‘Հայտարարություն. Վլադիսլավ Մանգասարյանի ձեռքով խաբված քաղաքացին իր բնակարանն է պահանջում’

1186

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում բարձրաձայնում են Վլադիսլավ Մանգասարյանի իրականացրած ապօրինությունների մասին:

«Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով հիմնադրված, սակայն հետագայում «գործընկերների» միջոցով սնանկության հասցված ընկերությունից տուժած քաղաքացիները սկսել են բարձրաձայնել շինարար Վլադիսլավ Մանգասարյանի քաջագործությունների և իրենց հետ տեղի ունեցածի մասին:

Երեկ Երևանի Կենտրոնի դատարանում իր սեփականության իրավունքի ճանաչումն էր պահանջում Մաշտոցի 33/1 շենքի թիվ 21 բնակարանը գնած, իսկ հետագայում սեփականության վկայական չստացած խաբված գնորդներից սփյուռքահայ Արա Միրզայանը:

Խաբված գնորդներից յուրաքանչյուրի պատմությունն իր յուրահատկությունն ունի` հատկապես Արա Միրզայանինը: Այս քաղաքացին իր բնակարանը գնելուց հետո այն վերանորոգել, կահավորել է և 3 տարի ապրելուց հետո է միայն պարզել է, որ Վլադիսլավ Մանգասարյանի թեթև ձեռքով բնակարանն այլևս իրենը չէ: Քաղաքացու բնակարանը Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող «ՎՄԳգրուպ»-ի միջոցով  տրվել է այլ անձանց: Իսկ խոսքը վերաբերում է մի բնակարանի, որի համար գնորդը դեռևս 2007թ. վճարել է 120.000ԱՄՆ դոլար:

«Ես դարձել եմ անօրինականությունների, խարդախության, խաբեության զոհ և ընտանիքիս հետ հայտնվել եմ անելանելի իրավիճակում: 2007 թվականին ես վճարելով բնակարանի ամբողջ արժեքը: Ինձ ընդամենը հանձնվեցին պատեր և մնացած վերանորոգումը կատարել եմ ես իմ միջոցներով: Ես սկսեցի տիրապետել գույքս, կատարեցի վերանորոգում, տեղադրեցի մուտքի դուռը, 50 հազար ԱՄՆ դոլարի կահույք բերեցի Իրանի հանրապետությունից, լիովին կահավորեցի բնակարանս: Յուրաքանչյուր տարի մի քանի անգամ ընտանիքիս հետ գալիս էինք հայրենիք և բնակվում մեր տանը»,- պատմում է տուժած քաղաքացին և հիշում այն չարաբաստիկ օրը, երբ հերթական անգամ գալով Երևան պարզվում է, որ բնակարանի մուտքի դռան կողպեքը փոխված է և չի կարող մուտք գործել իր տուն. «2012 թվականի օգոստոսի 6-ին, հերթական անգամ եկանք Հայաստան և բարձրանալով մեր բնակարան հայտնաբերեցինք, որ կողպեքները փոխված են: Ինչ է եղել բնակարանումս գտնվող գույքի հետ անհայտ է, ով է մուտք գործել իմ բնակարան, անհայտ է: Միայն ասեկոսներից իմացա, որ բնակարանս վաճառվել է այլ անձանց»:

Արա Միրզայանը Մաշտոցի պողոտա թիվ 33/1 շենքի 6-րդ հարկի 78.16 քմ մակերեսով իր բնակարանի նախնական առուվաճառքի պայմանագիրը կնքել է 2007 թվականի նոյեմբերի 15-ին նոտարական կարգով, վճարելով 38 մլն 400 հազար ՀՀ դրամ գումար: Հետագայում` 2010 թվականի հուլիսի 21-ին, «Արին կապիտալ» ներդրումային ընկերության տնօրեն Եսայանի  հետ կնքել են նոր նախնական պայմանագիր, որտեղ գնորդից խնդրել են նշել բնակարանի արժեքը ոչ թե լրիվ 38 մլն 400 հազար ՀՀ դրամի չափով, այլ 19 մլն 500 հազար դրամ. «Իրենց ասելով, որպեսզի շատ հարկեր չվճարեն և պայմանագրի հետ միասին ինձ տվեցին նաև մնացած գումարի չափով ստացական, որտեղ նշել են, որ ստացել են ինձանից նաև 60 հազար 600 ԱՄՆ դոլար, այսինքն` դրանց գումարայինը կազմում է իմ կողմից դեռ 2007 թվականին տված 38 մլն 400 հազար ՀՀ դրամը»,-պատմում է խաբված քաղաքացին :

Գնորդը նշում է, որ ոչ մի ծանուցագիր երբևէ չի ստացել, ոչ ոք իրեն տեղյակ չի պահել թե իր բնակարանը վաճառվել է. «Ես չգիտեմ, թե ինչ տեսակ անօրինություն է կատարվել, բացի ԴԱՀԿ ծառայությունից ոչ ոք ինձ իրավունք չուներ վտարել այդ բնակարանից, որտեղ են այդ որոշումները»:

Արա Միրզայանը վստահ է, որ կատարվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հանցագործություն, որի բացահայտումը միայն դատախազության միջոցով հնարավոր կլինի գտնել, իսկ այս ամենի գլխավոր դերակատարը ըստ գնորդի հենց Վլադիսլավ Մանգասարյանն է. «Ես վստահ եմ, որ ամեն բան Վլադն է արել, նա պետք է ինձ տար վկայականը, բայց չէր տալիս, անընդհատ ձգձգում էր, այսօր վաղն էր անում: Ու մի օր էլ հանկարծ Վլադն ասաց, որ բնակարանս ուրիշին են վաճառել, ինձ էլ ասում էր արի դատարակի տունը ապրանքներից, դու էստեղ բնակարան չունես: Վլադին 1-2 անգամ եմ շենքում տեսել, չեմ էլ իմացել, որ անունը Վլադ է, եթե մինչ այդ իմանայի նրա անունը, հետը գործ չէի բռնի: Ես էլի մի պարսկահայ ընկեր ունեմ, ով 2007թ. իմ գործարքից հետո Պարսկաստան վերադառնալիս ավտոբուսի մեջ ինձ պարտմեց, թե իրեն ինչպես են  թալանել և երբ իմացավ, որ բնակարան եմ ուզում գնել, շեշտեց, որ հանկարծ Վլադ անունով անձի հետ գործ չբռնեմ: Իսկ ես չգիտեի, որ Վլադն այստեղ էլ կա…»,- պատմում է քաղաքացին:

Նշենք, որ «Արին կապիտալ» ներդրումային ընկերության  սնանկության գործով 20.09.2011թ.որոշմամբ «ՎՄԳ գրուպ»-ի միջոցով Արայի բնակարանը տրվել է Նարինե Ալբերտի Չալաբյանին: Իսկ տուժած քաղաքացու բնակարանը այլ անձի հանձնելու միջնորդությամբ 15.09.2011-ին դատարանին դիմել է «Վ.Մ.Գ ՓԲԸ» գլխավոր տնօրեն Էդուարդ Մանգասարյանը` Վլադիսլավ Մանգասարյանի որդին: Երևանի կենտրոնի դատարանի 20.09.2011 թվականի որոշմամբ բավարարվել է  այդ միջնորդությունը, որով Վլադիսլավ Մանգասարյանին է անցել 81.8 քմ մակերեսով թիվ 21 բնակարանը և այն  պարտքի դիմաց հանձնել է Նարինե Ալբերտի Չալաբյանին:

Ի դեպ, տուժած ինչպես այս, այնպես և մի քանի այլ քաղաքացիների կողմից կատարված վճարումներից իր մասնաբաժինն ունի Վլադիսլավ Մանգասարյանի գործընկեր, ներկայումս սնանկ ճանաչված ընկերության  մյուս փայատեր Ղևոնդ Ղալումյանը:

Մասնավորապես, Արա Մալեք Միրզայանի կողմից բնակարանի համար վճարված գումարի մի մասը «Արին Կապիտալ» ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը 2007 թվ. նոյեմբերի 16-ին  ընկերության բանկային հաշվին մուտք է արել, իբրև, Ղևոնդ Ղալումյանի անունից ընկերությանը տրված  փոխառություն:  

Ղևոնդ Ղալումյանը 2007-2009թ.թ. շուրջ 9 և ավելի գնորդների կողմից կատարված  վճարներից նույն այս եղանակով իրականացված գործարքներից հետո, որպես կեղծ փոխառությունների վերադարձ, ընկերությունից ստացել է 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 333.275.870 ՀՀ դրամ գումար:

Ինչևէ, այս և մի շարք այլ խարդախությունների արդյունքում տուժած քաղաքացին ասում է, որ հիմա իր ընտանիքի հետ հայտնվել է փողոցում և սա այն դեպքում, երբ «Իրանում անցկացրած իր կյանքի աշխատանքը ներդրել է հայրենիքում տուն ունենալու համար»…

Նախորդ հոդվածը‘Արտակ Զաքարյան. Ազատության հրապարակն այնքան էլ հարմար վայր չէ խնդիրներ քննարկելու համար’
Հաջորդ հոդվածը‘Հովհաննես Սահակյան. Չեմ հասկանում, երբ հարցերի հարցը դարձնում են Ազատության հրապարակ գնալ-չգնալը’