‘Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի պաշտոնական կայքը դեռ հայերեն տարբերակ չունի’

1535

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի պաշտոնական կայքը, պարզվում է, հայերեն տարբերակ չունի: Կայքը, որը բավական հարուստ տեղեկատվություն է պարունակում ինչպես թեմի, այնպես էլ Առաքելական եկեղեցու գործունեության եւ պատմության եւ, ընդհանրապես, հայոց պատմության մասին, թողարկվում է բացառապես ռուսերենով:

Այս հանգամանքն առավել եւս աչքի է զարնում՝ հաշվի առնելով, որ ՀԱԵ-ն հանդես է գալիս որպես գաղթօջախներում հայապահպանության ջատագով: Իսկ ռուսաստանյան սփյուռքը, ինչպես հայտնի է, ամենամեծն է եւ օբյեկտիվ պատճառներով ավելի է  հակված կորցնելու լեզուն եւ ազգային ինքնությունը:

ՀԱԵ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի մամուլի խոսնակ Ալվարդ Նազարյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ կայքի հայերեն տարբերակը կգործարկվի, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամիս: Նրա խոսքով, վերջին շրջանում թեմի կայքն ամբողջովին վերափոխվել է, եւ աշխատանքները դեռևս շարունակվում են անգամ ռուսերեն բաժնում:

Ինչ վերաբերում է հայերեն բաժնին, ապա, ըստ խոսնակի, տեխնիկական հարցերն արդեն լուծված են: «Կարծում եմ, ամենաուշը մեկ ամսից կավարտենք նաև նյութերի, նկարների ու վիդեոյի տեղադրման հարցերը», — նշեց Ալվարդ Նազարյանը: Նա նշեց նաեւ, որ պաշտոնական կայքին զուգահեռ գործում է նաեւ Ֆեյսբուքում թեմի պաշտոնական էջը, որտեղ «հայերեն տեղեկատվության պակաս չկա»:

Նշենք, որ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմը գլխավորում է Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Եզրաս սրբազանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հարազատ եղբայրն է: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը «սաքուլիկենցից» վիրավորված լրագրողներին առաջարկում է դիմել վարչական դատարան’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի եւ Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիաները կհամագործակցեն’