‘Հայաստան – Իտալիա՝ 1:3. իտալական ֆուտբոլի կարգը բարձր էր’

1350

Որքան էլ մեծ լիներ հայ երկրպագուների ցանկությունը, որքան էլ մարտական տրամադրված լինեին Հայաստանի հավաքականի տղաները, սակայն Իտալիայի հավաքականի ֆուտբոլային կարգը վճռորոշ էր: Իսկ իտալացիների առաջատար Անդրեաս Պիրլոն հերթական ֆանտաստիկ խաղը ցուցադրեց:

Հանդիպման հենց սկզբից Իտալիայի հավաքականը մեծ ուժերով գրոհի անցավ, վտանգավոր պահերը հաջորդում էին մեկը մյուսին, եւ այդ րոպեներին մեր հավաքականը բավական շփոթված տեսք ուներ: Բացառությամբ Բերեզովսկու, որ փայլուն ցատկով ետ մղեց Պիրլոյի վիրտոզ հարվածը:

Իտալացիների մեկնարկային ճնշումը տվեց իր արդյունքը. Հրայր Մկոյանը խառը իրավիճակում ձեռքով խաղաց եւ 11 մետրանոց հարված, որը իրացրեց Պիրլոն:

Իտալական մամուլը վերջին օրերին բազմիցս անդրադարձել է Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին՝ արդարացիորեն նշելով, որ ամենավտանգավոր խաղացողը հենց նա է: Միգուցե Իտալիայի հավաքականի պաշտպանները թերագնահատել էին այդ զգուշացումները, բայց Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ շրջանցելով երեք պաշտպանների, ընդ որում՝ իտալացի պաշտպանների: Գոլից հետո մեր հավաքականը ավելի համարձակ սկսեց գործել:

Երկրորդ խաղակեսում դաշտում սուր պայքար էր ընթանում՝ գոլային բազմաթիվ պահերով: Մեկ անգամ Մխիթարյանի փոխանցումից հետո Մանոյանը վտանգավոր հարված կատարեց, սակայն գերազանց խաղաց Բուֆոնը, մեկ անգամ էլ նույն Մխիթարյանի փոխանցումից հետո Մովսիսյանին մեկ ակնթարթ չբավականացրեց իրացնել հարյուր տոկոսանոց պահը:

Իսկ իտալացիները իրացրեցին իրենց պահերը: Հանդիպումը ցույց տվեց, որ մեր հավաքականը երկրորդ հարկում շատ լուրջ խնդիրներ ունի, մեզ պակասում են բարձրահասակ եւ դիրքը ճիշտ ընտրող պաշտպանները: Սարգիս Հովսեփյանի բացակայությունը առայժմ շատ է զգացվում: Երկու գոլն էլ իտալացիները խփեցին գլխով: Սա՝ Վարդան Մինասյանի համար լուրջ մտորումների, հետեւությունների տեղիք պետք է տա:

Ընդհանուր առմամբ մեր հավաքականը վատ հանդես չեկավ, պարզապես մրցակիցը չափազանց ուժեղ էր: մեր տղաներից կարելի է առանձնացնել Օզբիլիզին, Մխիթարյանին, Մովսիսյանին եւ Մանոյանին: Եվ իհարկե՝ Բերեզովսկուն, որը թեկուզ մի քանի փոքրիկ սխալներ թույլ տվեց, բայց ընդհանուր առմամբ վստահ հանդիպում անցկացրեց:

Ամեն ինչ կորած չէ այս խմբում մեր հավաքականի համար: Հաջորդ հանդիպումներին արդեն դաշտում կլինեն նաեւ Գեւորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին: Ժամանակ շատ կա սխալները շտկելու համար:

Հայաստան — Իտալիա՝ 1:3

Մխիթարյան՝ 27

Պիրլո՝ 11 (11մ.), Դե Ռոսի՝ 65, Պաբլո Օսվալդո՝ 82

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Վալերի Ալեքսանյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Արտակ Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Էդգար Մանուչարյան, 65), Դավիթ Մանոյան (Արթուր Սարկիսով, 76),, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Կրիստիան Մաջո, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Դոմենիկո Կրիշիտո, Դանիելե Դե Ռոսի, Անդրեա Պիրլո (Էմանուելե Ջակերինի, 74), Կլաուդիո Մարկիզիո, Ռիկարդո Մոնտոլիվո (Անտոնիո Կանդրեւա, 87), Պաբլո Օսվալդոն, Սեբաստիան Ջովինկո (Ստեֆան Էլ Շարավի, 60)

 

Նախորդ հոդվածը‘Հայաստան – Իտալիա՝ 1:3: Պաբլո Օսվալդո’
Հաջորդ հոդվածը‘Խաչատուր Քոքոբելյան. Մեկ է՝ սատարելու՛ ենք ‘