‘Հայդատական ավանտյուրաներ. Օլթիի գրավումը` Հայ-թուրքական պատերազմի սկիզբ’

4884

Նկատի ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պետական հանձնաժողովի հրապարակած Հռչակագրի վտանգները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ ընդարձակ անդրադարձել է դրան՝ ահազանգելով այդ մասին եւ առաջարկելով նոր փաստաթուղթ կազմել։ Համարելով, որ դա պետական քաղաքականության մեջ այլ բան չէ, քան հայդատական-ավանտյուրիստական ուղեգծի որդեգրում, նա այդ անդրադարձներից մեկում, որպես պատմական օրինակներ, թվարկել է ողբալի հետեւանքներ ու արհավիրքներ բերած հայդատական ավանտյուրաներից մի քանիսը։ Դրանցից երեքի՝ Գում-Գափուի (1890 թ.), Բանկ Օտոմանի (1896 թ.) , Շուշիի (1920 թ.) ավանտյուրաների մասին արդեն կայքում դրել ենք համապտասխան նյութեր։

Այսօր ներկայացնում ենք երեք նշանավոր պատմաբաններից քաղվածքներ՝ հայդատական չորրորդ ավանտյուրայի՝ Օլթիի գրավման (1920 թ.) ու դրանով Թուրքիայի դեմ պատերազմ սկսելու մասին, մի ավանտյուրա, որի հետեւանքով կորցրինք Արեւելյան Հայաստանի կեսը՝ 25-30 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Այդ դրվագը ներկայացնում ենք երեք նշանավոր պատմաբաններից՝ Լեոյից, Վահե Արծրունուց, Լեւոն Չորմիսյանից (բոլորն էլ նաեւ դեպքերի ժամանակակիցներ, վերջին երկուսը՝ նաեւ ՀՅԴ հայտնի գործիչներ) քաղվածքներով։ Կրկնությունները բնական են, մեր նպատակն էլ հենց ավանտյուրային տրված գնահատականների նույնականության ներկայացումն է։

Հաջորդ նյութը կվերաբերի 1921թ. փետրվարյան ավանտյուրային։

Լեո, Անցյալից, Երևան, 2009, էջ 404-409

Եվ 1920 թ. ամառը կարծես գալիս էր այդ գոռոզությունը հաստատելու: Դաշնակցական կառավարությունը հաղթական արշավանք սկսեց Զանգիբասարի, Բեյուկ-Վեդիի դեմ, դուրս քշեց այդ կողմերի թուրք ազգաբնակչությունը Արաքսի մյուս ափը և գրեթե տիրեց Նախիջևանին: Հրճվանք էր տիրում ամեն տեղ, և ոչ ոք չէր նկատում, թե այդ պատերազմ չէր, այլ թալան, թե զորքը ոգևորվել է թալանով, և թե այս հանգամանքը պետք էր համարել պետական կարգի փտածության և անկման մի շատ խոշոր նշան: Այդ թալանին պատրաստվում էին վաղուց, և ամենից ջերմեռանդորեն՝ սպաները: Հանրածանոթ փաստ է, որ թղթախաղի մեջ սպաները և զինվորները խաղում էին ի հաշիվ ապագա թալանի: Հանրածանոթ են խաղացողների ձայնարկությունները.«Зангибасар отвечает!», «Беюк-Веди отвечает!»:  Եվ երբ սկսվեց արշավանքը, ամենքը գնացին թալանի: Հարցնում են ձիավոր սպաներին. «Куда вы?», իսկ նրանք պատասխանում են՝«На талан!»: Խմբապետ Ռուբեն-փաշան՝ պատերազմի մինիստրը, հայդուկային ռազմագիտությանն էր հետևում՝ խրախուսելով թալանային տրամադրությունը, և չէր հասկանում, թե այդպիսով սպանում է ամբողջ բանակը: Թղթախաղն էլ, անզուսպ մի կիրք դարձած, մյուս կողմից էր ծծում պատերազմական ոգին: Եվ ճիշտ, հաղթական Դաշնակցությունը մեծ ավար էր բերում ավերված թուրքական երկրներից: Ով ասես որ չէր գնացել խլելու և բերելու համար: Մինչև անգամ Էջմիածնի վարդապետներն էլ էին այնտեղ: Երևանի շուկայում սարերի պես դարսված էին անկողիններ, պղնձե ամաններ և այլ տեսակ բարիքներ… Բայց երբ մի ամսից հետո հարկավոր եղավ այդ «հաղթական» զինվորներին հավաքել և ուղարկել դեպի Կարս, դեպի թուրքական սահմանը, սկսվեց դասալքությունը, զինվորների փախուստը: Թալան չկար, Զանգիբասարն ու Բեյուկ-Վեդին փչացրել էին զորքը…

…1920-ի աշնան սկզբին շփումներն անկարայական Թուրքիայի և դաշնակցական Հայաստանի միջև սաստկացան: Ինչպես տեսանք, Ջամալյանի երկաթուղին վառելիքի պակասության պատճառով դատապարտվել էր անգործության: Սա մի մեծ աղետ էր, և այն դարմանելու համար հարկավոր եղավ շահագործել Օլթիի քարածխի հանքերը: Ուղարկեցին մասնագետներ, աշխատանքների պաշտպանության համար ավելացվեց զինվորական ուժը, բայց սա համարվեց հայ-թուրքական սահմանի խանգարում և առաջ բերեց կռիվ երկու կողմերի զորքերի միջև: Այս կռիվը թուրքերի կողմից, անշուշտ, ավելի Սևրի դաշնագրի դեմ էր, քան Օլթիի հանքերից քարածուխ տանելու դեմ: Ուստի Մուստաֆա-փաշայի կառավարությունը միաժամանակ Օհանջանյանի կառավարությանն առաջարկեց խաղաղ բանակցություններ սկսել մի քանի հարցերի առիթով, որոնցից մեկն էր նաև այն թուրք ժողովրդի հարցը, որ վտարված էր Հայաստանից Զանգիբասարի և մյուս տեղերի կռիվների հետևանքով: Դրվում էր նաև Սևրի դաշնագրի հարցը, որ պիտի քննության ենթարկվեր՝ որոշ համաձայնության գալու համար: Սակայն Օհանջանյանն այնքան բոբիկ քաղաքագետ էր և այնքան տարված դաշնակցական գոռոզությամբ, որ չուզեց նույնիսկ իմանալ, թե ինչ ասելիքներ և պայմաններ ունի թշնամին, նույնիսկ ինքը չպատասխանեց Անկարային, այլ իր քարտուղարին հանձնարարեց պատասխանել, թե հարաբերությունները Թուրքիայի և Հայաստանի մեջ կորոշվեն Սևրի դաշնագրի անթերի գործադրությամբ: Կասկած չկա, որ եթե չլիներ այս կոպիտ վարմունքը, և եթե հարկավոր համարվեր իմանալ, թե ինչ է առաջարկվում հակառակորդի կողմից, գուցե և կարելի լիներ երկուստեք զիջողությամբ ստեղծել մի կայուն կացություն: Այդ ժամանակ անկարայական կառավարությունը հաղորդում էր Լլոյդ Ջորջին, թե ինքը պատրաստ է ճանաչել Հայաստանի անկախությունը, եթե հույները հեռացվեն Զմյուռնիայից:

Եվ այսպես թեթևամտությամբ հարցը հանձնվում էր ուղղակի զենքին: Թուրքերը մտան Կարսի շրջան, վերցրին Սարիղամիշը և Կաղզվանը:

***

Վահէ Արծրունի, Հայ-տաճկական պատերազմը, Երևան, 2002, էջ 63-73

…Կը մնային Կողբ եւ Օլթի: Առաջինը գրաւուեցաւ առանց մեծ դժուարութեան: Երկրորդն ալ գրաւուեցաւ (միայն ածխահանքի՝ Փանաքի շրջանը), բայց աւելի մեծ դժուարութեամբ, իսկ անոր պատմութիւնը կը դառնայ տեսակ մը սկիզբը մեր առաջադրած գործին՝ հայ-թրքական ճակատագրական պատերազմին:

Քսան թուի գարունն էր: Կարսի զօրամասերուն պետ զօրավար Յովսէփեանը հրաման ստացած էր զէնքի ոյժով գրաւել Օլթիի ածխահանքը:

…Յունիս 19-ը վերջացաւ հայկական յաղթանակով, եւ հայկական զօրքը լայն ու հպարտ շունչ մը առաւ: Յաջորդ օրն աջ թեւը նոյն եռանդով դիմեց յարձակման (ժամը 18-ին) եւ իրարու ետեւէ  գրաւեց Փանաք, Զոււարտ (բնագրում՝ Զատւա աղավաղված ձեւով) եւ Քէօյվանք ու կտրեց Փանաք-Օլթի խճուղին:

… Հայկական հրամանատարութիւնը աւելի ճիշտ խօսած պիտի ըլլար, եթէ օտարականներն ամբաստանելուն հետ, ընդունէր եւ հրապարակաւ խոստովանէր, թէ թալանի մարմաջը վարակէր էր իր սպայութիւնը եւ աստիճանաբար, խմորած բոլոր շարքերը: Չլինէր այս հանգամանքը, մեր զօրահրամանատարութիւնը ցոյց պիտի տար աւելի կտրուկ վերաբերմունք դէպի հոյն կամաւորները, եւ վերջինները պիտի չհանդգնէին այնքան լայն ասպարէզ տալ իրենց աւարառութեան եւ, թերեւս, վերջիվերջոյ որոշ բաներ ալ խնայուէին դժբախտ հայութեան: Բայց դեռ ուրիշ առիթով մը կ’անդրադառնանք այս հանգամանքին վրայ:

…Հայկական յաղթանակէն երեք օր վերջ (յունիս 24)՝ Բէքիր Սամի Բէյը յանուն Թուրքիոյ Ազգային մեծ ժողովին, պաշտօնապէս բողոքեց Հայաստանի կառավարութեան մօտ Օլթիի մահմետական ազգաբնակչութեան դէմ հայկական զօրքի գործ դրած քայլերուն եւ տաճկական հողամասերուն գրաւման առթիւ:

…Բէքիր Սամի յուլիս 8-ին երկրորդ հեռագրով մը նորէն բողոքեց ածխահանքերու շրջանին մէջ կատարուած զինուորական գործողութիւներուն, հողերու գրաւման եւ մահմետական ազգաբնակչութեան դէմ գործադրուած խիստ քայլերուն առթիւ եւ կրկին պնդեց, թէ երկու հարեւան երկրներուն շահերը կը պահանջեն փոխադարձ հասկացողութիւն:

…Բնական է, որ կրկնակի դիմումներն այսպէս արհամարհելէ յետոյ, ձեռքերը ծալլած պիտի չնստէր քէմալական իշխանութիւնը: Պարզ է, որ ան պիտի պատրաստուէր ուրիշ կերպով մը իր տեսակէտը հասկացնել տալու ՀՀ կառավարութեան: Քանիցս մեր հետախուզական բաժինները զանազան տեղերէ հաղորդեցին, թէ Մոսկուայի և Անգորայի միջեւ կապեր կը հաստատուին զինուորական օժանդակութեան: Քանի, քանի անգամ սահմանագլխին վրայ գործող մեր հետախոյզները փաստերով արձանագրեցին թուրքերու ռազմական նախապատրաստութիւնները, բայց ի՞նչ ըրին մեր կառավարութիւնը եւ զինուորական իշխանութիւնը.  երկուքն ալ հաւասարապէս ոչինչ ըրին: Շնորհիւ այս դատապարտելի անտարբերութեանը չէ՞ր, միթէ, որ օգոստոս 21-ին թուրքերը, գիշերով Պարտուսի ուղղութեամբ առաջանալով, յարձակեցան մեր պահակներուն վրայ, դաս մը տուին եւ ապահով կերպով քաշուեցան իրենց տեղեր:

…Օգոստոս ամիսը բաւական առաջացած էր արդէն, երբ հայկական զօրահրամանատարութիւնն ինքզինք գտաւ պատերազմական կացութեան առաջ: Տաճիկները լուռ եւ մունջ, մրջիւնի եռանդով եւ անվհատութեամբ զենք եւ ռազմամթերք փոխադրեցին, դասաւորեցին եւ, յարմարագոյն կէտերու վրայ կեդրոնացնելով, կ’սպասէին յարմար առիթի՝ նախահարձակ լինելու՝ Նարմանի եւ Թօրթումի գումարտակներուն վրէժը լուծելու:

…Սպայ, զինուոր, կամաւոր՝ բոլորն անխտիր, փոխանակ մէկ կողմէն զինաթափելու եւ, միւս կողմէն՝ սիրաշահելու հնազանդութեան նոր բերուած տարրը, մխրճուեցան թալանի, կողոպուտի եւ բռնաբարութեան տիղմին մէջ եւ ա՛լ անկարող եղան դուրս գալ անկէ, մինչեւ որ հայկական անկախութիւնն ալ իրենց հետ ցեխին յատակը տարան: Իսկ այս պայմաններուն մէջ պատմութիւնն արձանագրողը մեծապէս անզօր կ’զգայ մեղադրել հետախուզական բաժանմունքները:

***

Լեւոն Չորմիսեան, Համապատկեր արեւելահայերու ժամանակակից պատմութեան, Պեյրութ, 1979, էջ 312, 316

Պատերազմը սկսաւ պզտիկ եւ աննշան իրողութեամբ մը: Երկու երկիրներու սահմանին գտնուող Օլթիի ածխահանքերուն Հայերու կողմէ օգտագործումը պատրուակ ծառայեց Թուրքերուն, պահանջելու Հայաստանի կառավարութենէն ետ քաշել զօրքերը սահմանագծէն եւ դադարեցնել Օլթիի շրջանի իսլամ բնակչութեան դէմ տեղի ունեցած հալածանքները:

…Ղեկավարներու քաղաքական անգիտակցութիւնը երկիրը հասցուցած էր ահաւոր աղետի մը եզերքին: Գործնական մե՛կ միջոց միայն ըմբռնելի էր այդ վտանգալից օրերուն, փրկելու համար գէթ մասամբ կացութիւնը: Ղեկավարներուն հրաժարումը, եւ երկրին սովետացումը: Նման յանդուգն քայլ առնելու անընդունակ էին սակայն ղեկավարները եւ հերոսաբար կը հնչեցնէին պատերազմի փողը: Կը խաբէին թէ՛ ինքզինքնին, եւ թէ՛ ժողովուրդը: Անակնկալի եկած էին Թուրքերուն յարձակումներէն: Որեւէ նախապատրաստութիւն չէին տեսած պատերազմի: Նորագիր զինուորներուն մէկ մասն իսկ վերադարձուցած էին իրենց գիւղերը՝ աշնանային հունձքերը կատարելու համար: Որեւէ ձեւով հետեւած ալ չէին սահմանէն անդին Թուրքերուն կողմէ կատարուած զինուորական պատրաստութիւններուն: Հայ բանակը զինուած էր Անգլիացիներուն ծախած զէնքերով եւ հագուած անոնց զգեստներով, բայց հոգեբանօրէն ազգային բանակի գիտակցութեամբ պատրաստուած չէր: Հրամանատարական կազմը բաղկացած էր մեծ մասամբ նախկին ձարական բանակներուն պարտուած, փախուստի դիմող եւ անգործ մնացած զինուորականներէն: Նո՛ր միայն սկսած էր նոյնիսկ բանակէն ներս հայերէնի գործածութիւնը. մարզանքներու մէջ ռուսերէն կը գործածուէր:

Պատերազմական նախարարութեան ուղղակի հրամանին ներքեւ արեւմտահայ կամաւորներու քանի մը գունդեր միայն կային, որոնց մէջ վառ էր ազգային ոգին, եւ որոնք տրամադիր էին առաւելագոյն անձնազոհութեամբ կռուելու Թուրքերուն դէմ:

Լեւոն Չորմիսեան, Կուսակցութիւնները, Երևան, 1995, էջ 107-108

Քաղաքական հասկացողութեան նուազագոյն եւ տարրական գիտելիքներու ամբողջական բացակայութիւն մըն ալ կը տեսնուի հայեւթուրք պատերազմի ծագման դէպքերուն  ընթացքին Հայաստանի վարիչներուն վերաբերմունքին մէջ: Ինչպէ՞ս կարելի է  պատերազմի նման ահաւոր արկածախնդրութեան մը մէջ նետել երկիր մը, որ երկուքուկէս տարուան կեանք մը միայն ունեցած է, որ անօթութեան եւ համաճարակներու մէջ քաշկռտած է իր գոյութիւնը ուրիշին հացը ուտելով, որուն պետական վարչական մեքենան իր նոր կազմաւորութեան շրջանին մէջ կը գտնուի, որուն բանակը իր զէնքերը, հագուստները եւ սնունդը դուրսէն կը ստանայ, որուն զինուորական կրթութիւն  տեսնող սպաներուն թիւը քանի մը տանեակի հազիւ կը հասնի, որ արտաքին աշխարհի հետ որեւէ յարաբերութիւն պահելու միջոցներէ զրկուած է: Ինչպե՞ս կարելի է թեթեւութեամբ, պարզապէս մեծամոլութեան մը ախտէն վարակուած պատերազմիլ պետութեան մը հետ, որ կարելիութիւնը տեսած է իր պայմաններուն մէջ եւրոպական պետութիւններուն պարտադրած զինադադարի պայմանները ոտնակոխելու, կռիւ վարելու անոնցմէ մէկ քանիին հետ զանազան ճակատներու վրայ, որ տէրն է պատերազմական գործողութիւններու երկար փորձառութիւն եւ վարժութիւն ունեցող եւ քանի մը հարիւր հազարի հասնող բանակի մը, որ իր պարտութեան կրած անարգանքը եւ չարիքները սրբագրելու համար, յաջողած է ազգային հպարտութեան զօրաւոր հոսանք մը ստեղծել ժողովրդական խաւերուն մէջ: Հարց կու տանք կրկին, ինչպե՞ս կարելի է որ 1920-ի աշնան գոյութիւն ունեցող ընդհանուր պայմաններուն մէջ, Հայաստանի պետութիւնը կարենայ Թուրքիոյ հետ պատերազմի բռնուելու թեթեւութիւնը գործել: Դիւանագիտական անթափանց գաղտնիք մըն է մինչեւ այսօր, թէ ինչպէ՞ս առնուեցաւ պատերազմի որոշումը, իրապէս որո՞նք էին որոշման մասնակցող անձերը եւ ի՞նչ արտաքին թելադրութիւններու կամ ճնշումներու ենթարկուած էին, ի՞նչ տուեալներ ունէին ձեռքի տակ պատերազմ մը կարենալ յաջողութեամբ գլուխ հանելու համար:

Այս հարցումները իրենց էութեամբ կուսակցականութեան կապուած հարցեր չեն, այլ պետական քաղաքականութեան: Այն չափով միայն կուսակցական են, որքան կիրարկուած պետական քաղաքականութեան վրայ իր դրոշմը դրած է կուսակցութիւն մը: Պատերազմը վարելու եղանակը եւ ստացուած արդիւնքը միայն բաւական էին քաղաքականօրէն պատրաստուած եւ գիտակից ժողովուրդի մը համար սրբելու եւ մաքրելու հրապարակէն ո՛չ միայն ձեռնարկին պատասխանատու անձերը, այլ անոնց պատկանած  քաղաքական կազմակերպութիւնը: Ի՞նչ պատահեցաւ հայ իրականութեան մէջ սակայն: Պարտութեան անմիջական ճնշումին տակ Հայաստանի ժողովուրդը երես դարձուց իր իշխանաւորներուն եւ առանց որեւէ ընդդիմութեան, դիմաւորեց սովետական իշխանութիւնը, ինքնապահպանութեան խորունկ բնազդէ մը մղուած: Մեր աշխատանքին նիւթը չի կազմեր քննութիւնը այն հարցին, թէ այդ տարիներուն Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ ընկերային վիճակը ո՞ր չափով պատրաստուած էր իւրացնելու յեղափոխական իրաւակարգը: Թրքական վտանգը ինքնին բաւական զօրաւոր ազդակ մը կը ներկայացնէր նոր իրաւակարգի որդեգրման ի նպաստ:

Նախորդ հոդվածը‘Մարադոնան եթերում հայտնվել է ականջօղերով և շրթներկով’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ակնհայտն՝ անհավանական, առերեւույթն՝ իրական’