‘Հայկական ազգայնականությունը- 3’

3795

Հոդվածի նախորդ մասում կանգ առանք հայկական հայրենասիրության սահմանները գծող ա՛յն կետերի վրա, որոնք սովետական կայսրության տեսակետից անվտանգ կարող էին համարվել: Մի փոքր մանրամասնենք այդ կետերը: Առաջին կետը ձեւակերպել էինք հետեւյալ կերպ՝ «ա. Հայկականությունը՝ որպես հավերժ կռիվ թուրքերի դեմ, որի հիմքերը ոչ թե զուտ քաղաքական, այլեւ՝ մշակութաբանական եւ գրեթե գոյաբանական են»:

«Հին» եւ «մշակութաստեղծ» ազգը եւ քաղաքական ստրկությունը

Շեշտենք, որ խոսքը ոչ թե «սովորական» քաղաքական կամ թեկուզ կենցաղային հակաթուրքականության մասին է, այլ այնպիսինի՛, որը լիովին նույնացնում է հայկական հայրենասիրությունը թուրքերի դեմ թշնամանքի հետ, եւ որն այդ թշնամանքը մեկնաբանում է որպես անհաղթահարելիության աստիճան հիմնարար: Պարզ է նաեւ, որ այս մոտեցումը, մեր ցուցակում նշված կետերի մեծ մասի նման, ՍՍՀՄ-ում եւ ՍՍՀՄ-ի կողմից չի ստեղծվել, բայց այլ հարց է, որ դա ինչ-որ պահից ոչ պաշտոնապես եթե ոչ խրախուսվեց, ապա գոնե լռելյայն արտոնվեց, ինչը սովետական իրականության մեջ գրեթե համազոր է խրախուսման:

Հայերի բացասական վերաբերմունքը թուրքերին եւ Թուրքիային բնական է, եւ վիճարկման առարկա չէ: Ցանկացած ազգ հայերի տեղը նույն բացասական զգացմունքները կտածեր, եւ այս առումով մեր ժողովրդին «մեծական» լոլոներ կարդալու չէ կեղծ մարդասիրական թեմաներով: Բայց մի բան է զգացմունքի բնականությունը, եւ լրիվ այլ բան՝ այդ զգացմունքի քաղաքական շահագործումը: Տվյալ դեպքում խոսքը հենց վերջինի՝ շահագործման մասին է:

Ի՞նչ է նշանակում հայկական հակաթուրքականության մշակութաբանական եւ ընդհուպ մինչեւ գոյաբանական մեկնաբանում: Խնդիրն այն է, որ հայ-թուրքական հակադրությունն իրականության մեջ շատ կոնկրետ պատմական եւ քաղաքական երեւույթ է, ինչը նշանակում է, որ այն՝ ա. գոյացել է շատ կոնկրետ եւ սահմանափակ պատմական ժամանակահատվածում, բ. ունի շատ կոնկրետ պատճառներ, գ. հետեւաբար՝ ժամանակային ինչ-որ կետում եւ ինչ-ինչ պայմաններում թողնում է քաղաքական ազատ մանեւրի տեղ հայության համար՝ ըստ իր ռազմավարական եւ մարտավարական շահերի: Բայց եթե սկսում ենք մեկնաբանել այս կոնկրետ պատմական եւ քաղաքական հակադրությունը՝ որպես դարերի խորքից եկող եւ մշակութային տարբերություններով հիմնավորող, ապա պատկերը փոխվում է՝ ազատ քաղաքական մանեւրի դաշտը զրոյացվում է: Հետեւաբար՝ հայությունը հնարավորություն չունի ինքնուրույն քաղաքականություն վարելու եւ պետք է միշտ լծված լինի այս կամ այն մեծ ուժի քաղաքականության կառքին՝ արեւմտյան թե ռուսական՝ էական չէ, եւ մնա «մշակութային», «հին», բայց ո՛չ քաղաքական եւ արդիական ազգ:

Սելջուկյան առասպելաբանությունը

Ավելի կոնկրետ: Հայ-թուրքական հակադրությունը ոչ մի կապ չունի ո՛չ սելջուկյան արշավանքներին հասնող հնության, ո՛չ էլ նստակյաց ու քաղաքակիրթ՝ մի կողմից, եւ քոչվոր ու բարբարոս՝ մյուս կողմից՝ մշակութային հակադրության հետ: Պատմական վերլուծությունն այստեղ տեղին չէ, բայց շեշտենք, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը հասցնել սելջուկներին հիրավի զավեշտալի է, մանավանդ՝ անգրագետ: Սելջուկական արշավանքներն ընդամենը մի փոքր դրվագ են հայոց պատմության մեջ, որոնք որքան էլ դաժան են եղել, բայց դրանց միակ շոշափելի երկարատեւ արդյունքը հայոց պատմության համար եղել է այն, որ շնորհիվ սելջուկների կողմից բյուզանդացիներին հասցված հարվածների՝ հայերը Կիլիկիայում եւ Հայաստանի արեւելքում, ինչպես նաեւ՝ Վրաստանը, հնարավորություն ստացան վերստեղծելու իրենց անկախ պետությունները: Այսօրվա թուրքերի հետ սելջուկները կապ ունեն նույնքան, որքան թյուրքալեզու բուլղարներն այսօրվա սլավոնալեզու Բուլղարիայի հետ: Իսկ Մեծ տափաստանի քոչվորների արշավանքները մշտական են եղել մեր տարածաշրջանի համար առնվազն մ.թ.ա առաջին հազարամյակից՝ կիմերներ, սկյութներ, սարմատներ, ալաններ, եւ այլն եւ այլն: Ավելին՝ ըստ ժամանակակից գիտության, ամենայն հավանականությամբ՝ տափաստանային առաջին քոչվորները եղել են հնդեվրոպացի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ հայերի նախնիները: Եթե դա նույնիսկ սխալ է, ապա հաստատապես տափաստանային քոչվորներից են իրանալեզու ժողովուրդների նախնիները: Քոչվորների արշավանքները միշտ նույն կաղապարով են ընթացել՝ նրանք ներխուժել են Մերձավոր Արեւելք, մի քանի տարի ավերել եւ թալանել են, իսկ հետո շատ արագ ձուլվել են տեղական մշակույթներին: Ոչ մի իրական տեւական վնաս որեւէ քոչվորական ներխուժում չի բերել: Բազմաթիվ հայտնի տոհմեր սերում են տափաստանից: Օրինակ՝ Արշակունիներն, ըստ ավանդության, ծագում են սարմատական դահ ցեղից, եւ այլն: Այս ամենը՝ որպես օրինակ նրա, թե որքան անհեթեթ է հայ-թուրքական հարաբերությունների մեկնաբանումը մշակութաբանական մտացածին կաղապարներով: Ի դեպ, մշակութաբանական մեկնաբանությունը մոդայիկ է նաեւ ժամանակակից աշխարհում՝ փոխարինելով սթափ քաղաքական եւ պատմագիտական վերլուծությունը, ինչն է՛լ ավելի արդիական է դարձնում հայերիս վերաբերող քաղաքական խնդիրների մշակութաբանական «միստիցիզմի» ապակառուցումը:

Ուժային բախում եւ լուծում

Հայ-թուրքական առճակատումն իր ակունքներն ու բացատրությունն ունի ոչ թե հեռավոր անցյալում եւ «մշակույթում», այլ պատմության նոր շրջանի կոնկրետ քաղաքական իրավիճակի հետեւանք է: Առաջնային գործոնն այստեղ եվրոպական մեծ տերությունների օրակարգում 19-րդ դարում հայտված Արեւելյան հարցն է՝ «մեծերի» աշխարհաքաղաքական մրցակցությունը Օսմանյան կայսրության եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքի շուրջ: Այս պնդումը նորություն կամ գաղտնիք չէ, բայց պետք է գիտակցել, որ պատմական այդ շրջանից առաջ հայ-թուրքական հարաբերությունները, անկախ դրանց ինչպիսին լինելուց, ա՛յլ պատմություն են եւ այսօրվա հետ միայն անուղղակի կապ ունեն: Երկու՝ Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների սահմանին ապրող ժողովուրդներից շատերը՝ հայերը, հյուսիսային կովկասցիները, ասորիները, ենթարկվեցին տեղահանումների, ցեղասպանության եւ հայրենիքի կորստյան: Սա հայ-թուրքական հարաբերությունների լայն շրջարկն է: Ավելի կոնկրետ խնդիրների մեջ այստեղ խորանալու տեղը չէ, դրա համար ստիպված բաց ենք թողնում նույնիսկ հայկական ազատագրական պայքարի գործոնը:

Իրականությունն այն է, որ հայերի եւ թուրքերի միջեւ տեղի ունեցավ ուժային բախում, որի արդյունքում հայերը, որպես ավելի թույլ կողմ, ավելի մեծ կորուստներ կրեցին: Բայց, ի դեպ, որքան էլ տարօրինակ է, ասել, որ հայերը լիովին պարտվեցին այդ պայքարում՝ այնքան էլ ճշգրիտ չէ: Եթե կորցրել ենք Արեւմտյան Հայաստանը, ապա ձեռք ենք բերել թեկուզ ավելի փոքր՝ Արեւելյանը, որը միատարր հայկական տարածք դարձավ միայն 20-րդ դարում եւ միայն հայկական պայքարի շնորհիվ: Ստացանք եւ կորցրիքն համապատասխան մեր ուժի՝ քաղաքական, ռազմական, մտավոր եւ այլն: Համենայն դեպս, սելջուկներն այստեղ կապ չունեն (ի դեպ, համարձակվեմ պնդել, որ եթե սելջուկները գոնե մի 20-30 տարի շուտ սկսեին իրենց արշավանքները, մենք գուցե այսօր շատ ավելի մեծ Հայաստան ունենայինք, որովհետեւ բյուզանդացիները չէին հասցնի արմատախիլ անել հայկական ռազմական կազմակերպությունը բուն Հայասստանում, իսկ սելջուկները ո՛չ այդպիսի նպատակ ունեին, ոչ էլ հնարավորություն, իսկ դա նշանակում է, որ հայկական պետությունը բուն Հայաստանում ավելի երկար եւ ավելի հաջողակ կարող էր գոյատեւել): 

Քաղաքական ազատությունը եւ ազգայնականությունը

Պատմաքաղաքական իրողությունների կարճ վերլուծությունն, ուրեմն, ցույց է տալիս, որ հայ-թուրքական խնդրում ոչ մի մշակութաբանական եւ գոյաբանական «միստիկա» չկա: Իսկ դա նշանակում է, որ հայերս ազատ ենք ցանկացած մանեւրի համար այդ հարաբերություններում: Խոսքը «թուրքերն էլ են մարդ» (բա որ կատու լինեին, հո հայերի դեմ կռիվ չէին անելու՝ մարդը մարդու հետ է կռվում) տիպի տափակությունների շրջանակում «հավերժ խաղաղության» կամ էլ «ներման» (ներում են իրար մարդ ու կնիկ, այլ ոչ թե ազգերը) մասին չէ՝ բնականաբար, այլ հենց մանեւրի մասին: Հայկական ազգայնականությունը եւ հակաթուրքականությունը նույնը չեն: Ազգայնականության նպատակը կարող է լինել միայն քաղաքական անկախությունը (իհարկե՝ ոչ թե ամեն, այլ համարժեք գնով): Որպես անկախ կամ անկախության ձգտող ազգ՝ հայերը կարող են այսօր կռվել թուրքի դեմ, վաղը հաշտվել, իսկ մյուս օրը նորից կռվել: Կարող են դաշինք կնքել թուրքերի դեմ ռուսների կամ պրուսների հետ, իսկ վաղը դաշինք կնքել թուրքերի հետ՝ ռուսների կամ պրուսների դեմ: Կարող ենք երբեք չմոռանալ եւ չներել թուրքերին, բայց ամենեւին էլ պարտավոր չենք դրա մասին անկեղծորեն պատմել համայն աշխարհին, կարող ենք 1000 տարի էլ սպասել հայկական հողերը ազատագրելուն, իսկ կարող ենք հնարավորության դեպքում ոչ հայկական էլ գրավել: Սա՛ է պատմության եւ քաղաքականության մշտական եւ անփոփոխ ընթացքը, որի դեմը երբեք չի առել ո՛չ առաջադիմությունը, ո՛չ հետադիությունը, ո՛չ մի կրոնական, բարոյական ուսմունք կամ քաղաքական իդեոլոգիա: Սա՛ է իրական ազգայնականությունն ու իրական անկախությունը:

Հ.Գ. Այս հոդվածում արծարծված մտքերը մեծամասմաբ տեսական են եւ նպատակ չունեն այսօրվա կոնկրետ իրավիճակը վերլուծելու: Հետեւաբար՝ դրանք նաեւ կապ չունեն մի քանի տարի առաջ նախաձեռնած եւ «փայլուն» կերպով ձախողված հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետ: Հնարավոր չէ ընդհանրապես կողմ կամ դեմ լինել որեւէ քաղաքական գործընթացի՝ ամեն բան կախված է կոնկրետ պայմաններից: Մեր նպատակն էր տվյալ դեպքում ընդամենը կազմաքանդել սովետական շրջանից ժառանգած ազգայնականության կաղապարը՝ հանուն հայկական հայրենասիրության կեսունակության, որին այսօր վտանգ է սպառնում տարբեր կողմերից, եւ որն այսօր էլ շատերի աչքի փուշն է:

Շարունակելի

Հրանտ Տեր-Աբրահամյան

 

 

 

Նախորդ հոդվածը‘Փակ ճանապարհներ կան’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» պիեսը’