‘Հայկ Ալումյան. Անկախ հովանավորից՝ «Լիսկայի գործով» մեղավորները պատժվելու են’

2997

iLur.am-ի զրուցակիցն է «Լիսկայի գործով» Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի և Արտակ Բուդաղյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը:

Պարո՛ն Ալումյան, մամուլում լույս են տեսել են մի շարք հրապարակումներ այն մասին, թե ինչպես է տեղի ունեցել Ավետիք Բուդաղյանի սպանությունը: Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Բուդաղյանը զինված այցելել է Սուրիկ Խաչատրյանի տուն եւ հայհոյանքներ հնչեցնելով՝ կրակոցներ արձակել, կամ հակառակը՝  կրակել են Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ:  Ո՞րն է դեպքի իրական նկարագիրը:

Իհարկե, դեպքը չի սկսվել այնտեղ, որտեղ ավարտվել է.  այն սկսվել է դեռ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի մեջ, երբ նա ընթրիքից հետո, տուն տանելու պատրվակով, Ավետիք Բուդաղյանին հրավիրել է իր ավտոմեքենա եւ ներկայացրել որոշակի պահանջներ: Իսկ մերժում ստանալուց հետո՝ հարվածներ հասցրելով հայհոյել: Հետագայում դեպքը զարգացել է այնպես, ինչպես հնարավոր է տեսնել տեսանյութում

Պետք է շեշտեմ, որ սկզբում տեսանյութը կեղծվել է, բայց ոչ քննիչի մոտ: Այնտեղից անհայտ ճանապարհներով այն դուրս է եկել, կեղծվել , մոնտաժվել եւ տեղադրվել ինտերնետում: Անմիջապես, դրան զուգահեռ` Սյունիքի մարզպետարանը թվել  է դեպքի իր սեփական նկարագիրը, որը տվյալ կեղծված տեսանյութի հետ համընկել է,  եւ հենց այդ ժամանակվանից հասարակությանը սկսել են ներարկել այն գաղափարը, թե իբր Ավետիք եւ Արտակ Բուդաղյաննները հարձակվել են Սուրիկ Խաչատրյանի տան վրա, թե իբր Սուրիկ Խաչատրյանի կողմը ստիպված է եղել պաշտպանվել, եւ այս ամեն ինչը տեղի է ունեցել պաշտպանվելու ընթացում:

Իսկ հետագայում ո՞րն է եղել մարզպետի առանձնատուն այցելելու պատճառը:

Այդ օրը Արտակ Բուդաղյանը պատրաստվում էր ուղեւորվել Ղարաբաղ (ինչը հաստատված է), սակայն երբ նշված դեպքերից հետո Ավետիքը բարկացած տուն է ժամանում, Արտակը, տեղեկանալով կատարվածի մասին, ցանկություն է հայտնում Սուրիկ Խաչատրյանի տուն գնալու: Ի պատասխան եղբորը՝ Ավետիք Բուդաղյանը հայտնում է, որ կարիք չկա, եւ արգելում է դա անել:

Նման պատասխանից հետո Արտակը զայրացած դուրս է գալիս: Ավետիքը, կարծելով, որ ուղեւորվել է Սուրիկ Խաչատրյանի տուն, գնում է այնտեղ: Նախատեսված վայրը հասնելով եւ տեսնելով, որ Արտակը այնտեղ չէ, նախկին քաղաքապետի թեկնածուն  փորձում պտտել ավտոմեքնան եւ ետ դառնալ: Իսկ Ղարաբաղ տանող ճանապարհը եւ մարզպետի ատաձնատունը գտնվում են զուգահեռ փողոցներում : Արտակ Բուդաղյանը, այդ պահին տեսնելով Ավետիքի ավտոմեքենան, թեքում է ճանապարհը:

Ինպե՞ս է սկզբնական փուլում ընթացել գործի քննությունը:

Ինչպես նշեցի, հասարակությանը հունիսի 5-ից սկսել են նախապատրաստել գործի այն ելքին,  որը մենք տեսանք սեպտեմբերի  6-ին եւ 7-ին (ազատ արձակվեցին Տիգրան Խաչատրյանը եւ Զարզանդ Նիկողոսյանը): Տեսանյութը կեղծելուն ու ինտերնետում տեղադրելուն զուգահեռ՝ Սյունիքի մարզպետարանը սկսեց նույն աշխատանքը կատարել, իսկ մի օր հետո՝ զինդատախազը : Փաստորեն՝ դեպքից  5 օր անց արդեն գնում էր քարոզչություն՝ հօգուտ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի եւ նրանց առաջարկած վարկածի, որը նախաքննության մասով սեպտեմբերին ավարտվեց: Կայացված որոշումները մեզ համար բացարձակ անընդունելի են, որոնք էլ մենք այժմ վիճարկում ենք դատարանում

Եթե մոռանաք այն քարոզչությունը, որը մինչեւ հիմա լսում ենք Սուրիկ Խաչատրյանի համախոհների կողմից, ապա, առանց որեւէ նախապաշարմունքի դիտելով չկեղծված տեսանյութը, կտեսնենք ողջ իրականությունը: Իսկ համադրելով նաեւ ձայները՝ պարզ է դառնում, որ առաջին երեք կրակոցները արձակվել են Սուրիկ Խաչատրյանի տղայի՝ Տիգրան Խաչատրյանի կողմից, որոնցից մեկով ծանր վիրավորվել է Արտակ Բուդաղյանը, իսկ երկուսով՝ Ավետիք Բուդաղյանը:

Այս ամենից հետո արդեն Ավետիք Բուդաղյանը, կաղալով ու ծանր վիրավորված՝ ինքն էլ է վերցնում զենք: Տեսանյութում տեսանելի է նաև  ասֆալտից կրակոցի կայծ, որը կտրուկ դեպի վերեւ է արտացոլվում , այսինքն՝ պարզ երեւում է, որ կրակոցը վերեւից ներքեւ է:

Փաստ է, որ Սուրիկ Խաչատրյանը դեպքի ժամանակ գտնվել է իր սենյակում: Ինչպիսի՞ն է հավանականությունը, որ վերեւից կրակոցը հենց նրա կողմից է արձակվել:

Եթե նշվեր, որ Սուրիկ Խաչատրյանից բացի՝ որևէ մեկը նույնպես գտնվել է տանը, ապա կարելի էր քննարկել կրակողի ինքնության հարցը: Գոյություն ունի դատաբժշկի եզրակացույթուն, որտեղ պարզ գրված է, որ Ավետիք Բուդաղյանի վնասվածքներից մեկը հասցվել է վերեւից ներքեւ ուղղությամբ  կրակոցով:

Ինչ վերաբերում է տոնայնությանը, վերջին կրակոցի ձայնը  անհամեմատ ավելի ուժգին է եւ ամբողջությամբ տարբերվում է նախորդներից: Խնդրին լուծում տալու նպատակով փորձագետը մի եզրակացություն տվեց, ըստ որի՝ տարբերության պատճառը, հնարավոր է, առաջացել է երկու կրակոցի համընկնումից: Դա լուրջ չէ, քանի որ դեպքի վայրում մեկ պարկուճ ավել չի հայտնաբերվել, եւ ի վերջո՝ Արտակ Բուդաղյանը հաստատում է, որ ականատես է եղել վերեւից կրակոցի: Այսքանով հանդերձ՝ նրանք պնդում են, որ տնից ոչ ոք չի կրակել:

Ավելին, առաջ են քաշում մի անհեթեթություն նույնպես. ավտոմեքենայի մեջ էլ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն Ավետիքին խփել է նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Զարզանգը, նստած լինելով «Lexus» մակնիշի ավտոմենայի դիմացի նստատեղում, շուռ է եկել և բռունցքով հարվածել Բուդաղյանին, մինչդեռ Սուրիկ Խաչատրյանը նստած էր նախկին քաղաքապետի թեկնածուի կողքին: Կամ եթե առանց ղեկավարի թույլտվության՝ Զարզանդը հարվածել է Ավետիքին (հարվածի առկայությունը հաստատվել է), ապա ինչո՞ւ են առաջ քաշում այն միտքը, թե երկու եղբայր եկել էին մարզպետի տան մոտ և պահանջում էին Սուրիկին, եթե հենց խփողը այնտեղ էր:

Արդյո՞ք իրենք փորձում են հանցագործությունը բարդել Ավետիք Բուդաղյանի վրա:

Քննիչը արդեն սպանության փորձի մեջ Ավետիք Բուդաղյանին մեղավոր է ճանաչել , արդեն իր դատավճիռը գրել է, հետո էլ գործի վարույթը կարճել՝ զուտ որովհետեւ Ավետիք Բուդաղյանը մահացել է: Գոյություն ունի օրենք, ըստ որի՝ մահվան դեպքում կարճվում է գործի վարույթը, բացառությամբ՝ եթե դա անհրաժեշտ է այդ մարդու իրավունքները վերականգնելու համար: Այժմ Ավետիքի իրավահաջորդը ցանկություն է հայտնել գործը դատարան ուղարկելու և իր տղային դատարանում մեղավոր ճանաչելու:

Այստեղ իրենք հայտնվել են մի մեծ խնդրի առջև, որը չէին հաշվարկել. եթե Ավետիք Բուդաղյանի մասով գործը չեն ուղարկում դատարան, շատ կարճ ժամանակ հետո եվրոպական դատարանից խայտառակ վճիռ են ունենում, եւ դա առավել խայտառակ է լինելու, քանի որ Գեւորգ Կոստանյանի ձեռքով է ստեղծվել այս իրավիճակը, իսկ Կոստանյանը եվրոպական դատարանում ներկայացնում է Հայաստանը:

Իսկ եթե կատարեն եվրոպական կոնվենցիայի պահանջը՝ Ավետիքի գործը ուղարկեն դատարան, ստանում են մի դատավարություն, որի արդյունքը կանխավ պարզ է, քանզի Ավետիք Բուդաղյանը չի կարող մեղավոր ճանաչվել ակնհայտորեն չկատարած սպանության փորձի մեջ:

Չի՞ բացառվում, որ գոյություն ունենան այլ փաստեր, որոնք ներկայացված չեն:

Միանշանակ, սա է պատճառը, որ արհեստականորեն ձգձգում են քրեական գործը, պայքարում են, որ դատարան չհասցնեն:  Դա ինքն իրենով շատ բանի մասին  է խոսում: Հիմա էլ վեց ամսից ավելի է՝ քննում են այն հարցը, թե արդյո՞քԱրտակ Բուդաղյանը սպառնալիքներ թույլ է տվել նրանց նկատմամբ, թե՞ ոչ: Իհարկե, սա միայն պատրվակ է: Հոկտեմբերի 27-ի գործը ավելի շուտ բացահայտվեց ու բոլոր մանրամասներով քննվեց, քան Արտակ Բուդաղյանի սպառնալիքները, և դեռ 6 ամիս էլ կքննեն, քանի մեր բողոքները գտնվում են դատարանում :

Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակը:

Իրենք այժմ մեծ պրոբլեմի առջեւ են կանգնած, ու գնալով՝ իրենց ճգնաժամը խորանալու է, ես դա հաստատապես եմ ասում . պրոբլեմները բազմապատկվելու են: Այս գործով մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության, անկախ նրանից՝ իրենք ում հովանավորության տակ են , ով ինչ է խոստացել, ինչքան ժամանակ կանցնի, եւ ինչքան երկար կպայքարենք. իրենք ենթարկվելու են պատասխանատվության :

Հ.Գ. Նախաքննական մարմինը անտեսել է Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ հայտնաբերելու հանգամանքը:

Մարիամ Մուրադյան

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը մեղադրվում էին այս տարվա հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության և նրա եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրավորելու համար: Քննչական մարմինը «հիմնավորել էր», որ Խաչատրյանի և Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, որի հիման վրա դադարեցվել էր հետապնդումը:  

Նախորդ հոդվածը‘Հեղափոխության իրական օրակարգը’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Ի տարբերություն կառավարող կուսակցության, ոչ իշխանական ուժերն ունեն քաղաքացիական աջակցություն’