‘Հայաստան – Լյուքսեմբուրգ՝ 1։1. Քիչ ժամանակ՝ սխալները շտկելու համար (տեսանյութ)’

1028

Այսօր Վալանսի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում ուժերը չափեց Լյուքսեմբուրգի ընտրանու հետ։

Չնայած, որ Լյուքսեմբուրգը գտնվում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի երկրորդ հարյուրյակում, մեր հավաքականը բավականին լուրջ դժվարությունների առաջ կանգնեց։ Բացի այդ, հավաքականի խաղը մեկնարկում բարդացնում էր այն հանգամանքը, որ մեկնարկային կազմն էփորձարարական էր. մեկնարկային կազմում էր թիմի նորեկ Արտյոմ Խաչատուրով, ինչպես նաև Կարեն Մուրադյանը, Կամո Հովհաննիսյանը։

sportarmenia.com-ի փոխանցմամբ, առաջին խաղակեսի հենց սկզբում Լյուքսեմբուրգը անսպասելիորեն գրավեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասը։ 15-րդ րոպեին աչքի Ընկավ Մարիո Մուչը։ Թե՛ առաջին և թե երկրորդ խաղակեսերում զգացվում էր, որ մեր հավաքականի ամենաթույլ օղակն այս պահին պաշտպանությունն է։ Մինչև առաջին խաղակեսի ավարտը մեր թիմին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. աչքի ընկավ Էդգար Մանուչարյանը։

Երկրորդ խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մի քանի փոփոխություն կատարեց, սակայն խաղի որակը դրանից էականորեն չփոխվեց։ Մրցակիցն էլ չէր պատրաստվում զիջել նախաձեռնությունը, և 76-րդ րոպեին Դա Մոտան միայն հրաշքով չգրավեց Բերեզովսկու դարպասը։

1։1, և մեր հավաքականին շատ քիչ ժամանակ է մնում շտկելու սխալները մինչև մարտի 26-ը, երբ կկայանա Աշխարհի 2014 թվականի որակավորման փուլի Հայաստան – Չեխիա հանդիպումը։

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը դատի կտա Standart & Poors-ին՝ համաշխարհային ճգնաժամ հրահրելու համար’
Հաջորդ հոդվածը‘Տարբեր միջին կալիբրի գործիչներ ինչ-որ պահի որոշում են ծախվել՝ կոնկրետ շահի դիմաց ու ոչ այնքան մեծ գնով. Մամուլ’