‘Հայտարարությունը չտեսան, բարեւը՝ տեսան’

2041

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը նախօրեին հանդիպեցին՝ վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ: Ի տարբերություն նախորդ՝ Սոչիում ՌԴ նախագահի նախաձեռնած հանդիպման, այս անգամ Ալիեւին ու Սարգսյանին Ուելսում մեկ սեղանի շուրջ էր նստեցրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Բուն հանդիպման բովանդակության եւ արդյունքների մասին, սակայն, Հայաստանի քաղաքական վերլուծաբաններն ու մամուլն առանձնապես չեն խոսում:

Փոխարենը, հայաստանյան լրատվամիջոցների մի որոշ մասի ուշադրությունը սեւեռվել էր մի աննշան դրվագի վրա: Հանդիպման արարողակարգային մասը ներկայացնող տեսանյութում երեւում է, որ ԱՄՆ պետքարտուղարը ներս է մտնում հանդիպման համար նախատեսված սենյակ ու սկսում է զրուցել Սերժ Սարգսյանի հետ: Իսկ այդ ընթացքում ներս մտած Ադրբեջանի նախագահը կանգնած է մնում անհարմար անորոշության մեջ՝ սպասելով, թե երբ պետքարտուղար Քերին կնկատի իրեն: Երբ վերջապես քաղաքավարական հարցուփորձից հետո Ջոն Քերին թողնում է Սարգսյանի ձեռքն ու հրավիրում հայկական պատվիրակությանը՝ զբաղեցնելու տեղերը՝ Ալիեւն առաջ է գալիս ու ողջունում է նրան: «Որտե՞ղ էիք թաքնվել», — հարցնում է Քերին: «Ձեր հետեւում էի», — ամաչկոտ ժպիտով պատասխանում է Ալիեւը:

Ահա այս, թվում է՝ «զուտ տեխնիկական բնույթ կրող» միջադեպը հայաստանյան մի շարք լրատվամիջոցների համար տարակուսելի ոգեւորության առիթ դարձավ: Անմիջապես լրատվական կայքերում ու սոցցանցերում սկսեցին տեղեկություններ հայտնվել «ԱՄՆ պետքարտուղարը Ալիեւին շփոթեց Սերժ Սարգսյանի թիկնապահի հետ», «Ջոն Քերին Ալիեւին Սարգսյանի շքախմբի մի մասն է համարում», «Քերին չնկատելո՞ւ է տալիս Ալիեւին», եւ այս կարգի այլ վերնագրերով:

Չի կարելի բացառել, որ հայտնի «վերլուծական» կենտրոնները այս դրվագի հիման վրա լայնածավալ մեկնաբանություններ կգրեն՝ այն ներկայացնելով որպես Սերժ Սարգսյանի հանդեպ Արեւմուտքի բարեհաճ վերաբերմունքի հերթական ակնհայտ դրսեւորում կամ որպես  Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական վերադասավորումների մեկնարկն ազդարարող թափանցիկ ակնարկ: Նրանք, իհարկե, չեն նկատի, որ տեսանյութում Սերժ Սարգսյանը Ջոն Քերիի «ինչկա-չկա» մակարդակի հարցերը ընկալում է թարգմանչի օգնությամբ եւ պատասխանում է դրանց լայն ժպիտով ու գլխի նույնքան լայն թափահարումներով: Մինչդեռ նույն Ալիեւը, ասենք, շփվում է առանց թարգմանչի միջնորդության:
Բայց սա էլ բոլորովին կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ արդեն վաղուց Իլհամ Ալիեւի «պատահական ստորացումից» հրճվողներն ուշադրություն չեն դարձնում, որ առնվազն 15 տարի ի վեր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են աղավաղված` երկկողմանի ձեւաչափով, եւ որ Ստեփանակերտի՝ բանակցային սեղան վերադառնալու անհրաժեշտության մասին պարբերաբար հայտարարող իշխանությունները տարեցտարի ավելի հեռացնում են Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանից: Եւ, կարծես թե, վաղուց արդեն սովորական է դարձել, որ, լինի դա Սոչիում, Նյուպորտում, թե Փարիզում,  ամեն նման բովանդակազուրկ հանդիպումից հետո եւ առաջ սահմանին զինվորներ ու քաղաքացիական անձինք են սպանվում: Եւ ի դեպ, նույն հանդիպման մասին ԱՄՆ պետքարտուղարության տարածած պաշտոնական հաղորդագրություններն էլ հենց այդ (ադրբեջանական քարոզչա-քաղաքական գծի) ծիրին մեջ էին՝ որպես երկու հակամարտող կողմ ներկայացնելով միայն Հայաստանին ու Ադրբեջանին: Բայց այս կարգի «մանրուքներին» իշխանական քարոզչությունն ուշադրություն չի դարձնում: Կարեւորը՝ մտնելուց Քերին առաջինը Սարգսյանին տեսավ: 

Նախորդ հոդվածը‘Այաթոլլա Խամենեին հավանություն է տվել Պենտագոնի հետ բանակցություններին’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանի հանձնաժողովը Ուկրաինայի հետ ասոցացման հարցով արտահերթ նիստ կանցկացնի’