‘Հայդատական ավանտյուրաներ. 1921 թ. փետրվարյան դաշնակցական խռովությունը’

4086

Դաշնակցական-հայդատական այս ավանտյուրան, ըստ էության, առաջին եղբայրասպան քաղաքացիական պատերազմն է հայոց պատմության մեջ։ Դա ոչ միայն ինքնաբուխ ժողովրդական ապստամբություն չէր սովետական նորահաստատ իշխանության դեմ, այլև ցեղասպան Թուրքիայի հետ կնքված խայտառակ գործարքի արդյունք։ Այդ շրջանում էր հենց, որ Մոսկվայում ընթանում էին Ռուս-թուրքական պայմանագրի բանակցությունները։ Այս ավանտյուրայի պատճառով հայկական կողմը չկարողացավ մասնակցել բանակցություններին, ինչով լավագույն պայմաններ ստեղծվեցին Թուրքիայի համար՝ առավելագույնն ստանալու մարտի 16-ին կնքված պայմանագրով։

 

ԼԵՈ, Անցյալից, Երևան, 2009, էջ 421-423

Բայց մինչ Թիֆլիսում նոր ժամանակի վաղ-վլվլուկներն էին ծավալվում, Հայաստանում բոլորված էր ազգամիջյան եղբայրասպան պատերազմը: Համառ կռիվներ էին տեղի ունենում Երևանի հյուսիսային կողմերում. միևնույն ժողովրդի երկու հատվածները, իրար դեմ լցված անսահման կատաղությամբ, պատրաստվում էին իրար ոչնչացնել: Կարմիր բանակի մասերը Վրաստանից ուղղվեցին դեպի այդ ընտանեկան պատերազմի դաշտը: Ի՞նչ էր կատարվում Երևանի մեջ՝ հաստատապես ոչ ոք չգիտեր: Թիֆլիսի հայկական շրջանակներում այն կարծիքն էր տիրում, թե Վրացյանն ու իր ընկերները չգիտեն, որ Վրաստանն արդեն գլխովին խորհրդայնացել է, որ մենշևիկները փախել են արտասահման, ուստի և շարունակում են կռվել՝ հույսերը դրած մենշևիկների օգնության վրա: Այդ պատճառով որոշվեց մի պատվիրակություն ուղարկել Երևան՝  հաստատ տեղեկություններ հաղորդելու և համոզելու համար, թե դիմադրությունն այլևս ապարդյուն է: Բայց պատվիրակության փոխարեն կարելի համարվեց ուղարկել միայն Հովհաննես Թումանյանին, որ և անհապաղ ճանապարհ ընկավ: Վերադարձավ նա բավական ուշ, Վրացյանի արկածախնդրության վերջ դրվելուց հետո, և մի օր Հայարտան դահլիճում հանգամանորեն և փաստալից մի զեկուցում արավ նրա անդամների առջև:

Բանից դուրս եկավ, որ փետրվարյան ապստամբությունը Դաշնակցության ինքնասպանության վերջին գործողությունն էր եղել: Դեռ նոր սարսափելի կերպով ջարդ ու փշուր եղած Քյազիմ Կարաբեքիր-փաշայից՝ դաշնակցական անխելք տղաները ձեռնարկել էին պատերազմելու արդեն Կարաբեքիրից շատ [ավելի] հզոր Ռուսաստանի դեմ: Կապովի գժի մի գործ: Հովհաննես Թումանյանին Վրացյանն ընդունել էր իբրև թշնամու և տնային բանտարկության էր ենթարկել՝ ասելով, թե նա վհատություն է մտցնում Հայաստանի փրկության կոմիտեի զորքերի մեջ: «Հայաստանի փրկության կոմիտե» ՝ այսպես էր իրեն հորջորջում Վրացյանի այս նոր կառավարությունը: Ինչպե՞ս էր նա ուզում փրկել Հայաստանը: Հովհաննես Թումանյանը բերել էր իր հետ Փրկության կոմիտեի օրգան «Անկախ Հայաստանի» մի քանի համարներ և երկար ընթերցումներ արավ նրանից: Ընթերցումներ, որոնք ապշեցուցիչ տպավորություն թողին լսողների վրա: Վատ թղթամոլի նման ամեն ինչ, նույնիսկ պատիվ տանուլ տված դաշնակցականները փոխանակ Ալեքսանդրապոլի խայտառակ դաշնագրից հետո գետինը մտնելու և անհայտանալու՝ հույսները հիմա դրել էին Կարաբեքիրի վրա և ուզում էին նրա հետ միանալ ու նրա հետ միասին կռվել Ռուսաստանի դեմ: Ա՜յս եղանակով պիտի կատարվեր Հայաստանի ազատությունը: Դաշնակցությունը մեղայական էր կարդում Թուրքիայի առաջ, դատապարտում ու նզովում էր իր ամբողջ անցյալը, իր պապերին ու սրբերին, իր հազարավոր նահատակներին: «Մենք երեսուն տարի սխալված էինք՝ մեզ թշնամի համարելով օսմացիությունը,- գրում էր «Անկախ Հայաստանը»,- մինչդեռ մեր իսկական թշնամին ռուսն է եղել, որից ազատվելու համար մենք պիտի միանայինք թուրքերի հետ»:

Հիշողությանս մեջ չի մնացել այդ հոդվածների ամբողջ բովանդակությունը: Տալիս եմ հիմնական միտքը: Հիշում եմ՝ մենք չէինք հավատում մեր ականջներին, այնքան զզվելի էին այդ մեղայականների լպիրշ դարձվածքները, այնքան ստոր էր այդ քծնող գետնաքարշությունը: Երեսուն տարի ապրել իբրև հեղափոխական կուսակցություն և գալ հասնել այսքան նողկալի ցածության… Մարդու հավատը չէր գալիս, այնքան կոպիտ-շնական էր այս տեսարանը: Եվ ի՜նչ: Այս միայն լրագրական տեսություն չէր, այս մի թեորիա չմնաց, այլ, ինչպես իմացանք հետագա հաղորդագրություններից և տպված նամակներից, Վրացյանը այդպիսի մի ցնորամիտ առաջարկություն արել էր օսմանցիներին: Բայց Կարաբեքիրը Վրացյան չէր, նա լավ գիտեր իր երկրի շահերը: Դաշնակցական շեֆն էր, որ չէր կարողանում ըմբռնել, թե չկա այլևս մեկը, և չի կարող լինել մեկը, որ հավատ ընծայի իրեն և իր կուսակցությանը: Չէր ըմբռնում և այն մանավանդ, որ եթե  Թուրքիան ազատվել էր վերջնական խորտակումից, այդ միայն շնորհիվ Խորհրդային Ռուսաստանի օգնության էր, օգնություն, որին կարոտ էր Թուրքիան և՛ այն ժամանակ, և՛ հետո էլ, երկար ժամանակով: Էլ ի՞նչը պիտի հարկադրեր, որ Թուրքիան հակառակ գնար իր այդ բարերարին: Դաշնակցության սե՞րը: Ո՜հ, բայց այստեղ այլևս ինչպես պահես ծիծաղդ, դառն հեգնական ծիծաղդ…

Թեև պատերազմն արդեն ամսից ավելի էր տիրում, բայց պարզ էր, որ Վրացյանի և ընկերների դրությունը հուսահատական էր, ուստի և հուսահատական էին նրանց ընդունած միջոցները: Ինչպես հուսահատական էր օսմանցիներին դիմելը, հուսահատական էին և ժողովրդին մոլորեցնելու, խաբելու ճիգերը: Այն ժամանակ, երբ Վրաստանում այլևս մի հատ դիմադրող մենշևիկ չէր մնացել, Երևանում հեռագրեր էին թխվում, թե մենշևիկները հաղթություններ են տանում, թե նրանց հետ բոլշևիկների դեմ կռվում են Անտանտի նավերը՝ ռմբակոծելով Սև ծովի ափերը: Միաժամանակ դժբախտ ժողովրդին հուսահատական վճռականություն հաղորդելու համար հավատացնում էին, թե ռուս զինվորներն իրենց հետ ունեն և կացիններ և այդ կացիններով կոտորում են ժողովրդին, թե Թիֆլիսում այս կերպով ջարդել են 15 հազար մարդ, և ամբողջ Բեհբուդյան փողոցն այլևս գոյություն չունի: Հովհաննես Թումանյանը պատմում էր, թե այս կացնի սարսափն այնքան մեծ է եղել, որ Աշտարակի կողմից մի քանի հարյուր ընտանիքներ փախել գնացել են, որ Արաքսն անցնեն և թուրքերի մոտ ապահովություն գտնեն….

 

ԼԵՒՈՆ ՉՈՐՄԻՍՅԱՆ, Կուսակցութիւնները, Երևան,1995, էջ 108-110

Դէպքերու ընթացքին մէջ տրամաբանութեան համար քիչ-շատ ընդունելի շարայարութիւն մը փնտռող միտք մը նոր հանելուկի մը առջեւ կը գտնէ ինքզինքը բացատրելու համար 1921 Փետր. 18-ի ապստամբութիւնը:Դէպքի անցուդարձերուն շուրջ քառասուն տարիներէ ի վեր կատարուած նկարագրութիւններէն եւ մեկնութիւններէն ճշմարտանման եղածները միայն աչքի առաջ ունենալով, պարզ կ’երեւի որ պատմական որեւէ ճշմարտութեան չի համապատասխաներ կարգ մը դաշնակցական գործիչներու այն յատարարութիւնը թէ ապստամբութիւնը ժողովրդական տարերային պոռթկում մըն էր նորահաստատ իշխանութեան սկզբնական օրերու խստութիւններուն եւ բռնութիւններուն դէմ: Այդ յատարարութիւնը կատարող դաշնակցականները թէեւ կ’ուզեն սովետական իրավակարգին դէմ ժողովրդական ատելութեան մը իբրեւ գործնական ապացոյցը ներկայացնել ապստամբութիւնը, բայց իրականին մէջ, ծանր յանցանք մը եւ սխալ մը ընդունելով ըմբոստացման արարքը, չեն ցանկար անոր մեղքը կուսակցութեան ուսերուն բեռցնել: Պարզ է նոյնպէս որ ապստամբութիւնը բանտարկուած դաշնակցականներու կենաքը վտանգէ փրկելու դիտումով կատարուած ահաբեկչական ձեռնարկի մը բնոյթն ալ չունէր: Այդ մասին ալ յաճախ կը խօսին ու կը գրեն դաշնակցականները, բայց քանի մը դաշնակցականներու անուններէն զատ մինչեւ այսօր ճիշդ թիւ մը զոհերու՝ երբեք չեն յիշատակած: Ընդհանուր, տարտամ, անորոշ բայց զանգուածային սպաննութիւններ կատարուած ըլլալու տպաւորութիւնը կը ձգեն իրենց յատյարարութիւններով, բայց որեւէ վիճակագրութիւն, անուանացանկ չեն հրատարակած:

Իրաւակարգի հիմնական փոփոխութիւն մը, ինչպէս էր հաստատումը սովետական վարչաձեւին, չէր կրնար տեղի ունենալ առանց յեղափոխական ցնցումի եւ անոր անխուսափելի հետեւանքը եղող դէպքերուն: Այժմ, պարզուած է որ նուազագոյն չափի եւ սահմանի մէջ մնացած են Հայաստանի մէջ նման դէպքերը, բաղդատմամբ տարբեր ժողովուրդներու եւ երկիրներու մէջ տեղի ունեցածներուն:

Այս խորհրդածութիւններուն վրայ պէտք է աւելացնել նաեւ հետեւեալը: Փետր. 18-ի ապստամբութիւնը կը սկսէր ճիշդ այն պահուն երբ Վրաստանի մէջ իրաւակարգի փոփոխման, այսինքն սովետական իրաւակարգի հաստատման գործողութիւնը տեղի կ’ունենար: Կարելի չէ պատահականութեան վերագրել այս զուգադիպութիւնը: Կամ այն է որ դաշնակցականները հասարակ մարդու քաղաքական հասկացողութիւն իսկ չունէին, խորհելով որ Ազրբէյճանի եւ Վրաստանի սովետացումէն յետոյ կարելի է պահել Հայաստանը սովետացումէ եւ կամ, ինչ որ աւելի հասկանալի  է, կը խորհէին սովետական ուժերուն դէմ նոր ճակատ յարդարելով արգելք հանդիսանալ Վրաստանի սովետացման: Եթէ այս վերջին ենթադրութիւնն է ճիշդը, բանաւոր է հարց տալ թէ որո՞ւ թելադրութիւնով կամ նոյնիսկ հրահանգով կատարուեցաւ ապստամբութեան ձեռնարկը:

Օրին մէկը կը պարզուին անշուշտ պատմութեան համար ցարդ մութ մնացած այս բոլոր կէտերը, բայց երբ մարդ կը հարկադրուի նման հարցումներ ներկայացնելու, այդ հարկադրանքն իսկ իր մէջ կը բովանդակէ խոր տարակուսանք մը օրուան ղեկավարներուն ազգային շահերու պաշտպանութեան եւ հայրենասիրութեան գործնական ըմբռնումներուն մէջ ցոյց տուած հայրենասիրական ոգիին եւ պարկեշտութեան մասին: Արկածախնդրութիւնը վերջ գտաւ ամբողջապէս մէկուկէս ամիս յետոյ, այս անգամ իրական արիւնահեղութեամբ: Պարտուողները լքեցին հայրենիքը կնքելով իրենց մեկնումը բազմաթիւ յեղափոխական երիտասարդներու արիւնով եւ այդ կերպով փակելով վերադարձի բոլոր կարելիութիւնները:

Յեղափոխական արարք մը ըլլալէ շատ հեռու էր անշուշտ կատարուածը: Քինախնդրութեան, վրէժխնդրութեան, ատելութեան զգացումներէն թելադրուած վերջին հարուած մըն էր պարզապէս քաղաքական ազգակից հակառակորդներուն դէմ ուղղուած:

Նախորդ հոդվածը‘Քիմ Քարդաշյանը եւ Դաշնակցությունը’
Հաջորդ հոդվածը‘«Հիմնադիր խորհրդարանի» հինգ անդամներ կալանավորվեցին’