‘Հայ Առաքելական եկեղեցին քննում է քրիստոնեության տարբեր ուղղություններ դավանողների ամուսնության հարցը’

1083

Քրիստոնեության տարբեր ուղղություններ դավանողների ամուսնությունների հարցը, որը կներկայացվի առաջիկա եպիսկոպոսական ժողովին, քննարկելի է Հայ Առաքելական եկեղեցու կողմից` հաշվի առնելով սփյուռքի գոյության գործոնը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Գոյություն ունի ծիսական հանձնախումբ, որը զբաղվում է Հայ Առաքելական եկեղեցու ծիսական ժառանգության ուսումնասիրմամբ, այդ թվում նաև քրիստոնեության տարբեր ուղղություններ դավանողների ամուսնությունների հարցով, որից հետո նոր միայն հարցը ներկայացվում է եպիսկոպոսական ժողովի հաստատմանը: Այդ հարցը դեռ ուսումնասիրությունների փուլում է հաձնախմբի կողմից, առաջիկա եպիսկոպոսական ժողովում կներկայացվի Մկրտության խորհուրդը, իսկ հաջորդը կլինի Ս.Պսակի կարգը»,-ասաց Տեր Վահրամը` հավելելով, որ ծիսական հանձնախումբն առաջնորդվում է որոշակի հաջորդականությամբ:

Կ. Պոլսի հայոց պատրիարքարանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ պատրիարքարանն օրհնում է քրիստոնյաների ամուսնությունները: «Բայց ինչ վերաբերում է քրիստոնյայի և ոչ քրիստոնյայի ամուսնությանը, ապա պատրիարքարանը չի օրհնում այդ պսակը` ելնելով Հայ Առաքելական եկեղեցու օրենքներից և սկզբունքներից»,- տեղեկացրին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանից` հավելելով, որ քրիստոնյայի և ոչ քրիստոնյայի ամուսնությունից ծնված երեխաները կնքվում են եկեղեցու կողմից` պայմանավորված քրիստոնյա ծնողի դիմումով, ոչ քրիստոնյա ծնողի և կնքահոր համաձայնությամբ:

Նախորդ հոդվածը‘Վարշավայում ազգայնականների ցույցը վերածվել է զանգվածային անկարգության’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլիի վարչակազմի պաշտոնյաները շտապում են հեռանալ երկրից’