‘Հայտնի է դարձել «Լիսկայի գործով» հաջորդ դատական նիստի օրը’

981

Այսօր iLur.am-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց,  որ «Լիսկայի գործով» հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 18-ին, ժամը 10:30-ին և դատաքննությունը վարելու է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը:

Հիշեցնենք, որ Բուդաղյանների ներկայացուցիչ Հ. Ալումյանը բողոք էր ներկայացրել դատարան՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (հայտնի Լիսկայի) որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին  ազատելու որոշման դեմ և Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով:  

Երեք դատավորները նախկինում որոշում էին կայացրել միավորելու միևնույն դեպքին առնչվող դատական գործերը: Հայկ Ալումյանը iLur.am-ին հայտնեց, որ հաջորդ դատական նիստին առաջնահերթ կբարձրացնի այն հարցը, թե դատավորի ընտրությունը ի՞նչ հիմունքների վրա է իրականացվել:

Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը բոլորովին վերջերս մեղադրվում էին այս տարվա հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության և նրա եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրավորելու համար: Քննչական մարմինը «հիմնավորել էր», որ Խաչատրյանի և Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, որի հիման վրա դադարեցվել էր հետապնդումը:  

Նախորդ հոդվածը‘Պուտինը Յանուկովիչին ու Սարգսյանին ստիպել է ՄՄ գնալ` ԿԳԲ-ի դոսիեի օգնությամբ. ուկրաինացի պատգամավոր’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Օրինաստեղծ գործունեություն ավելի շատ վարում է ոչ թե ԱԺ-ն, այլ գործադիրը ‘