‘«ՀայՌուսգազարդը» այսուհետ կկոչվի «Գազպրոմ Արմենիա»’

1403

Գազպրոմը ստորագրեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի 20% բաժնեմասը գնելու մասին պայմանագիր: Այս մասին է հաղորդում ռուսական գազային կոնցեռնի տեղեկատվությունների վարչությունը: Գործարքի արդյունքում «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Գոզպրոմի բաժնեմասը կազմեց 100%, իսկ կազմակերպությունը վերանվանվեց և այսուհետ կկոչվի` «Գազպրոմ Արմենիա»: Դեկտեմբերի վերջին ՀՀ ԱԺ-ն կեղծիքով «վավերացրեց» հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը` «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին, որով նախատեսվում էր ընկերության բաժնետոմսերի 20%-ի վաճառքը Գազպրոմին:

Ավելի վաղ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պարզաբանել էր, որ հանրապետության իշխանությունները որոշեցին «ՀայՌուսգազարդի» 20% բաժնետոմսերը վաճառել, որպեսզի իբր մարեն Գազպրոմի հանդեպ 155 մլն.դոլարի պարտքը, որը կուտակվել է 2012 թվականին: Բանն այն էր, որ երկու տարի ռուսական գազը Հայաստան էր մտնում թանկ գնով, կառավարությունը, սակայն, թանկացման մասին ընտրությունների ժամանակ նախընտրել էր չխոսել, եւ միայն երկու տարի անց, պարզվեց, որ Հայաստանը պարտք ունի կուտակած: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Իշխանության միջի որբը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի քաղաքացիները կարող են աշխատել Լեհաստանում’