‘Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը’

7221

Փետրվարի 20-ին շտապ հանրահավաքի մասին իրազեկումից հետո՝ օրինական հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված իշխանության քայլերը վերածվել են քաղաքական ահաբեկչության լայնածավալ գրոհի։ Հանրահավաքը տապալելու համար իշխանությունն ընտրել է Համաժողովրդական շարժման դեմ ապօրինի բռնությունների, ահաբեկման ճանապարհը՝ այս անգամ որպես հիմնական թիրախ ընտրելով ԲՀԿ կառույցները եւ անհատներին։ Մասնավորապես ԲՀԿ տասնյակ ակտիվիստների բերման են ենթարկել Աջափնյակի, Արաբկիրի, Նուբարաշենի տարածքային գրասենյակից եւ ժամեր շարունակ պահել ոստիկանական բաժանմունքներում, շինծու պատրվակներով մտել է նաեւ Շենգավիթի, Կենտրոնի եւ Մալաթիայի գրասենյակներ։ Խախտելով օրենքի պահանջը, համապատասխան ոստիկանական բաժանմունքները հրաժարվել են ներս թողնել բերման ենթարկվածներին այցելության գնացած ԱԺ պատգամավորների։

Ոստիկանական շարունակվող ապօրինություններն ու կամայականություններն, ըստ էության, ուղղված են ընդհանրապես Համաժողովրդական շարժման դեմ։ Դրանք վկայություն են իշխանության՝ քաղաքական լեզվով խոսելու անկարողության, ի դեմս փետրվարի 20-ի հանրահավաքի՝ սեփական ժողովրդի ու նրա կամքի հետ առերեսվելու վախի։

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է վերջ տալ ոստիկանական կամայականություններին, ահաբեկչական մեթոդներին։ Կոնգրեսը հայտարարում է, որ  իր բոլոր կառույցնելով վճռականորեն կանգնած է լինելու յուրաքանչյուր բռնության ենթարկվածի կողքին, մինչեւ հաղթական ավարտ պայքարելու է Համաժողովրդական շարժման հռչակած նպատակաների իրականացման համար։

Նախորդ հոդվածը‘Վաշինգտոնում ձնաբքի պատճառով փակվել են պետական հիմնարկները’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Շախտյորը» և «Բավարիան» գրանցեցին գոլազուրկ ոչ ոքի (տեսանյութ)’