‘Հայաստան ներգաղթում են հիմնականում Սիրիայից, Իրանից, Կոտ դ’

1002

2012-ի ընթացքում ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով ծառայությանն են դիմել 565 օտարերկրյա քաղաքացի, որոնցից 494-ը`Սիրիայի, իսկ մյուսները հիմնականում Իրաքի, Իրանի, Կոտ դ`Իվուարի, Գվինեայի, Թուրքիայի քաղաքացիներ են: Այդ մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունը:

Նրանցից Հայաստանում փախստական են ճանաչվել եւ ապաստան են ստացել 145-ը: «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում բնակվելու համար 48 ապաստան հայցողների տրվել է ուղեգիր: Բացի այդ, ծառայության տնօրինության տակ եղած ռեզերվների հաշվին Սիրիայից ժամանած 99 անձի տրամադրվել է ժամանակավոր կացարան, 18 սիրիահայեր տեղավորվել են մասնավոր անձանց մոտ:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ երկուշաբթի ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունում անցկացված աշխատանքային խորհրդակցություն ընթացքում ներկայացվել են կառույցի կողմից 2012թ-ին կատարված աշխատանքները եւ 2013 թ-ի ծրագրերը:

Ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրել է, որ 2012թ-ին աշխատանքները հիմնականում ուղղված են եղել «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրով» 2012թ. նախատեսված միջացառումների իրականացմանը, Սիրիայից ժամանած անձանց հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաեւ միջազգային համագործակցության ոլորտում նոր նախաձեռնությունների մեկնարկին:

Փախստականների հիմնահարցերից շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նրանց բնակապահովության խնդիրը: 1988-92թթ.. Ադրբեջանից բռնագաղթած 1172 փախստական ընտանիք, որից 857-ը` Երեւան քաղաքում եւ 315-ը` Հայաստանի տարբեր մարզերում, դեռեւս համարվում են բնակապահովության առաջնահերթ ծրագրի շահառուներ: 

2012թ. հոկտեմբերին ընդունվել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի արդյունքում շուրջ 214 ընտանիք հնարավորություն կունենա սեփականաշնորհելու զբաղեցրած բնակարանը: Տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 214 փախստական: Այսպիսով, 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 86 հազ 200:

Փոխվարչապետին զեկուցվել է, որ ավարտվել են ՍԷԿՏ համակարգի բարեփոխման աշխատանքները: Համակարգը հնարավորություն կընձեռի միգրացիոն հոսքերի ծավալների վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալ: Բարեփոխումների առաջարկով հանդես էր եկել միջգերատեսչական աշխատանքային խումբը, այդ նպատակով համապատասխան միջոցներ էին հատկացվել կառավարության կողմից:

 

Նախորդ հոդվածը‘Ավստրիայի նախկին ՆԳ նախարարը դատապարտվել է կաշառակերության մեղադրանքով’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական օրագիր. Մի քիչ խղճում ենք նրանց, որոնք.. ամեն բարիք ունեն ու արժեքը չգիտեն:’