‘Հայացք Թեհրանից. Մոսկվայում, Անկարայում և Թեհրանում գտնում են, որ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն բացառապես փոխզիջման ճանապարհով’

888

Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի անվտանգության խնդիրների փոխկապվածությունը թելադրում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի ու Իրանի մասնակցությունը դրանց կարգավորման, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մերձավոր Արևելքի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն /Իրան/ Կայան Բարզեգարը:

«Կարծում եմ`Մոսկվայում, Անկարայում և Թեհրանում հավասարապես գտնում են, որ այդ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն բացառապես փոխզիջման ճանապարհով: Բացառություն է կազմում Սիրիայի առնչությամբ Թուրքիայի դիրքորոշումը` հիմնված Անկարայի և Արևմուտքի քաղաքական ղեկավարության շահերի վրա: Մինչդեռ Ռուսաստանը և Իրանը կառուցաղական համագործակցության միջոցով փորձում են նվազագույնի հասցնել տարածաշրջանում, մասանավորապես`Սիրիայում, արևմտյան ազդեցությունը»,- նշել է նա:

Բարզեգարն ընդգծել է, որ ԻԻՀ-ում իշխանափախությունը, իհարկե, չէր կարող փոփոխությունների չհանգեցնել Թեհրանի արտաքին քաղաքական ուղեգծում, ինչը դրսևորվել է միջուկային ծրագրի խնդրի կարգավորման հիման վրա Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մեջ: Այնուամենայնիվ, փորձագետի կարծիքով, Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առանձնակի փոփոխություններ չեն կրի: Մասնավորապես, նրա խոսքով, Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ հարաբերություններով փոխհատուցել Ռուսաստանի հետ ատոմային էներգետիկայի և ռազմական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը: Իսկ Չինաստանի հետ Իրանը բավականին ծանրակշիռ տնտեսական ապրանքաշրջանառություն և քաղաքական հարաբերություններ ունի, որոնց ամրապնդման միջոցով Թեհրանն ակնկալում է հավասարակշռել Արևմուտքի հետ հարաբերությունները:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական ընդդիմությունը արգելափակել է Գերագույն ռադայի ամբիոնը և նախագահությունը’
Հաջորդ հոդվածը‘«Ոսկե գնդակ 2013». Ամեն ինչ՝ Բլատերի ծաղրանքը մոռացության մատնելու համար’