‘«Հայկական Ժամանակ». Սփյուռքի նախարարության իմաստը սկսում է ուրվագծվել’

1042

Եթե մինչև, հիմա այնքան էլ հասկանալի չէր Հայաստանում սփյուռքի նախարարության իմաստը, ապա հիմա այդ իմաստը սկսում է ուրվագծվել: Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում` այդ նույն նախարարության նախաձեռնությամբ, մեկ տասնյակ սիրիահայ գործարարների փորձել են համոզել` Հայաստանում զբաղվել դեղագործությամբ: Համոզողները շատ են եղել: Այդ իրադարձության մասին տարածված հաղորդագրության մեջ նշվում են Զարգացման հայկական գործակալության, Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման կենտրոնի, Դեղ արտադրողների և ներմուծողների միության, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի անունները: Եվ ի՞նչ են ասել սիրիահայերին: Ասել են, որ եթե Հայաստանում բարեխղճորեն հարկեր վճարեն, ենթարկվեն հայաստանյան օրենքներին, ապա կարող են արդյունավետ բիզնես ունենալ: Նաև, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հորդորել են «չհավատալ Հայաստանում բիզնեսի վերաբերյալ սփյուռքում տարածված մտացածին պատմություններին»: Պաշտոնական հաղորդագրություններից կարելի է շատ հաճելի նորություններ իմանալ Հայաստանի տնտեսության մասին:

Ստացվում է, որ մեր բոլոր օլիգարխների բիզնեսներն արդյունավետ են և ծաղկում են միայն այն բանի շնորհիվ, որ նրանք բարեխղճորեն վճարում են հարկերը և ենթարկվում հայաստանյան օրենքներին: Բացի նրանից, որ սա բացարձակ ճշմարտություն է, սա նաև ցնցող նորություն է, որը մինչ օրս հույժ գաղտնի էր պահվում հանրությունից: Հանդիպման վերջում սիրիահայ գործարարներին տեղեկացրել են, որ «հայկական դեղաշուկան բավական դեմոկրատական է», բայց միևնույն ժամանակ ասել են, որ «գործող ընկերություններն աշխատում են չկրկնել մեկը մյուսի արտադրանքը»: Սա է դեմոկրատական շուկայի հայկական պատկերացումը, որտեղ չկա մրցակցություն` չեն կրկնում մեկը մյուսի արտադրանքը:

«Մեր կողմից սիրիահայ գործարարներին խորհուրդ կտայինք չսահմանափակվել միայն դեղագործական բիզնեսով: Հայաստանում կան «արդյունավետ» բիզնեսի բազմաթիվ օրինակներ: Ասենք, ինչու սիրիահայերը չսկսեն Հայաստան ներկրել բենզին, ցորեն, շաքարավազ, կարագ… Չէ՞ որ հայաստանյան այդ շուկաներն էլ են նույնքան դեմոկրատական, որքան դեղաշուկան: Նշված բիզնեսներով զբաղվելու դեպքում սիրիահայերը շատ արագ` ընդամենը մի քանի օրվա մեջ կհամոզվեն հայկական բիզնեսի դեմոկրատականության մեջ: Եվ այդ գործում ամենամեծ դերակատարությունը դրված է սփյուռքի նախարարության ուսերին:

Նախորդ հոդվածը‘Կառավարության վաղվա նիստում` Արկադի Ղուկասյանի եղբորը երկու օբյեկտ վաճառելու մասին որոշում կկայացնի ‘
Հաջորդ հոդվածը‘Հեֆերնը հանդիպումներ կունենա ամերիկահայերի հետ ‘