի դեպքում իտալացիները անհասանելի կդառնան մեր խմբի մյուս հավաքականների համար:

Հիշեցնենք, որ Դանիայի հետ նախորդ խաղում՝ հունիսի 11-ին, մեր տղաները ջախջախիչ պարտության են մատնել սկանդինավներին՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Այդ ժամանակ գոլի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը, ով մրցակցի դարպասը գրավեց երկու անգամ (1 և 59-րդ րոպեներին), ինչպես նաև Արազ Օզբիլիսը (19) և Հենրիխ Մխիթարյանը (82):

Այսօրվա խաղին Հայաստանի հավաքականը մոտեցել է լուրջ կադրային խնդիրներով:

Որակազրկման պատճառով խաղին չեն մասնակցելու Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը: Իսկ դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի կարող խաղադաշտ դուրս գալ վնասվածքի պատճառով:

Սակայն  ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը նշել է, որ թիմին չեն անհանգստացնում կադրային խնդիրները:

«Առաջին անգամը չէ, որ մենք բախվում ենք կադրային խնդիրների: Սակայն մենք նպատակ ունենք և ջանք չենք խնայի այն իրականացնելու համար: Խաղալու ենք միայն հաղթանակի համար: Միայն այդ արդյունքը թույլ կտա մեզ պայքարելու աշխարհի առաջնության ուղեգիրը նվաճելու համար»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին ասել է Եդիգարյանը:

Նշենք նաև, որ թիմի ավագ, դարպասապահ Ռոման Բերեզովսկու բացակայության պատճառով այսօրվա խաղում ավագի թևկապով մեր թիմին խաղադաշտ դուրս կբերի Հենրիխ Մխիթարյանը:

Նկատենք, որ Հայաստանի հավաքականը այսօր խաղադաշտ դուրս կգա իր համար հաղթական կարմիր մարզաշապիկով, որով 4 օր առաջ հաղթեց չեխերին:

Նախորդ հոդվածը‘Չնայած ԵՄ պնդումներին՝ Նալբանյանը չի բացառում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը’
Հաջորդ հոդվածը‘Լ.Զուրաբյանը անձնական երաշխավորագիր է ներկայացրել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի համար’