‘«Հայկական Ժամանակ». Համատարած չարաշահումներ’

353

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացրել դեղորայքի շուկայում և արձանագրել, որ տարեկան պետբյուջեին միջինը հասցվում Է 1.5 միլիարդ դրամի վնաս։ Այս մասին հանձնաժողովը տեղեկացրել է երեկ կայացած հերթական նիստում։ Դրա հիմնական պատճառը բուժհաստատությունների կողմից դեղերի ձեռքբերման ընթացակարգին չհետևելն է։ Այսօր ՏՄՊՊ հանձնաժողովը հրապարակել Է ոլորտի ուսումնասիրության երկրորդ փուլի արդյունքները, որի դիտակետում են եղել մարզերում և մայրաքաղաքում գտնվող 134 հիվանդանոցներ և դեղերի ներկրմամբ, արտադրությամբ և վաճառքով զբաղվող ավելի քան 300 ընկերություններ։ «Արդյունքում պարզվել Է, որ 134 բուժհաստատությաններից շուրջ 100-ում անհրաժեշտ դեղորայքը ձեռք է բերվել առանց մրցույթի անցկացման։ Պարզվում է, որ դրանց ղեկավարներն իրենք են որոշում, թե ումից ձեռք բերել անհրաժեշտ դեղորայքները։ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ մրցույթներ չհայտարարելու հետևանքով հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից նույնիսկ երեքից վեց անգամ բարձր գներով։ Օրինակ՝ սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված «Ամլոդիպին» դեղամիջոցի գինը 850 դրամ է, մինչդեռ հիվանդանոցը դա ձեռք է բերել 4800 դրամով։ Խախտումներ կատարած բոլոր հաստատությունների անուններն ուղարկվելու են ՀՀ գլխավոր դատախազություն։

Նախորդ հոդվածը‘«Հայկական Ժամանակ». Թևանն է գալիս’
Հաջորդ հոդվածը‘«Հրապարակ». Քյալյանը արգելել է Դումանյանի անունը հնչեցնել Հ2-ի եթերից’