‘Հայաստան-Թուրքմենստան հանդիպումը չի կայանա’

681

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, մարտի 22-ին Երևանում պետք է տեղի ունենար ընկերական հանդիպում Հայաստանի և Թուրքմենստանի ազգային հավաքականների միջև, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2012 թվականին: Սակայն հանդիպումը չի կայանալու, քանի որ Թուրքմենստանի հավաքականը նշված ժամկետներում մասնակցելու է Ասիայի Ֆուտբոլային Կոնֆեդերացիայի Գավաթի 2014 թ. խաղարկության ընտրական փուլի հանդիպումներին, հայտնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը:

Նախատեսված էր, որ այդ հանդիպումները պետք է կայանային մարտի 2-ից 10-ը, սակայն ՖԻՖԱ-ն, ընդառաջելով մրցաշարի կազմակերպիչ երկրի՝ Ֆիլիպինների ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքին, փոխել է ժամկետները՝ հաստատելով նոր ժամկետներ՝ մարտի 20-ից 28-ը:

Այս կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացել է պաշտոնական նամակ, որում, մասնավորապես, նշված է. «Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է իր խորին երախտագիտությունը մեր երկրների հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու հրավերի համար, սակայն ցավով պետք է նշենք, որ ՖԻՖԱ-ի կողմից Ասիայի Ֆուտբոլային Կոնֆեդերացիայի Գավաթի 2014 թ. խաղարկության ընտրական փուլի հանդիպումների ժամկետների տեղափոխության պատճառով մենք չենք կարող ընդունել ձեր հրավերը: Դրա փոխարեն մենք սիրով առաջարկում ենք հանդիպումն անցկացնել սույն թվականի օգոստոսի 14-ին կամ մեկ ուրիշ օր»:

Հանդիպման հնարավոր նոր ժամկետները ՀՖՖ-ն դեռ չի քննարկել:

Նախորդ հոդվածը‘Ընտրությունները դիտարկելու համար գրանցվել են եւս 6 տեղական կազմակերպություններ’
Հաջորդ հոդվածը‘Չեխիայի գործող նախագահն ընտրությունների 2-րդ փուլում կպաշտպանի նախկին վարչապետի թեկնածությունը’