Հայի հետին խելքին համառ սպասումով

1608

Արցախի ՊԲ նախկին մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասված է. «1993-ի հունիսին էր կարծեմ, երբ ՀՀ առաջին նախագահը ժամանեց Ստեփանակերտ և Արցախի իշխանություններին «առաջարկեց» զորքերը դուրս բերել ընդամենը երկու ամիս առաջ մեր կողմից ազատագրված Քարվաճառից, քանի որ, ինչպես ինքն էր «հիմնավորում»՝ միջազգային ուժերն են այդպես պահանջում… Այդ հանդիպումից մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 23-ին, հակառակ «միջազգային ուժերի պահանջի»՝ Արցախի զինված ուժերի կողմից ձեռնարկված փայլուն ռազմագործողության արդյունքում վնասազերծվեց Աղդամի թշնամական ռազմակայանը՝ երբեմնի հայկական Ակնան, իսկ ապա՝ հաջորդաբար Ֆիզուլին, Ջաբրայիլը, Ղուբաթլուն, Զանգելանը և… և աշխարհն այս ամենը տեսավ ու լռեց… Լռեց, որովհետև լինում են պահեր, երբ աշխարհը լռելով է հարգում ուժեղներին»:

Այս կապակցությամբ նպատակահարմար ենք համարում ներկայացնել լրագրող Թաթուլ Հակոբյանի կողմից ամիսներ առաջ հրապարակված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև 1993 թ. կնքված խիստ գաղտնի պայմանագիրը, ինչպես նաև 1993 թվականին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԼՂՀ ղեկավարության հանդիպման տեսագրությունը:

«ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև» 1993 թ. «խիստ գաղտնի» պայմանագրի տեքստը. 14 հունիսի, 1993 թ.

Խիստ գաղտնի

Պայմանագիր ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, վստահելով միջազգային հանրության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երաշխիքներին՝

  1. Համաձայնում է ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը,
  2. Պարտավորվում է ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի իրեն վերաբերող բոլոր պահանջները և իր կողմից թույլ չտալ որևէ խախտում,
  3. Պարտավորվում է պատժել ԼՂ իշխանությունների կողմից ծրագրի կատարմանը ուղղված որոշումների ու հրամանների բոլոր խախտողներին:
  4. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.

– ստանձնել խաղաղարար ծրագրի կատարման և ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորի դեր,

– ԼՂՀ բնակչության ֆիզիկական գոյության կամ բռնի տեղահանության վտանգի դեպքում գործի դնել իր բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ անմիջական ռազմական միջամտությունը:

– հետագա բանակցություններում բացառել Լաչինը Ադրբեջանին զիջելու հնարավորությունը,

– հետագա բանակցություններում բացառել ԼՂՀ-ի զինված ուժերի ապառազմականացման և զինաթափման հնարավորությունը,

– հետագա բանակցություններում հետևողականորեն և վճռականությամբ պայքարել ԼՂՀ համար ընդունելի իրավական կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ:

ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար՝

Կարեն Բաբուրյան

ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ՝

Ռոբերտ Քոչարյան

ՀՀ նախագահ՝

Լևոն Տեր-Պետրոսյան

Գրված ուղղաթիռում, Ստեփանակերտի ճանապարհին՝ 1993 թ. հունիսի 14-ին, ժամը 15:05։

Հ.Գ. iLur-ի կողմից. Ինչպես ցույց տվեց պատմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանն իրականացրեց Հայաստանի կողմից պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները:

Նախորդ հոդվածըՌուս աշխարհի չեմպիոնին մերժել են գրանցել Ֆինլանդիայի հյուրանոցներից մեկում
Հաջորդ հոդվածըԶինվորի կյանքը փրկել չհաջողվեց