‘Հայ դիրիժորը բաց նամակ է գրել ադրբեջանցի գործընկերներին ‘

2295

Դիրիժոր Վարդան Հակոբյանն այսօր Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ բաց նամակ է գրել ադրբեջանցի իր գործընկեր երաժիշտներին:

ilur.am-ը նամակն ամբողջությամբ ներկայացնում է ստորեւ.

«Արդեն բավականին ժամանակ է անցել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի օրվանից: Մինչեւ այժմ սպասում էի Ադրբեջանի մտավոր խավի արձագանքին, ոչ թե էքստրադիցիայի ենթարկված Սաֆարովին ազատ արձակելու, այլ Սաֆարովին որպես հերոս օծելու վերաբերյալ: Անկեղծ ասած՝ չեմ հավատում, որ ամբողջ Ադրբեջանի համար մարդասպանը կարող է ազգային հերոս լինել, այն էլ այն դեպքում, երբ նա սպանել
է իր կոլեգային քնած ժամանակ: Քնած մարդուն սպանելը նույն է, թե երեխա սպանես: Ինչը՞ կարող է այդտեղ հերոսությում համարվել: Ավելին, ես կասեի՝ դրանով բացահայտել է իր թուլությունն ու վախը նրանում, որ արթուն ժամանակ ռիսկ չի արել հարձակվել, կամ ինչպես առաջներում էին անում՝ հրավիրել դուելի: Զինվորականին անվայել պահվածքով այդ նախկին սպան չի կարող լինել հերոս որեւէ հասարակության մեջ: Զինվորականի ասպետական պահվածքի կանոնները մեզ մոտ դրված են եղել դեռ մեր էպոսի մեջ, որը գույություն ունի հազարամյակներ: Մեր էպոսում, երբ Սասունցի Դավիթը գալիս է Մսրա Մելիքի մոտ, մարտի կոչ է անում, թե
Ով քնած է՝ արթուն կացեք,
Ով արթուն եք՝ ելեք կեցեք,
Ով կեցել եք՝ զենք կապեցեք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցեք,
Հետո չասեք, թե մենք քնած՝
Դավիթն գող-գող եկավ գնաց:
Համոզված եմ, որ այս կանոնները գործում են բոլոր իրենց հարգող բանակներում:
Այս պատմությունն ունի 3 կողմ: Այն, որ Սաֆարովին վերադարձրին Ադրբեջանին, դուք կարող էիք համարել ադրբեջանական դիվանագիտության հաղթանակ, երբ Ալիեւը նրան ազատ արձակեց, դա ընդամենն իր փոշիացած վարկանիշը բարձրացնելու էժան փորձ էր, բայց երբ նման մարդու հերոսացնում են՝ դա արդեն հասարակության պրոբլեմն է: Մի հասարակության մեջ եթե նմանակման առարկա է դառնում ստոր ու ՎԱԽԿՈՏ մարդասպանը, դա ոչ մի լավ բան չի ասում այդ հասարակության մասին: Եթե դուք դա արդարացնեք այն հանգամանքով, որ նա ընդամենը հայ է սպանել, դա նշանակում է, որ դուք մեծացնելու եք մի ամբողջ սերունդ, որի նպատակն է լինելու հայ սպանել, որն էլ իր հետ բերելու է հակադարձ ազդեցություն հենց Ադրբեջանի վրա, որովհետեւ զուգահեռ մեծանալու է հայ վրիժառու սերունդ, որն էլ պիտի հետամուտ լինի մարդասպան ադրբեջանցուց վրեժ լուծելու գործին, ու այդպես վերանալու են համերաշխ ապրելու բոլոր հեռանկարները: Եթե ոչ այսօր, թեկուզ 10 կամ 100 տարի հետո մենք էլի ապրելու ենք բաց սահմաններով, ինչպես նախկինում: Դա անխուսափելի է: Գուցե այն ժամանակ գտնվեն ադրբեջանցիներ, որոնք կնախընտրեն ապրել ազատ ու անհամեմատ ավելի ժողովրդական Արցախում, քան Ալիեւի կողմից ֆեոդալական երկիր դարձրած Ադրբեջանում: Իսկ կացնային դիվանագիտությունը մեզ տանելու է փակուղի: Ի վերջո՝ մենք ապրում ենք կողք կողքի, դա է մեր աշխարհագրական դիրքը: Եւ ինչքան շուտ մենք դա գիտակցենք, այնքան ավելի շուտ կազատվենք հավերժ թշնամի մնալու մտքից: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բազմաթիվ ադրբեջանցիներ պարսկական կամ թուրքական անձնագրով գալիս են Հայաստան տարբեր գործերով: Դրանց մի մասը բիզնես պլաններով է գալիս, մի մասն էլ հանգստանալու կամ սեփականություն գնելու նպատակով: Այսօր Երեւանի փողոցներում կարելի է լսել եւ թուրքերեն, եւ նույնիսկ ադրբեջաներեն խոսակցություններ, եւ ոչ մեկի մտքով չի անցնում սպանել նրանց հենց մենակ նրա համար, որ նա թուրք կամ ադրբեջանցի է: Մենք՝ երաժիշտներս, ունենք ընդհանուր աշխարհ, որտեղ քաղաքականությունը տեղ չունի, որտեղ կան միայն բարոյական ու համամարդկային արժեքներ: Հուսով եմ՝ կլսեմ Սաֆարովի հերոս կերպարի ձեր դատապարտող հայտարարությունները, եւ մենք դրանից հետո հնարավորություն կունենանք կառուցելու նոր հարաբերություններ: Եթե դա չեն կարողանում անել դիվանագետները, կանենք մենք՝ երաժիշտներս:
Իմ նպատակն այն չէ, որ դուք, դատապարտելով մարդասպանին, բարձրացնեք հասարակ ադրբեջանցու վարկանիշը հանրության առաջ, այլ այն, որ երբեւէ էլ չլինեն որդեկորույս մայրեր կամ որբացած երեխաներ, անկախ նրանից, թե որ կողմից են նրանք: Աստված տվել է մեզ մեկ կյանք, եւ մենք իրավունք ունենք այն ապրելու, ու ապրելու երջանիկ:

Հարգանքներով՝ Վարդան Հակոբյան
Դիրիժոր

Նախորդ հոդվածը‘Վաղը ԼՂՀ-ից օգնություն կառաքվի սիրիահայերին ‘
Հաջորդ հոդվածը‘Դանի Ալվեշ. «Ռեալը» տարօրինակ դրության մեջ է հայտնվել’