Հայկական կողմի չորս հիմնական սխալները. ՉԻ

950

Մի առիթով Վանո Սիրադեղյանը գրել է. «Սխալներից դասեր չեն քաղում հիմարները»։ Ահավասիկ, մեր «Ռետրո» բաժնում ներկայացնում ենք վերոնշյալ մտքի հավաստումը, որ տպագրվել է 6 տարի առաջ։

Քսան տարվա փոսը

Այս օրերին ով չի ալարում` խոսում է այն մասին, թե ինչ դասեր պիտի քաղենք ապրիլյան պատերազմից, բայց մեր «քաղելիք դասերը», որպես կանոն, վերաբերում են առաջնագծին։

Ասենք` 94-ին պետք էր գրավել Եվլախը, կամ` եթե հետախուզությունը լավ աշխատեր, ավելի ժամանակակից սպառազինություն ունենայինք և այլն, այդքան զոհ չէինք տա, ու թշնամին էլ առաջ չէր գա (թեկուզ մի քանի հարյուր մետր)։ Ընդ որում` այդ դասերն, իհարկե, իրենց դրական ազդեցությունը կունենան, և կադրային փոփոխություններից ու ինչ-որ կազմակերպչական սխեմաների վերանայումից հետո բազմաթիվ թերություններ կշտկվեն։ Բայց հիմնական հարցը կմնա` ի՞նչ սխալներ է արել հայկական կողմը վերջին 20 տարիներին, որ ի վերջո եկել-հասել ենք այս օրվան և կանգնած ենք նոր պատերազմի շեմին։

Սխալ N1։ 1994թ. հրադադարի հաստատումից հետո մեզ թվացել է, թե պատերազմն ավարտված է, ու մենք վերջնականապես հաղթել ենք։ Իրականում ցանկացած պատերազմում կողմերից մեկնումեկը հաղթում է միայն այն դեպքում, եթե մյուս կողմն ընդունում է իր պարտությունը, և դա արձանագրվում է խաղաղության համաձայնագրով։ Իսկ Ադրբեջանը երբեք չի ընդունել իր պարտությունը, ավելին` միշտ հայտարարել է, որ վաղ թե ուշ ռազմական գործողություններով ետ է վերցնելու կորցրած տարածքները։

Սխալ N2։ Մեզ թվացել է, թե իդեալական տարբերակը ստատուս-քվոն պահպանելն է, և մեզ դա հաջողվելու է, որովհետև ժամանակը մեր օգտին է աշխատում։ Այդ հիմա է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե «պարզվում է` այս ընթացքում Ադրբեջանը բանակցային գործընթացն օգտագործում էր որպես շղարշ, իսկ իրականում պատրաստվում էր լայնամասշտաբ պատերազմի»։ Իյա, իրո՞ք, նո՞ր գլխի ընկաք։ Այսինքն` ստացվում է, որ մենք սխալվել ենք, ժամանակը մեր օգտին չէր աշխատում։

Սխալ N3։ Տարիներ շարունակ մեզ թվում էր, թե «արտաքին աշխարհը» թույլ չի տա, որ Ադրբեջանը նոր հարձակում սկսի, ԼՂՀ միջազգային ճանաչումն էլ ժամանակի հարց է` կամաց-կամաց կհամակերպվեն հայկական երկրորդ պետության գոյության հետ։ Պարզվեց` սխալվում էինք. արտաքին աշխարհը ինչ-որ կերպ միջամտում է միայն պատերազմի չորրորդ օրը (ընդ որում` եթե բանակի պրոֆեսիոնալիզմը չլիներ, այդ չորս օրը բավական կլիներ Ղարաբաղը գրավելու համար) և նույնիսկ հասցեական հայտարարություններ չի անում, իսկ ԼՂՀ-ն առ այսօր որևէ երկիր չի ճանաչել, ու անգամ այդ երկրի դրոշի ցուցադրումն է արգելվում (օրինակ` Եվրատեսիլում)։

Սխալ N4։ Տարիներ շարունակ մեզ թվացել է, թե հնարավոր է արտաքին անվտանգության հարցերում ապավինել բացառապես Ռուսաստանին ու միաժամանակ ինտեսիվ բանակցություններ վարել «Եվրոասոցացվելու» ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ դա ներկայացնում էին որպես մի չտեսնված-չլսված շուստրիության արտահայտություն, իսկ վերջում պարզվեց, որ ահավոր մոլորության մեջ էին։ Արդյունքում` «մի գիշերվա մեջ» Հայաստանի Եվրոասոցացումը պրծավ, բայց արդեն ուշ էր` Ադրբեջանն արդեն օգտվել էր մեր սխալից ու մի քանի միլիարդ դոլարի սպառազինություն ձեռք բերելու պայմանագիր ստորագրել Ռուսաստանի հետ։ Ու հիմա վիճակն այսպիսին է` Հայաստանը ոչ Եվրոասոցացվեց, ոչ ռուսական զենք ստացավ, բայց` ստիպված եղավ մտնել ԵՏՄ։ Իսկ Ադրբեջանը զենք ստացավ` ստիպված չլինելով անդամակցել ԵՏՄ-ին։

Կարող է հարց առաջանալ` ինչո՞ւ ենք «քչփորում անցյալն» ու թվարկում սխալները, չէ՞ որ եղածը եղած է։ Ճիշտ է, բայց հենց այս օրերին տեղի է ունենում հինգերորդ սխալը. հասարակության մեջ իշխում են այն տրամադրությունները, թե պետք է «թքած ունենալ» արտաքին աշխարհի վրա, ճանաչել ԼՂՀ անկախությունը և մտնել լայնամասշտաբ պատերազմի մեջ` «յա էս յան, յա էն յան» սկզբունքով։

Իսկ ինչո՞ւ է դա սխալ։ Որովհետև առողջ բանականությունը հուշում է, որ եթե պատերազմն անխուսափելի է` պետք է ձգտել պատերազմի մեջ մտնել ամենանպաստավոր պահին, իսկ հիմա Հայաստանի համար ամենաաննպաստ պահն է (վերջին 25 տարիների ընթացքում երբևէ այսքան աննպաստ չի եղել)։ Ինչո՞ւ։ Նախ` որովհետև ադրբեջանական բանակն արդեն լավ սպառազինված է, իսկ մեր սպառազինությունը դեռ տեղ չի հասել (ու հայտնի էլ չէ` կհասնի՞, թե ոչ), երկրորդ` հիմա հայ-ռուսական հարաբերությունները շատ լարված են, իսկ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ակնհայտ «մեղրամիս» է։ Մինչդեռ պատերազմում հաղթելու համար միայն զենք-զինամթերքը քիչ է, նույնքան կարևոր է հզոր ու հուսալի դաշնակիցներ ունենալը (ինչը, ցավոք, այս պահին չունենք)։

Այնպես որ` եթե պատրաստվում ենք պատերազմի, պիտի լրջորեն պատրաստվենք։ Այսինքն` ավելի լրջորեն մոտենանք և՛ սպառազինության, և՛ արտաքին աջակցության, և՛ ներքին մոբիլիզացիոն ռեսուրսների հետ կապված հարցերին։ Քսան տարվա սխալները հերիք են։

Մարկ Նշանյան 

«Չորրորդ իշխանություն», 17 մայիսի 2016թ. 

Նախորդ հոդվածըՈւկրաինացի լրագրողներին Պուլիտցերյան մրցանակ են շնորհել
Հաջորդ հոդվածըՖիլիպինների ընտրություններում հաղթում է գողապետ-բռնապետի որդին