‘ «ՀայՌուսգազարդի» «առեղծվածը» բացահայտվեց. Գազը վաճառվել է ինքնարժեքից ցածր’

2341

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք՝ հունիսի 30-ին Երևանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2012թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը, որտեղ երևում է, որ ընկերությունը 2012թ. ընթացքում կրել է ռեկորդային վնաս՝ 64,9 մլրդ դրամ չափով:

Ինչո՞ւ է «ՀայՌուսգազարդը» այսպիսի վնաս կրել։ Հարցին պատասխանում է 168.am-ը և գրում.

«Դա երևում է հաշվետվությունից։ Մասնավորապես, 2012 թվականին վաճառված գազի ինքնարժեքը եղել է 219.5 միլիարդ դրամ, իսկ հասույթը՝ 182.1 միլիարդ դրամ։ Այսինքն՝ «ՀայՌուսգազարդ»-ը գազը վաճառել է ինքնարժեքից ցածր գնով։ Արդյունքում՝ միայն բարձր ինքնարժեքի պատճառով գոյացել է 37.4 միլիարդ դրամի վնաս։ 10 միլիարդ դրամ էլ ընկերությունը վճարել է որպես վարկի տոկոսավճար։

Հաշվետվությունից հեթական անգամ բացահայտվում է նաև ՀՀ իշխանությունների շարունակվող սուտը։ 2011-ին իրացվել է 1.534 միլիարդ խմ գազ՝ 151.5 միլիարդ դրամ ինքնարժեքով, իսկ 2012-ին՝ 1.608 միլիարդ խմ գազ՝ 219.5 միլիարդ դրամ ինքնարժեքով։ Սա նշանակում է, որ 1000խմ գազի ինքնարժեքը 2011 թվականին եղել է 98 000 դրամ, իսկ 2012-ին՝ 137 000 դրամ (40%-ով ավելի)։ Իսկ դա նշանակում է, որ «ՀայՌուսգազարդ»-ը նախորդ տարվանից է գազը գնում թանկ գներով»։

Նախորդ հոդվածը‘Սերժի PR-ը, Իշխանի հակա-PR–ը և Արագածի քարայծը’
Հաջորդ հոդվածը‘Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպա Լիգայի հանդիպումները’