‘Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը, հայրը անհանգստանում էր նրա առողջական վիճակի համար. Հետք’

1807

Օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն, ով նոյեմբերի 17-ից հացադուլ էր հայտարարել իր առողջական խնդիրների պատճառով, այսօր` հացադուլի 27-րդ օրը դադարեցրել է այն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում նշեց, որ հացադուլը դադարեցնելու մասին Հայկ Կյուրեղյանը դիմում է ներկայացրել: Քրեակատարողական վարչության պաշտոնյան տեղեկացրեց, որ Կյուրեղյանը գտնվում է բժշկական հսկողության ներքո:

Մինչ այդ 9 տարվա ազատազրկման դատապարտված և 24 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, հայտարարություն էր տարածել.

«Հայկ Կյուրեղյանը ձերբակալման պահից սկսած ենթարկվել է ֆիզիկական և բարոյա-հոգեբանական ճնշումների: Դեռ նախաքննության ընթացքում նա ենթարկվել է խոշտանգումների ոստիկանների կողմից, որի  նպատակն է եղել կոտրել արդարության համար ռեժիմի դեմ պայքարի ելած երիտասարդի ոգին: Սակայն տեսնելով նրա անկոտրում կամքը, իշխանությունները  սկսեցին վրեժխնդիր լինել Հայկ Կյուրեղյանից՝ արգելելով նրա տեսակցությունը հարազատների հետ,  միաժամանակ փորձելով վարկաբեկել և հասարակական բացասական կարծիք ձևավորել նրա նկատմամբ:

Դատական նիստերի ընթացքում Հայկ Կյուրեղյանի հայտարարությունները, ոտքի չկանգնելը և իշխանություններին համապատասխան բնորոշումներ տալը, էլ ավելի բորբոքեց ռեժիմի զայրույթը: Հայկ Կյուրեղյանը զրկվեց դատական նիստերին մասնակցելու և իրեն պաշտպանելու հնարավորությունից: Խստացվեց նաև մեղադրական հոդվածը՝  պահանջելով 14 տարվա ազատազրկում:  Չնայած այդ բոլորին, Հայկը շարունակեց պայքարը:

Գտնվելով բանտում, նա հայտարարությունով իր զորակցությունը հայտնեց սահմանադրական փոփոխությունների և ռեժիմի դեմ պայքարող քաղաքական ուժերին: Այս բոլորից հետո տարբեր եղանակներով ճնշումների ու սպառնալիքների ենթարկվեցին նաև Հայկ Կյուրեղյանի հարազատները։ Եղել են սպառնալիքներ՝ արդյոք չենք մտածում թե ինչ կարող է լինել բանտում գտնվող Հայկի հետ: Նաև սպառնալիքներ են եղել «նույն հոդվածներին» արժանացնել և ազատությունից զրկել Հայկի ընտանիքի անդամներին:

Այս բոլոր անօրինական գործողությունները ծրագրվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից:  Հայկ Կյուրեղյանը փաստացի պատանդի կարգավիճակում է, և իր պաշտպանության միակ միջոցը մնացել է հացադուլը:

Գտնվելով բանտում Հայկը ձեռք է բերել առողջական լուրջ խնդիրներ: Լինելով չծխող, միաժամանակ գտնվելով փակ և գերբեռնված տարածքում, որտեղ կալանավորների թիվը եռակի ավել է (17 հոգի), ուր քնում են հերթափոխով, չկա պատշաճ օդափոխություն, արդյունքում առաջանում է թթվածնային քաղց՝ Հայկը ձեռք է բերել ալերգիա ծխի նկատմամբ և խրոնիկական հազ: Հարազատների դիմումից հետո Հայկը ստացել է թերի բուժում, որը դադարեցվել է՝ պատճառաբանելով, որ չկա համապատասխան մասնագետ:

Այժմ Հայկը ծայրահեղ հյուծված վիճակում է, նրա առողջությունը և կյանքը վտանգված է, բայց նրա ոգին ու կամքը՝ անկոտրում:  Կա անհանգստություն, որ նա դիտավորյալ՝ սննդի հետ կարող է ստանալ առողջությանը վնաս պատճառող նյութեր: Անհրաժեշտություն կա Հայկ Կյուրեղյանին անհապաղ տեղափոխել առանձին խուց և ապահովել նրա բուժումը: Հայկ Կյուրեղյանի և ցանկացած կալանավորի առողջության ու կյանքի համար պատասխանատու է իշխանությունը, որը պետք է ապահովի բոլոր կալանավորների կյանքի ու առողջության անվտանգությունը, այլ ոչ թե քաղաքական վրեժխնդրությունը դարձնի գործելաոճ:

Ազգային անվտանգությունը իր գոծակալների, իր հետ համագործակցող անձանց միջոցով Հայկ Կյուրեղյանին դրել  է ծայրահեղ ծանր փակուղային վիճակում: Նրա կյանքը և առողջությունը վտանգի տակ է: Այս ամենի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, զգուշացնում եմ նման ստոր, նենգ  գործելակերպով ոչ միայն Հայկ Կյուրեղյանի այլև հայ ժողովրդի հետ դուք բացում եք 2-րդ ճակատ, դուք հասնում եք նրան որ Ադրբեջանին պատերազմ հայտարարելուց առաջ հայ ժողովուրդը ձեզ հայտարարի պատերազմ»: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Ինստիտուցիոնալացումից» մինչեւ հաճախորդացում՝ կես քայլ է’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Հայտնի են 1/8 եզրափակիչ փուլի զույգերը’