‘Հայցվորը iLur.am-ից 6,624 մլն դրամ է պահանջում՝ պաշտոնեական դիրքի չարաշահման փաստը ներկայացնելու համար’

2317

Երեւանի Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ շարունակվեց Լուսինե Կիրակոսյանի հայցով դատն ընդդեմ iLur.am կայքի: Հայցվորը համարում է, որ iLur.am կայքում հրապարակված երկու նյութերում իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող տեղեկություններ են հրապարակվել, եւ պահանջում է հերքում տալ, ինչպես նաեւ՝ որպես վնասի հատուցում վճարել 6 մլն 624 հազար դրամ:  

Հիշեցնենք, որ նշված հոդվածներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ Արագածոտնի մարզային գրադարանի տնօրեն Լուսինե Կիրակոսյանը ստիպել է գրադարանի հավաքարար Ալիսա Սաֆարյանին նաեւ իր տան մաքրությամբ զբաղվել: Մերժում ստանալով՝ Կիրակոսյանը պահանջել է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել: Բացի դրանից, Կիրակոսյանը հաշվի չի առել նաեւ Սաֆարյանի առողջական խնդիրները:

Ալիսա Սաֆարյանի ամուսինը՝  Արթուր Ալավերդյանը, վկայի կարգավիճակով այսօր իր տված ցուցմունքում հաստատեց, որ հրապարակված տեղեկություններն ինքն է տրամադրել iLur.am-ի լրագրող Մարիամ Մուրադյանին, եւ որ դրանք համապատասխանում են իրականությանը: Վկան նշեց նաեւ, որ Կիրակոսյանն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել նաեւ իր հետ շփումներում, իսկ Կիրակոսյան պահանջները նկարագրվող շրջանում նյարդային մթնոլորտ են ստեղծել իր ընտանիքում:

iLur.am-ի թղթակից Մարիամ Մուրադյանն իր հերթին ցուցմունք տվեց եւ հայտարարեց, որ բարեխղճորեն վերարտադրել է Ալավերդյանի պատմածը եւ փորձել է ստանալ նաեւ Լուսինե Կիրակոսյանի մեկնաբանությունը խնդրի վերաբերյալ, սակայն նրա հետ կապ հաստատել չի հաջողվել:  Այնուհանդերձ, Մուրադյանը նշեց, որ պատրաստակամ է եղել արդեն քննվող նյութի հրապարակումից հետո եւս անհրաժեշտության դեպքում ներկայացնել Կիրակոսյանի տեսակետը, այդ թվում՝ նյութում բերված փաստերի հերքումը կամ հաստատումը:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Անահիտ Բեգլարյանը փորձում էր վկա Մարիամ Մուրադյանից տեղեկանալ՝ արդյո՞ք նա չի փորձել այլ ճանապարհներով ճշտել տեղեկության իսկությունը, սակայն դատավոր Մելքումյանը նկատողություն արեց, որ տեղեկության աղբյուրը հայտնի է,  հետեւաբար, այն փոխանցող լրագրողը դրանում առկա փաստերը ստուգելու խնդիր չունի:

Հայցի մեջ նշված հաջորդ հոդվածի հետ կապված հանգամանքները պարզելու համար դատավորը հետաձգեց նիստը մինչեւ 2015-ի փետրվարի 26-ը: Նշենք, որ ըստ այդ հոդվածի՝ Լուսինե Կիրակոսյանը Արագածոտնի մարպետարանի աշխատակից Լիլի Կիրակոսյանի քույրն է: Վերջինս, ըստ հոդվածի, ավելի վաղ ազատվել է Աշտարակի ավագ դպրոցի տնօրենի պաշտոնից՝ մատյաններն այրելու եւ դպրոցի հավաքարարին ծեծելու համար, սակայն, ըստ աղբյուրի, քանի որ վայելում է մարզպետ Ս. Սահակյանի հովանավորությունը, պատշաճ պատասխանատվության չի ենթարկվել: Այս տեղեկատվությունը, բացի iLur.am-ից հրապարակվել է նաեւ մի շարք այլ լրատվամիջոցներում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ի դեպ, դատական նիստի ավարտից հետո Ալիսա Սաֆարյանի ամուսինը iLur.am-ին տեղեկացրեց, որ Սաֆարյանն, այնուամենայնիվ, ազատվել է հավաքարարի աշխատանքից սեփական դիմումի հիման վրա, եւ որ դիմումը գրել է ճնշումների ներքո:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «ապահով Հայաստանում» ոչ բոլորն են բանտ նստում ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում և Իրաքում տասնյակ հազարավոր օտարերկրյա գրոհայիններ են կռվում’