‘Հայտնիների զավակները ԱԳՆ-ում ստացել են կցորդի աստիճան. Բաց նամակ’

12895

iLur.am-ի խմբագրությունը բաց նամակ է ստացել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նախկին սաներից մեկից, որը ներկայացնում ենք ստորեւ:

Երեկ ՀՀ ԱԳՆ նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ դիվանագիտական դպրոցի ավարտական վկայականների հանձնման արարողությունը, որից հետո դպրոցի 27 սաներից 16-ը ստացան կցորդի աստիճան: Ցավոք սրտի ես դուրս մնացի, սակայն դա չէ գրելուս հիմնական պատճառը, քանի որ, պետք է ընդունեմ, որ մատների արանքով էի նայում ուսման գործընթացին: Ինչպես ասում են` տեղ չունեմ բողոքելու: Բայց…. երևի թե այդ ամենով հանդերձ, ցուցակում ընդգրկված շատուշատ մարդկանցից ես «ամենաարժանին էի»: Ինչո՞ւ… Սկսեմ պատասխանել բոլոր ինչուներին: Ահա ներկայացնում եմ ցուցակը անուն առ անուն`

Վահե Առաքելյան` առաջին հայացքից առաքինի երիտասարդ, որը գերազանց տիրապետում է պարսկերեն լեզվին, «անցած»-ների մեջ թերևս արժանավորներից մեկը: Սակայն… ինչպես ես ինքս համոզվեցի, միշտ չէ, որ գիտելիքն է կարևոր, ուստի Վահեն պետք է շնորհակալություն հայտնի իր հորը` Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանին:

Գարիկ Գրիգորյան` երիտասարդ, որի մեծագույն հմտությունը դասերի ընքացքում քնով անցնելն էր: Եվ ոչ միայն դասերի, քանի որ վերջինիս համար հետաքրքիր չէր թվացել նաև ԼՂ նախագահ Բակո Սահակայանի հետ հանդիպումը: Քունն ավելի կարևոր էր… Ինչպես տեսնում եք՝ դիվանագետը պետք է լավ քնել կարողանա: Ինչպես ասում է նախարար Նալբանդյանը. դիվանագիտությունը արյան մեջ պետք է լինի: Փաստորեն հավատարիմ է իր ասածներին, չէ որ քունն էլ մարդու արյան մեջ է:

Հայարփի Դրմեյան` բավականին պատրաստված և խելացի անձնավորություն, բայց այս դեպքում էլ առանց հովանավորի հարցը գլուխ չէր գա: Հիշեցնեմ, որ Հայարփիի հայրը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է:

Ռիմա Կարապետյան` սերիալային դերասան Արթուր Կարապետյանի դուստրը: Դե լավ էլի, սերիալի դերասանի ասածո՞վ էլ….Չնայած, արդարության համար պետք է ասել, որ Ռիման նույնպես դասվում է սակավ արժանիների թվին:

Գայանե Մանուկյան` աղջիկ, (Արմնյուզի Արտակի քենին) որը չունի որևիցե արժանիք, բացի հիստերիան: Աղջիկ, որը ձախողել է մի շարք ՀՀ ԱԳՆ հիմնական կազմը համալրելու համար կազմակերպված արտաքին մրցույթներ: Աղջիկ, որը դիվանագիտական դպրոց ընդունվելու առիթով սպառնացել էր նախարարին: Բրավո~, պարո´ն Նալբանդյան. Դուք համահունչ եք քայլում եվրոպական արժեքներին և հետամուտ եք խոսքի ազատությանը: Մեկ զանգ, և ամեն ինչ մոռացվում է:

Լուսինե Մանուկյան` նույն ինքը երգչուհի Լուսինան` Անդրանիկ Մանուկյանի` Ուկրաինայում ՀՀ դեսպանի դուստրը, ինչպես նաև «Patchi» կոնֆետների խանութի սեփականատեր (հիշեցնեմ` ՀՀ դիվանագիտական ծառայության մասին օրենքի համաձայն` դիվանագետներին չի թույլատրվում զբաղվել առևտրային գործունեությամբ): Սակայն սա դեռ ամենը չէ, Լուսինեն գրանցել է առավելագույն թվով բացակայություններ, ինչը սակայն համարվում էր բարձր առաջադիմության նախապայման: Սովորել է ցածր գնահատականներով, եթե սովորել է:

Նարինե Մովսեսյան՝ Ղարաբաղի Առողջապահության նախարարի աղջիկն է, և կարծում եմ, այսքանով ամեն ինչ ասված է:

Քրիստինե Պետրոսյան՝ ամենամեծ թյուրիմացություններից մեկը, ով նույնիսկ ռուսերենին գերազանց չի տիրապետում, այն դեպքում, երբ ավարտել է Սլավոնական համալսարանը: Սակայն վերջինս նախագահականի վերահսկողությունից ինչ-որ մեկի աղջիկն է և նա անամոթաբար դասերի ընթացքում մեզ մոտ հայտարարում էր, թե ով է իր հայրը, և որ նրան բարձր գնահատականներ հարկավոր չեն, ինքն ամեն դեպքում անցնելու է:

Մարիետա Ստեփանյան Իրանի դեսպանատան աշխատակցի դուստրն է: Բա ո՞ւր մնաց սոլիդարությունը:

Ալֆրեդ Սադոյան, որը ազգանունից բացի, չունի ոչինչ: Կենտրոնի համայնքապետ Արա Սադոյանի որդին, որի բոյն ու խելքը հակադարձ համեմատական են։ 

Ցուցակն ավելի ընդգրկուն կլիներ, եթե ԱԳՆ-ի գլխին իսկական պատուհաս դարձած Բալայան Տիգրանի ուսանող-ստաժորները անցնեին, բայց այս անգամ թափը չհերիքեց, ինչից ակնահայտորեն բոլորը շատ ուրախ են։ ԱԳՆ խոսնակը հայտնի է, իր ստաժորների լոբբինգով։

Մեկը լինի ասի. պարոն Նալբանդյա´ն, Դուք ամենաշատը հինգ տարի էլ կմնաք ու կգնաք, ով է Ձեզ իրավունք վերապահել համակարգը համալրել անորակ կադրերով, ովքեր հետագայում խայտառակելու են մեր երկիրն արտերկրում: Ուր գնում է նախարար Նալբանդյանը մեծ հպարտությամբ նշում է դիվանագիտական դպրոցի  ստեղծման մասին` առանց մտածելու, որ ստեղծել է մի որջ, որտեղ «էլիտար» առևտուր է տեղի ունենում: Չե՞ք ամաչում:

Ծանոթ լրագրողներիցս մեկն ինձ պատմել է, որ նախարարի Արարողակարգի ծառայության աշխատակիցը հանդիպումներից առաջ բարձրացնում է նախարարի աթոռը` ցածրացնելով հյուրի աթոռի բարձրությունը: Ասել է, թե նախարար Նալբանդյանն ամաչում է իր հասակից: Պարոն Նալբանդյան, հասակից չեն ամաչում, չէ՞ որ դա պայմանավորված է բնությամբ և աշխարհագրությամբ: Ամաչում են, օրինակ, երբ խարխլում են պետականության հիմքերը, երբ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետը բողոքում է համակարգում տիրող կոռուպցիայից: Մի ժամանակ ավանդույթ կար, համաձայն որի` Դիվանագիտական դպրոցի քննություններին ներկա էին լինում եվրոպական կառույցների ներկայացուցիչները: Սակայն նրանք հրաժարվեցին այդ պարտականությունից. ավելի լավ է չտեսնել անարդարությունը, քան տեսնել ու լռել: Սրանից է պետք ամաչել, պարո´ն Նալբանդյան:

ԵՄ-ն մեծ գումարներ է ներդնում, դիվանագիտական դպրոցը ֆինանսավորելու համար, որպեսզի կադրեր պատրաստի, սակայն, այդ ֆինանսները երկրիս զարգացմանը նպաստելու փոխարեն, լճացնում  են այն էլ ավելի, էլ ավելի երերուն դարձնում նրա` առանց այն էլ խարխուլ հիմքերը: Ինչպես Քըրք Քրքորյանը դադարեցրեց  Լինսի հիմնադրամի գործունեությունն ու հեռացավ, ԵՄ-ն էլ մի օր ուշքի կգա: Սրանից է պետք ամաչել, պարո´ն Նալբանդյան: Չէ՞ որ մեր շարքերում կային շատ ավելի արժանի մարդիկ, ովքեր ունեին որակյալ կրթություն և մեծ նպաստ կբերեին մեր երկրին:

Հ.Գ.  Դիվանագիտական դպրոց ընդունելության չափանիշների մեջ պետք է ներառել «Էլիտար ազգանվան» պարտադիր պահանջը:

 \"\"

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ապրիլի 9-ին ուսանողները դասադուլ կանեն’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ փոխներկայացուցիչ . Կոտայքի մարզպետն իր արտահայտություններից հետո առնվազն բարոյական հիմք չունի պաշտոնավարելու’