‘Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը — Մաս 2’

172138

սկիզբը

Համագումարի պատվիրակները

Հայոց համազգային շարժման՝ 1988 թ. օգոստոսին հրապարակված ծրագրային փաստաթղթի «Կազմակերպական ձևերը» բաժնում նախատեսված էր, որ կազմակերպությանը կարելի էր անդամակցել միայն որպես կոլեկտիվ անդամ՝ ըստ հիմնարկների, ձեռնարկությունների, բնակավայրերի։ Կոլեկտիվ անդամ դառնալու հայտ կարող էին ներկայացնել նաև հասարակական և ոչ պաշտոնական կազմակերպությունները։ Որևէ մեկի հայտը մերժելու հիմք կամ մեխանիզմ չէր նախատեսված։ Բնական է, որ Շարժման և նրա հիմնական քաղաքական նպատակների դեմ պայքարող ուժերը պետք է ամեն կերպ աշխատեին օգտագործել այս հիանալի հնարավորությունը։ Ընդ որում՝ նրանք կարող էին հանդես գալ և՛ «ավելի հայրենասիրական», և՛ «ավելի ազգային», ե՛ւ ավելի արմատական կարգախոսներով ու կոչերով, կարող էին լինել միաժամանակ ե՛ւ ՀՀՇ-ի, ե՛ւ կոմկուսի, ե՛ւ ցանկացած այլ կազմակերպության անդամ և այլն։ Ըստ այդմ՝ կարող էր հավաքվել պատվիրակների այնպիսի կազմ, որը մեծամասնությամբ մերժեր հիմնական փաստաթղթերի ընդունումը։ Արդեն իսկ շրջանային կոնֆերանսներում պատվիրակների ընտրության ժամանակ այդ վտանգն ակնհայտ էր։ Շարժման իրական ավանդ ունեցող մասնակիցների զգալի մի մասը զրկվեց համագումարի մանդատից։ Պատվիրակների ձևավորված կազմը հուշում էր, որ համագումարում կարող են նաև տհաճ անակնկալներ լինել։ Օրինակ՝ կարող էր ձախողվել Ծրագրի և Կանոնադրության ընդունումը, կամ՝ ղեկավար մարմնում մեծամասնություն կարող էին կազմել նրանք, ովքեր իրականում դեմ էին Շարժման հռչակած հիմնական սկզբունքներին և նպատակներին։

Եւս մի հանգամնք. առաջին անգամն էր, որ Շարժումն իր կարևոր միջոցառումն անց էր կացնում «չորս պատերի մեջ», որտեղ, բնականաբար, տեղը սահմանափակ պետք է լիներ։ Լուրջ խնդիր առաջացավ հրավիրվածների հարցում. 1400 պատվիրակներից բացի՝ դահլիճում հրավիրվածների համար ֆիզիկապես հնարավոր 300 տեղի պայմաններում ներկայացված էր հրավիրատոմս ստանալու մոտ 10.000 հայտ։  Եւ առաջին անգամ բոլոր արժանիները, առավել ևս՝ ցանկացողները, չէին կարողանալու մասնակցել երկար սպասված կարևոր այդ միջոցառմանը։

 

Համագումարի ընթացքը և ընդունած բանաձևերը

Հայոց համազգային շարժման առաջին համագումարը աշխատանքներն սկսեց նոյեմբերի 4-ին Ստ. Շահումյանի անունով կոչվող  պալատում (այժմ՝ Ամերիկյան համալսարանի շենք)։ Նույն օրը հրատարակվեց և բաժանվեց Շարժման «Հայք» թերթի առաջին համարը՝ պարունակելով նաև կազմակերպության Ծրագրի և Կանոնադրության վերամշակված նախագիծը, որը պետք է քննարկվեր ու հաստատվեր համագումարում։

Համագումարին մասնակցելու պաշտոնական հրավեր էին ստացել խորհրդային  հանրապետությունների, Մոսկվայի և Լենինգրադի ժողովրդական ճակատները, ժողովրդավար հայտնի գործիչներ, ներքին և արտաքին Սփյուռքի մշակութային և բարեգործական կազմակերպություններ, հայ համայնքներ, կուսակցությունները  և այլն։ Հետաքրքրությունը, ինչպես և սպասվում էր, չափազանց մեծ էր Խորհրդային Միության մեջ փաստորեն առաջին, ամենահուժկու, ամենազանգվածային, ամենակազմակերպված, ամենահեղինակավոր ժողովրդավարական շարժման առաջին համագումարի նկատմամբ, և շատերն էին եկել դրան մասնակցելու։ Համագումարին հրավիրված էր նաև հանրապետության ղեկավարությունը։ Համագումարը ողջունեցին Լատվիայի, Հունգարիայի, Ֆրանսիայի, Լենինգրադի ներկայացուցիչները։

Համագումարը երեք հարց ուներ լուծելու. Ծրագրի և Կանոնադրության ընդունում, ղեկավար մարմնի ընտրություն, բանաձևերի ընդունում։ Հիմնական ելույթը Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանինն էր։ Այն վերլուծում էր հայկական ժողովրդավարական շարժման անցած ուղին, ԽՍՀՄ ժողովրդավարական շարժումների և գործընթացների ետնախորքում գնահատում նրա տեղը և ամփոփում ձեռք բերված արդյունքները։

Շարժման առաջին համաժողովին խնդիրների շատ լայն շրջանակ էր հետաքրքրում, ուստիև՝ լիագումար նիստից հետո այն իր աշխատանքները շարունակեց 12 հանձնախմբերում։ Հանձնաժողովների աշխատանքների արդյունքում ստեղծվեցին համապատասխան բանաձևեր, որոնք և ընդունվեցին համագումարում։

ՀՀՇ քաղաքական Ծրագիրը

 Հիմնական հարցն, իհարկե, Ծրագրի և Կանոնադրության քննարկման և ընդունման խնդիրն էր։ Ծրագիրը 1988-ի օգոստոսի 19-ի համեմատությամբ փոփոխությունների էր ենթարկվել, բայց ոչ ըստ էության, այլ՝ ելնելով ավելի քան մեկ տարի հետո ստեղծված նոր իրավիճակից ու դրա ընձեռած հնարավորություններից։ «Մոտակա խնդիրները» բաժնում առաջին տեղում շարունակում էր մնալ Լեռնային Ղարաբաղի հարցը՝ իր ածանցյալներով։ Ծրագրի առանցքային գաղափարը Անկախության խնդիրն էր, ինչն այժմ արդեն ոչ միայն բացահայտ էր և առավելագույնս մանրամասնած, այլև ներկայանում էր որպես մնացած բոլոր խնդիրների լուծման պայման ու հիմք։

Հիմնական՝ անկախության խնդրի մատուցման նախապատրաստությունն արված էր մուտքում, հետևյալ ելակետային դրույթով. «Երբ ազգն իր խնդիրները լուծելիս ապավինում է արտաքին ուժի, ապա, ինչպես ցույց է տալիս մեր պատմական փորձը, դա ոչ միայն հաջողություն չի բերում, այլև ամեն մի անհաջողություն ու հարված թուլացնում է ազգի վճռականությունը, խարխլում հավատը արդարության նկատմամբ, հանգեցնում ճակատագրով դատապարտված լինելու գաղափարին և ի վերջո կազմալուծում ազգը…. Արդարությունը չեն մուրում, արդարությունը նվաճում են»։ Եւ սրան անմիջապես հաջորդում է. «Շարժման ընթացքում մեր ժողովուրդն սկսեց գիտակցել, որ ազգային շատ խնդիրների լուծումը հնարավոր է միայն անկախ պետականության պայմաններում։ Հայ ազգն այժմ աստիճանաբար ազատվում է տասնամյակների ընթացքում իրեն պարտադրված ստրկամտությունից»։ Այսպիսով՝ ժողովրդավարական խնդիրների վրա խարսխված անկախության հարցը, դրվելով որպես հիմնական նպատակ, ներկայանում էր նաև որպես միջոց, բանալի՝ բոլոր խնդիրների, այդ թվում նաև Ղարաբաղի խնդրի լուծման համար։

Այնուհետև անկախության գաղափարը մտցված է «Գաղափարական սկզբունքները» բաժնում. «Հայ ժողովուրդը լավագույն ձևով կարող է դրսևորել իր ընդունակությունները և կարողությունները, լուծել ազգի առջև ծառացած խնդիրները և նպաստել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը՝ վերականգնելով իր ազգային անկախ պետականությունը։ Ունենալով իր անկախ պետականությունը, ապրելով առանց արտաքին ճնշման…»։

Հռչակումից և համապատասխան գաղափարական սկզբունքի ներկայացումից հետո, որպես երրորդ քայլ, «Մոտակա նպատակները» բաժնում արդեն ներկայացվում է այն խնդիրների մանրամասն ցանկը, որոնք ընկած են դեպի անկախություն տանող ճանապարհին.

ա) Հայաստանում  պետական իշխանության և կառավարության մարմինների կառուցվածքի ընտրության և գործունեության ինքնուրույնություն.

բ) ԽՍՀՄ կազմում մնալու և նրանից դուրս գալու ՀԽՍՀ-ի լիակատար իրավունքի ճանաչում՝ դրա գործնական կիրառման եղանակի նշումով.

գ) հայ ազգային զորամիավորումների վերականգնում.

դ) տնտեսական քաղաքականության լիակատար ինքնուրույնության, ներառյալ արտաքին առևտուրը.

ե) այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման իրավունք.

զ) միջազգային կազմակերպություններին անդամակցելու իրավունք.

է) ԽՍՀՄ ֆեդերալ իշխանությունները չպետք է միջամտեն հանրապետության ներքին գործերին։ Հանրապետության տարածքում կարող են գործել միայն միութենական այն օրենքներն ու որոշումները, որոնք վավերացնում է հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը։

Դժվար չէ նկատել, որ այս խնդիրների լուծումը համարժեք կլիներ փաստական անկախության, որից հետո, ունենալով ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու իրավունքի՝ պայմանագրով վավերացված «գործնական կիրառման եղանակը», կամ համապատասխան միութենական օրենքը, ցանկացած ժամանակ անկախությունը կարելի էր արձանագրել նաև իրավականորեն։ Այսինքն՝ ՀՀՇ Ծրագիրը դնում էր խնդիրներ և ուղենշում ճանապարհ, որոնց միջոցով Հայաստանը պատրաստ էր լինում թե՛ ԽՍՀՄ-ի առժամանակ գոյատևման, թե՛ նրա անակնկալ փլուզման դեպքերում հնարավորինս նախապատրաստված, հնարավոր նվազագույն կորուստներով և նվազագույն ռիսկերի դիմելով՝ լուծել անկախ պետականության հաստատման հարցը։ Սրանով ՀՀՇ-ի անկախության ծրագիրն այնքան տարածված քաղաքական պոպուլիզմը մերժելու, հնարավոր բոլոր իրավիճակներին նախապատրաստված լինելու, քաղաքական իրատեսության և պատասխանատվության, ժողովրդին արկածախնդրությունից ու վտանգներից հեռու պահելու մտահոգության, մարդակենտրոն արժեքային համակարգ դավանելու խոսուն ապացույց է:

Ծրագրում հստակ ուրվագծվում էր նաև ապագա անկախ պետության քաղաքական և տնտեսական հիմքը։ Դա արտահայտված էր «Գաղափարական սկզբունքները» բաժնում։ Ժողովրդավարական հիմնական նորմերի թվարկումը՝ իշխանությունների ձևավորումը ազատ ժողովրդավարական ընտրությունների միջոցով, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը, բազմակուսակցական համակարգը, ազատ արհմիությունների գործունեության հնարավորությունը և այլն, մատնանշում էին, որ ստեղծվելիք պետությունը պետք է լիներ միջազգային չափանիշներով ժողովրդավարության սկզբունքների հիմքի վրա։ Ինչ վերաբերում է նրա տնտեսական համակարգին, ապա այնպիսի հասկացությունների օգտագործումը, ինչպես՝ «սեփականության ձևերի բազմազանությունը», «ազատ ձեռներեցությունը», «հողը ժառանգական օգտագործման իրավունքով գյուղացուն տալը», վկայում էին, որ ապագա պետության տնտեսակարգը լինելու է շուկայական հարաբերությունների վրա հիմնված ազատական տնտեսություն, և մերժվելու է խորհրդային սոցիալիստականը։ Դրանք, ըստ էության, «մոտակա նպատակների» իրականացումից՝ անկախության ձեռքբերումից հետո  եկող խնդիրներ էին, ուստի Ծրագրում առայժմ ավելի շատ ներկայացնում էին որպես ուրվագիծ։

Հանված էր այն դրույթը, ըստ որի՝ կազմակերպության անդամ կարող են լինել Հայաստանից դուրս ապրող, ՀԽՍՀ քաղաքացի չհանդիսացող հայերը, թեև դրա փոխարեն դեռևս չէր դրվել այդ բանն արգելող նորմը։ Նոր ձևակերպմամբ՝ կազմակերպության անդամ կարելի էր դառնալ «անկախ ազգային պատկանելությունից, կրոնական համոզմունքներից, այլ կազմակերպությունների հարելուց»։ Չնայած իր ունեցած մեծ հնարավորություններին, այդ և հետագա տարիներին օրենսդրական արգելքների բացակայությանը՝ ՀՀՇ-ն ի սկզբանե սկզբունքորեն մերժեց իր կառույցները նաև հանրապետության սահմաններից դուրս և ազգային հատկանիշի հիման վրա ստեղծելու ավանդական գայթակղությունը։ Հասարակական ավանդական պատկերացումներին, նաև հենց սեփական այսօրեական շահերին դեմ արված այս քայլը հայ քաղաքական մտքի պատմության մեջ արձանագրված աննախադեպ և որակապես նոր աստիճան էր, որ, բնականաբար, պետք է բախվեր կարծրացած ավանդականի ծանր իներցիային։

Աշոտ Սարգսյան

«Հայք» 6. 11.2009

շարունակությունը

Նախորդ հոդվածը‘Ինչու Հայաստանում բենզինը չի էժանանում ‘
Հաջորդ հոդվածը‘Վովա Գասպարյանի մեծախոսությունն ու իրականությունը’