‘Հայկական խայտառակություն. Անդորրայի չեմպիոնի դարպասապահի գոլը «Բանանցին» դուրս է թողնում մրցաշարից’

1413

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Բանանցը» երեկ ընդունել էր Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային»: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բանանցի» ֆուտբոլիստները պարտվել էին 1-0 հաշվով:

Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին «Բանանցի» ֆուտբոլիստները, ովքեր առաջին տասը րոպեների ընթացքում մեկ-երկու վտանգավոր պահ ունեցան: Սակայն աստիճանաբար առավելությունն անցավ մրցակցի կողմը, և 20-րդ րոպեին  Իդելֆոնս Լիման բացեց հաշիվը:

30-րդ րոպեին  «Բանանցի» ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք ստացան, և Ռումյան Հովսեփյանը գեղեցիկ հարվածով խփեց պատասխան գնդակը:

Ընդմիջումից հետո Հոռնյակը Ազատյանի փոխարեն դաշտ դուրս բերեց Գարեգին Մաշումյանին, և երկրորդ կեսի հենց առաջին գրոհի ժամանակ Մաշումյանը իր թիմակցի եզրային հիանալի անցումից հետո առաջ մղեց «Բանանցին»:

55-րդ րոպեին մեր թիմի ֆուտբոլիստները տասնմեկ մետրանոցի իրավունք վաստակեցին, և Ռումյան Հովսեփյանը այն դիպուկ իրացնելով՝ հաշիվը դարձրեց 3-1:

68-րդ րոպեին Գևորգ Նռանյանը երկրորդ դեղինը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:

Հեռացումից հետո հյուրերը տիրեցին նախաձեռնությանը, սակայն երկար ժամանկ չէին կարողանում մոտենալ Թորոյանի դարպասին: Ամենաիրական գոլային պահը մրցակիցն ունեցավ 85-րդ րոպեին: Մոտ քսան մետր հեռավորության վրա նրանք տուգանային հարվածի իրավունք ստացան, և Պուժոլի հարվածն իր վրա ընդունեց հորիզոնական դարպասաձողը:

Վերջնամասում «Սանտա Կոլոմայի» ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը, մի քանի ստանդարտների իրավունք ստացան: Դրանցից վերջինի ժամանակ` մրցավարի ավելացրած չորրորդ րոպեին, գրոհին միացած անդորրացի դարպասապահ Կասալսը գրավեց Թորոյանի դարպասը` 3-2:

Այսպիսով, «Բանանցը» հաղթեց, սակայն մրցակցի դաշտում ավելի ավելի շատ խփած գոլերի շնորհիվ հաջորդ փուլ անցավ «Սանտա Կոլոման»:

Armfootball.am

Նախորդ հոդվածը‘Ախուրյանում գայլերը հոշոտել են 36 գլուխ ոչխար’
Հաջորդ հոդվածը‘Նախաքննական մարմնի, Աշոտ Սուքիասյանի և նրա փաստաբանի ուզածը նույնն է’