‘Հայ Դատի գրասենյակը չի պաշտպանելու ԱՄՆ նախագահի և ոչ մի թեկնածուի’

872

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ ո՛չ նախագահ Բարաք Օբաման, ո՛չ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, չեն վաստակել հայ համայնքի աջակցությունը նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում։

 «Ո\’չ Բարաք Օբաման, ով չկատարեց իր խոստումները, ո\’չ նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, մեր համայնքին մտահոգող խնդիրների շուրջ հանրային զեկույցով հանդես չեն եկել՝ վաստակելու ամերիկահայերի քվեները»,-ասել է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Քեն Հաչիկյանը։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը, չնայած Կոնգրեսի, նահանգների, լրատվամիջոցների, ամերիկյան քաղաքացիական հասարակության խնդիրներում գրանցված առաջընթացի, արտաքին քաղաքականության հարցում ամերիկահայերին հուզող խնդիրների շուրջ շարժվում է Անկարայի և Բաքվի թելադրանքով։

Հայ Դատի գրասենյակը նաև ուշադրություն է դարձնում այն փաստին, որ նախագահ Բարաք Օբաման 2008 թ. ուներ ամերիկահայերի քվեները, քանի որ խոստացել էր աշխատել Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև ամերիկահայերին հուզող այլ խնդիրների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ։ Սակայն գալով իշխանության՝ նախագահ Օբաման չկատարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ինչպես նաև այլ ոլորտներում տրված խոստումները։

«Նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին՝  Մասաչուսեթսի նախկին նահանգապետը, նահանգ, որտեղ բնակվում է ամերիկահայ ամենավառ համայնքը,  իր կառավարման (նահանգապետի պաշտոնում), ինչպես նաև քարոզարշավի ընթացքում ոչինչ չի հայտարարել հայկական հարցերի վերաբերյալ։ Նա նաև չի հանդիպել և չի խորհրդակցել հայ համայնքի ղեկավարության հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան ‘
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ուղերձ է հղել Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներին ‘