‘Հայացք Մոսկվայից. ՌԴ նկատմամբ պատժամիջոցների կիրառումը մասամբ բացում է վերջինիս շուկան ԵՏՄ անդամ պետությունների համար ‘

1029

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը`առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը`որպես ինտեգրացիոն գործիք հետխորհրդային տարածությունում, կշարունակի գործել նաև ուկրաինական ճգնաժամի պայմաններում: «Ըստ որում, ի հայտ կգան ինչպես դրական, այնպես էլ`բացասական գործոններ: Օրինակ`Ռուսաստանի նկատմամբ ֆինանսատնտեսական պատժամիջոցների կիրառումը մասամբ բացում է վերջինիս շուկան ԵՏՄ անդամ պետությունների համար»,- ընդգծել է նա:

Մեկնաբանելով ԵՏՄ հեռանկարների առնչությամբ Նազարբաևի և Լուկաշենկոյի վերջին հոռետեսական հայտարարությունները`Եվսեևն ասել է, որ Ղազախստանի և Բելառուսի նախագահները սկզբունքորեն տարբեր խնդիրներ ունեն: Ըստ նրա, Նազարբաևը չափազանց տարվել է բազմավեկտորությամբ, այդ պատճառով կախվածության մեջ է հայտնվել արևմտյան ազդեցությունից: Ըստ որում, ազգային տնտեսությունը մնացել է խիստ հումքային, այսինքն`լիովին կախված ածխաջրածնային հումքի համաշխարհային գնից: Իսկ Լուկաշենկոն, նրա կարծիքով, վախենում է գունավոր հեղափոխությունից: Ներկայիս պայմաններում երկուսն էլ վախենում են, որ ՌԴ-ն չի դիմանա Արևմուտքի ճնշմանը:

Այս պայմաններում Հայաստանի համար լավագույն ճանապարհը, Եվսեևի կարծիքով, իր տարածքում ԵՏՄ և ԵՄ միջև կամուրջի կառուցմանը ձեռնամուխ լինելն է: Իսկ այդ գործընթացում Վրաստանի ներգրավման դեպքում Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրություն կատարելու խնդիրը հայ հասարակության համար շատ բաներում կվերանա: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳՆ. աշխարհազորայինները խախտել են զինադադարը գնդակոծելով Դեբալցովոն’
Հաջորդ հոդվածը‘Նարիշկինը Մոնղոլիան համարել է Ռուսաստանի առաջատար ռազմավարական գործընկերներից մեկը ‘