‘Հայաստան կայցելի Մագնուս Կառլսենը’

914

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի եւ Ակրոնիս ընկերության հրավերով հունիսի 22-24-ը Հայաստան կայցելի Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը։ Երեւանում Կառլսենին կհյուրընկալի Աշխարհի գավաթակիր, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը։

Այցի շրջանակներում Երեւան կժամանեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայտնի ներկայացուցիչներ՝ այդ թվում Acronis ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, Parallels ընկերության եւ Runa Capital վենչուրային հիմնադրամի հիմնադիր, Ֆիզտեխ միության վարչության անդամ  Սերգեյ Բելոուսովը, ռուսական վենչուրային ներդրող, «Almaz Capital Partners» ընկերության հիմնադիր եւ կառավարիչ Ալեքսանդր Գալիցկին, Սաութհեմփթոնի համալսարանի նանոֆիզիկայի եւ ֆոտոնիկայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Կավոկինը, Թաթարստանի Հանրապետության նախագահի տնտեսական հարցերով օգնական Այրատ Խայրուլինը, Parallels Inc. ընկերության նախագահ Բիրգեր Սթենը եւ այլոք։

Հյուրերը կայցելեն Տաթեւի վանք, որտեղ կծանոթանան միջնադարյան վանական համալիրի պատմությանը, ճարտարապետությանը, ինչպես նաեւ այն ծրագրերին, որոնք IDeA հիմնադրամն իրականացնում է Տաթեւում։ Գրոսմայստերները կանցկացնեն շախմատի միաժամանակյա խաղ` 20 խաղատախտակների վրա։ Լավագույն մրցակիցներին կշնորհվեն նվերներ։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի պետական եւ հոգեւոր բարձրաստիճան այրերի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ շախմատի ոլորտի ներկայացուցիչների հետ։

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանն ԱԺ–ում ԲՀԿ նիստ է անցկացնելու՝ կապված կուտակայինի հետ’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’