‘Հայաստան VS Վրաստան. Որտեղ են կեղծել ընտրությունները ‘

1651

Ինչպես հայտնի է, հոկտեմբերին Վրաստանում կայացան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներով նախագահ է ընտրվել «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Վերջինս շուտով կստանձնի նախագահի լիազորությունները:

Ընտրությունների արդյունքները ընդունվել են բոլորի կողմից, չեն վիճարկվել, իսկ միջազգային դիտորդներն էլ դրանց ընթացքը շատ բարձր են գնահատել:

Միջազգային դիտորդները 2008-ից հետո հայաստանյան ընտրություններն էլ բարձր են գնահատում՝ ելնելով ինչ-ինչ քաղաքական նկատառումներից, սակայն եթե զուտ թվային առումով համեմատենք այս երկու ընտրությունները, ապա կտեսնենք, որ անգամ ոչ խորը ուսումնասիրությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ հայաստանյան ընտրական թվերը ուռճացված են:

Այսպես:

Վրաստան

Բնակչության թիվը վերջին տվյալներով՝ 4 մլն 497 հազար մարդ:

Ընտրողների թիվը ըստ վերջին տվյալների՝ 3 մլն 537 հազար մարդ (այսինքն՝ ընտրողները կազմում են բնակչության 78.6 տոկոսը):

Նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 47 տոկոսը՝ 1 մլն 629 հազար մարդ: Այսինքն՝ բնակչության 36.2 տոկոսը:

Այսինքն՝ մասնակցությունն այնքան էլ բարձր չի եղել: 

Ընտրություններում հաղթող է ճանաչվել «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին. ստացել է ընտրողների քվեների 62.12 տոկոսը՝ այսինքն, 1 մլն-ից մի փոքր ավելի ձայն:
Նրան հաջորդող «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիդ Բաքրաձեն ստացել է քվեների 21,72%-ը, այսինքն՝ 354 հազարից մի փոքր ավելի քվե:
Երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն՝ Նինո Բուրջանաձեն, ստացել է 10.18 տոկոս քվե, կամ մոտ 166 հազար ձայն:

Մյուս թեկնածուներից ոչ մեկի ստացած քվեները չեն գերազանցել 100 հազարը: Նրանք բոլորը միասին (20 թեկնածու) ստացել են 95 հազարից մի փոքր ավելի ձայն:

Այժմ դառնանք Հայաստանին: Չնայած Հայաստանում ցանկացած կալիբրի ընտրություն կեղծվում է, այդուհանդերձ, համեմատության համար վերցնենք վերջին՝ նախագահական ընտրությունները:

Հայաստան

Բնակչության թիվը՝ 2 մլն 900 հազար մարդ:

Ընտրողների թիվը՝ 2 մլն 484 հազար մարդ (աբսուրդային թիվ, ընտրողները բնակչության 85.6 տոկոսն են կազմում):

2013 թվականի նախագահական ընտրություններին, ըստ պաշտոնական արդյունքների, մասնակցել է ավելի քան 1.5 մլն մարդ. ընտրողների՝ 60 տոկոսը, բնակչության՝ 51.7 տոկոսը:

Հաղթող հռչակված Սերժ Սարգսյանը ստացել է մասնակիցների քվեների 58.64 տոկոսը՝ այսինքն, ավելի քան 861 հազար ձայն:

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 36.75 տոկոսը, մոտ 540 հազար ձայն:

Մյուս թեկնածուները միասին ստացել են մոտ 60 հազար ձայն, մոտ 51 հազար քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել:

Հիմա, մենք չենք ասում, թվերն են ասում. 4.5 մլն բնակչություն ունեցող երկրում նախագահ ընտրվածը ստանում է 1 մլն քվե՝ 62 տոկոսով, իսկ 2.9 մլն բնակչություն ունեցող երկրում նախագահ դարձած Սերժ Սարգսյանը ստանում է 59 տոկոս քվե՝ հավաքելով գրեթե նույն 1 մլն քվեն: Եզրահանգումները թողնում ենք ընթերցողներին:

 

 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հուսով է, որ Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն մինչև տարեվերջ’
Հաջորդ հոդվածը‘Խերարդ Պիկե. Մի պահ վախենում էի հավաքականի մթնոլորտի համար’