‘Հայկական պատվիրակությունը արդյունքի չի հասնում. Մամուլ’

1688

Երեկ ՀՀ-ն միանգամից երկու ուղղություններով բացատրական աշխատանքներ էր իրականացնում Բրյուսելում: Մի կողմից ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն էր, մյուս կողմից՝ ԵԺԿ քաղաքական ասամբլեայի աշխատանքներին մասնակից ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

 Թե ինչով էր զբաղված Նալբանդյանը, նրա դիվանագիտական աշխատանքներն ինչ արդյունք ունեցան, երեկ՝ մինչ ուշ գիշեր, այդպես էլ հնարավոր չեղավ պարզել:

Պաշտոնական աղբյուրները լռում էին: «Ժողովուրդ» օրաթերթին իր դիվանագիտական աղբյուրներից հայտնի դարձան, որ Երևանի ժամանակով 22:00-ի սահմաններում Նալբանդյանը հանդիպել էր ԵՄ ընդլայնման քաղաքականության և հարևանության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ, սակայն ընդհանուր հայտարարի այդպես էլ չէին եկել: Ավելին, Ֆյուլեն ակնարկել էր, որ հնարավոր է՝ ՀՀ-ն ընդհանրապես դուրս մնա «եվրոպական գործընթացներից»: Իսկ ԵԺԿ-ում էլ 1,5 ժամ տևած 300-հոգանոց քննարկման ժամանակ թեև Աշոտյանն առաջարկել էր Ասոցացման համաձայնագիրը վերամշակել և նախաստորագրել առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի, այնուամենայնիվ, չէր հաջողվել: ԵԺԿ քաղաքական համաժողովը ընդունել է բանաձև՝ դատապարտելով Արևելյան գործընկերության անդամ երկրների հանդեպ Ռուսաստանի շանտաժն ու ճնշումները և հայտարարելով, որ գործում է «կա՛մ… կա՛մ» սկզբունքը: «Այսինքն՝ Մաքսային միությանն անդամակցությունն անհամատեղելի է Ասոցացման ու ԽՀԱԱՀ ստորագրման հետ»,-«Ժողովուրդ»-ին հայտնել է «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նախորդ հոդվածը‘Կճոյանը վռնդե՞լ է «Արարատին». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետը երեկ հերթական անգամ ստել է. Մամուլ’