‘Հայկական ամանորյա կոկորդիլոսը` ֆրանսիական մամուլի ուշադրության կենտրոնում’

548

Հայկական սուպերմարկետների ցանցերից մեկի ամանորյա առաջարկը`ապխտած կոկորդիլոսը,  ֆրանսիական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել:

«Le Monde» խմբի մեջ մտնող «Courrier International»-ը մի ամբողջ հոդված է նվիրել այդ տարօրինակ դելիկատեսին`«Ապխտած կոկորդիլոս իսկական ամանորյա սեղանի համար»: («Du crocodile fume pour un nouvel an digne de ce nom»): Անդրադարձ է կատարվել ինչպես ապխտած կոկորդիլոսի գնին (380 հազար դրամ կամ շուրջ 730 եվրո, այնպես էլ Հայաստանում միջին աշխատավարձին (ամսական 300 եվրո):

«Courrier International»-ը նաև մեջբերում է արել խոհարար Սեդրակ Մամուլյանի հարցազրույցից, որում նա նշել է, որ Նոր տարին վաղուց վերածվել է ուտելիքի տոնի: «Այսօր կոկորդիլոս, վաղը վիշապ կդնեն սեղանին: Դա որևէ կապ չունի մեր ավանդույթների հետ: Առավել ևս, որ հայերը երբեք գիշատիչներ չեն օգտագործել սննդում»,- ընդգծել է նա:

«Courrier International»-ի ֆեյսբուքյան էջում տեղ գտած հոդվածը ևս մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում: Վերջիններիս զվարճացրել է այն, որ մարդն ու կոկորդիլոսը փոխվել են տեղերով «Կեցցե’ք: Ինչու՞ են միշտ կոկորդիլոսներն ուտում մարդկանց, այլ ոչ թե հակառակը»: Ընդհանուր առմամբ հայկական ամանորյա դելիկատեսի մասին հղումով կիսվել է ավելի քան 330 օգտատեր:

Նախորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2013 թվականի հունվար-նոյեմբերին կրճատվել է 4.3 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը’