‘Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ռազմավարության մշակման համար փորձագետները հավաքվել էին Երևանում’

1406

Հայոց ցեղասպանության ավելի քան քառասուն մասնագետներ աշխարհի ինը երկրներից մարտի 22-23-ին հավաքվել էին Երևանում, որպեսզի ռազմավարություն մշակեին, թե ինչպես գտնել իրավական հիմնավորումներ ցեղասպանության հետևանքները վերացնելու համար, հակազդել թուրքական ժխտողականությանը և կազմակերպել ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրեր ու թանգարանային ցուցադրություններ: Գիտաժողովը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից:

Ստորև ամփոփ ներկայացնում ենք վերոնշյալ գիտաժողովին մասնակցած փորձագետների մեկնաբանությունները.

Իսրայելցի գիտնական Յաիր Աուրոն քննադատեց Իսրայելի պետությանը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, մատնանշելով, սակայն, որ Իսրայելի հասարակության մի ստվար զանգված ընդունում է այն: Հոլոքոստի ժամանակ նույն ողբերգական ճակատագրին արժանանալով, Իսրայելը պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունը, ասաց պրոֆ. Աուրոն:

Լոս Անջելեսից պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը Պետական հանձնաժողովին կոչ արեց ձեռնարկել գեղարվեստական և մշակութային միջոցառումներ, քան ակադեմիական գիտաժողովներ՝ ավելի շատ մարդկանց գրավելու համար ամբողջ աշխարհում: Նա առաջարկեց ստեղծել համահայկական ֆիլհարմոնիկ նվագախումբ, որը կշրջի աշխարհով մեկ 2015 թվականի Ապրիլի 24-ից առաջ: Նա նաև մտահոգություն հայտնեց, որ թուրքական կառավարությունն ավելի լավ է նախապատրաստվում Հարյուրամյակի միջոցառումների հակազդմանը, քան հայերը՝ դրանց ձեռնարկմանը:

Պետական հանձնաժողովի քարտուղար և Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց թանգարանի ընդարձակման ծրագրերը մինչև 2015 թվականը:

Նյու Յորքից պրոֆ. Տատրյանը մեկնաբանեց, որ երբ ուրացող պետությունը թույլ է, այն ավելի հեշտությամբ է ընդունում իր ոճիրները: Քանի դեռ Թուրքիան շարունակում է մնալ ուժեղ երկիր, այն չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, նկատեց Տատրյանը:

Սիրիայի Հալեպ քաղաքից գիտաշխատող Միհրան Մինասյանն առաջարկեց, որ հիշատակման միջոցառումները դիտարկվեն հույների և ասորիների հետ միասին: Նա նշեց, որ թուրք ուրացողները չեն մեղադրում այս երկու էթնիկ խմբերի անդամներին ռուսական բանակին միանալու կամ զինված խմբեր ձևավորելու համար, սակայն նրանք ևս զանգվածային բռնության և ցեղասպանության զոհեր դարձան:

Երևանից պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը բացատրեց, որ հակառակ տարածված կարծիքի, Օսմանյան կայսրությունը և ոչ թե Ուրուգվայն է եղել առաջին պետությունը, որը դատավճիռներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1919-1926 թվականներին: Ուրուգվայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1965 թվականին:

Հայաստանի Սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հայեցակարգն առաջին անգամ օգտագործվել է 1915 թվականի մայիսի 24-ին՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից հրապարակված համատեղ հռչակագրում՝ թուրքական իշխանությանը նախազգուշացնելով, որ նրանք պատասխանատվություն են կրելու հայկական ջարդերի համար: Նույն կերպ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատարանը պատերազմի նացիստական հանցագործներին մեղադրեց Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, այլ ոչ թե ցեղասպանության իրագործման համար: Վարդանյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետությունում ստեղծել մշտապես գործող պետական մարմին՝ իրավական հիմնավորումների հետազոտության և մշակման ուղղությամբ՝ Հայոց ցեղասպանության հետ կապված պահանջները Թուրքիայից միջազգային դատարաններում հետապնդելու համար:

Ստամբուլից նշանավոր թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն, որը հաճախ է բանտարկվել Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակելու համար, խոսեց «Թուրքիայում աճող ժխտողական արտադրության մասին»: Նա միտք հայտնեց, որ ժխտողականությունը խրախուսում է ահաբեկչությունը Թուրքիայում:

Որպես ցեղասպանության գիտաժողովի մասնակից, իմ ելույթն ավելի «արդարության հետապնդման» մասին էր և ոչ թե «ցեղասպանության ճանաչման», որն արդեն հաջողությամբ իրագործել ենք: Արդարության հայեցակարգը ընդգրկում է հայ ժողովրդի բոլոր պահանջները Թուրքիայից՝ բարոյական, ֆինանսական հատուցում և տարածքների վերադարձ:

Ես նաև առաջարկեցի, որ Ցեղասպանության հարյուրամյակի առթիվ որևէ հատուկ միջոցառում ձեռնարկելուց առաջ, նախ հանդես գալ միասնական պատգամով և նպատակներով:  Այլապես, մենք կարող ենք խառը ուղերձներ հղել Թուրքիային ու միջազգային հանրությանը՝ չհստակեցնելով, թե իրականում ինչ ենք ցանկանում և ձգտում իրագործել 2015 թվականի Ապրիլի 24-ին:

Ի վերջո, հայկական պահանջատիրությունը 2015 թվականին չի ավարտվում: Հայերը պետք է համառորեն հետամուտ լինեն Թուրքիայից իրենց արդար պահանջներին՝ մինչև Հայ դատի «արդարության» իրագործումը:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նախորդ հոդվածը‘Մարդ չգիտի՝ խնդա՞, թե՞ լա. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով 14-րդ հարկից’