‘«Հայկական ժամանակ». Հայաստանում սկսել է աշխատել կաշառք տալու և վերցնելու նոր մեխանիզմ` կազինոների միջոցով’

1203

«ՀԺ»-ի տեղեկություններով, Հայաստանում ձևավորվել և ամբողջ թափով սկսել է աշխատել կաշառք տալու և վերցնելու նոր` նախկիններից շատ ավելի հուսալի և անվտանգ մեխանիզմ: Ըստ այդմ` կաշառքը տրվում է կազինոների միջոցով: Մեխանիզմը հետևյալն է` պաշտոնյան քաղաքացուց կաշառք է պահանջել 10 հազար դոլար: Ինչպես փոխանցել այդ գումարը: Պաշտոնյան քաղաքացուն ուղարկում է X կազինո, որտեղ նա պետք է տանուլ տա ուղիղ 10 հազար դոլար: Կազինոյում դրա մասին արդեն գիտեն: Քաղաքացին գալիս է և հավեսով կրվում ամբողջ գումարը: Որոշ ժամանակ անց նույն կազինո է այցելում պաշտոնյան կամ նրա վստահելի մարդկանցից մեկը և սկսում խաղալ: Շատ արագ ու անաղմուկ նա շահում է, ասենք, 9 հազար դոլար ու հեռանում: Պակասող հազար դոլարը մնում է կազինոյին` ծառայություններ մատուցելու համար: Այստեղ, իհարկե, առաջանում են հարկային պարտավորություններ, քանի որ կազինոյում շահած գումարից եկամտահարկ է գանձվում, բայց հանուն անվտանգության մեր կաշառակերները հաճույքով համաձայնում են դրան: Ըստ թերթի հավաստի աղբյուրների, կաշառքի այս ձևը լայն տարածում է գտել մանավանդ հիմա, երբ Հայաստանում ընթանում է «կոռուպցիայի դեմ պայքար» շոուն:

Մինչև հիմա մեզ մոտ արդեն գործում էին կաշառք վերցնելու մի քանի մեխանիզմներ, որոնք անփորձանք էին համարվում: Դրանցից մեկը «պարտք վերցնելն էր»: Այսինքն, կաշառք վերցնողը կաշառատուի հետ կնքում է պարտք վերցնելու մասին պայմանագիր: Եթե կաշառք վերցնելու պահին բռնվի, ապա ցույց կտա պայմանագիրը, և իրավական տեսակետից նա պաշտպանված է 100 տոկոսով: Հենց այս մեխանիզմն է գործել բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի մսի մատակարարման պատմության մեջ, որի մասին Սերժ Սարգսյանը խոսում էր ՊՆ-ում` սեպտեմբերի 26-ին անցկացրած հայտնի խորհրդակցության ժամանակ: Այդտեղ, ըստ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալը 200 հազար դոլարի «պարտք էր» վերցրել տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարողից: «Ինչ ա նշանակում` մատակարարից պարտք են վերցնում մեծ գումարներ»,- բարկացել էր Սերժ Սարգսյանը: ԳՇ պետի տեղակալը, իհարկե, չի պատժվել, գոնե առայժմ, բայց պաշտոնյաները արձանագրել են, որ կաշառք վերցնելու այդ մեխանիզմը Հայաստանում այլևս այնքան էլ հուսալի չէ:

Նախորդ հոդվածը‘Չեխիայում անհայտ ծագման ալկոհոլը 28 մարդու մահվան պատճառ է դարձել’
Հաջորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. փետրվարի 18-ին’