‘Հայ-ադրբեջանական կլոր սեղանի մասնակիցները պայմանավորվել են անցկացնել տոլմայի փառատոն (տեսանյութ)’

1162

Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքները հոկտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունը: Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունից` հանդիպմանը ներկա են եղել ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, ադրբեջանական համայնքի ղեկավար Սոյուն Սադիկովը, հայկական համայնքի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Արմեն Սմբատյանը, Գեորգի Տեր-Ղազարյանը, Նորատ Տեր-Գրիգորյանը, Գրիգորի Անիսոնյանը, հատուկ հյուրի կարգավիճակով` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, այլք:

Կլոր սեղանի հիմնական նպատակն է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնել երկխոսություն հաստատելու միջոց, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում թույլ չտալ ազգամիջյան հակամարտություններ: Երկու կողմերն էլ դրական են գնահատել միջոցառման արդյունքները և ցանկություն հայտնել հասնելու փոխըմբռնման: Հանդիպման ընթացքում շատ է խոսվել ՌԴ-ում հայերի և ադրբեջանցիների հարաբերություններ սրման վերաբերյալ, սակայն նման ելույթները որևէ փաստերով չեն ամրագրվել: Ողջ միջոցառման ժամանակ որևէ կառուցողական առաջարկ չի ներկայացվել առկա խնդիրների լուծման շուրջ: Առաջարկվել է միայն անցկացնել Սայաթ Նովայի երգերի համատեղ համերգ և տոլմայի փառատոն:

Հանդիպման ընթացքում հնչում էին երկու ազգերի եղբայրական հարաբերությունների վերաբերյալ ջերմ խոսքեր, խորհրդային ժամանակաշրջանում տարաձայնության բացակայության և այլնի մասին:

Միևնույն ժամանակ հայկական համայնքի ներկայացուցիչ Լուսիկ Ղուկասյանը բարձրաձայնել է ադրբեջանական կողմից հայերին, այդ թվում Արա Աբրահամյանին ահաբեկիչներ անվանելու փաստերը և նշել, որ հայկական կողմը կողմ է խնդիրների լուծմանը և պատրաստ է հետագայում ևս շարունակել ակտիվ երկխոսությունը ադրբեջանական համայնքի հետ: 

ՌԴ-ի հայկական և ադրբեջանական համայնքների հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի կեսերին:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի գործընկեր քաղաքների ներկայացուցիչների հետ ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 27-ին Փարիզում’