‘Հայ-թուրքական արձանագրությունները յուղոտ խաչ քաշեցին «բարեկամ թուրքի» կերպարի քարոզչության վրա ‘

1048

«Եթե Ադրբեջանը զգա, որ ինքն ուժեղ է, և իր հարվածը չի ստանա հակահարված, ապա նա չի սպասի Թուրքիայի կողմից Սիրիայի վրա հարձակմանը, այլ  Հայաստանից դեպի Ադրբեջան թռած ագռավն անգամ կարող է պատճառ հանդիսանալ պատերազմական գործողությունների վերսկսման համար», — iLur.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ շեշտելով, որ թուրք-սիրիական հնարավոր պատերազմն այնքան էլ ուղիղ կապ չունի հայ-ադրբեջանական բախման հետ:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ապագային՝ թուրքագետը նշեց, թե փորձը ցույց է տվել, որ 2005-ից Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները գաղտնի բանակցել են, որի մասին մենք իմացել ենք միայն 2009-ին:

«Մեր իշխանություններն իրենց պատկերացմամբ՝ շատ լավ բան անելու, սակայն դա գաղտնի պահելու ձեռագիր ունեն: Ինչ վերաբերում է Հայաստանում քարոզվող  «թուրք բարեկամի» կերպարին՝  այսօր և երեք տարի առաջ, ապա արձանագրությունները շատ յուղոտ խաչ քաշեցին այդ նախաձեռնողականության վրա, քանի որ եթե առաջ կար մարդկանց մի հատված, որը փորձում էր հավատալ Թուրքիային, հիմա բոլորը հասկացան, որ թուրքերի հետ չի կարելի խաղ խաղալ, քանի որ իրենք գնում ու սկսում են երգել իրենց հին երգը»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ թե՛ Հայաստանի հասարակությունը, թե՛ իշխանությունները, ինչպես 2009-ին պատրաստ չէին հարաբերություններ սկսել թուրքիայի հետ, այնպես էլ հիմա պատրաստ չեն:

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ կարելի է բնականոն հարաբերություններ հաստատել ՝ նրանց ամենևին էլ բարեկամ չհամարելով ու չվստահելով: 

Նախորդ հոդվածը‘Չիլի — Արգենտինա խաղի մրցավարը լուսանկարվել է Մեսիի հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Թուրքագետ. Այն, ինչ լավ է Իրանի համար, վատ է՝ Թուրքիայի համար’