‘Հայ օլիմպիական չեմպիոնը մարտի 1-ից հացադուլ է հայտարարելու’

1180

«Մարտի 1-ից ես հացադուլ եմ անելու` այդպիսով արտահայտելով իմ բողոքը ըմբշամարտը օլիմպիական ծրագրից հանելու մասին ՄՕԿ-ի գործկոմի որոշման դեմ: Հացադուլս կշարունակեմ մինչեւ մարտի 22-ը` խմելով միայն օշարակ»:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հունահռոմեական ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը։

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի գործկոմի որոշմամբ, ըմբշամարտը բեյսբոլի, սոֆտբոլի, կարատեի, մարզական ժայռամագլցման, սկվոշի, ուշուի, վեյկբորդինգի, ռոլերսպորտի հետ ընդգրկված է 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրի հավակնորդ մարզաձեւերի ցուցակում։

«Ես հացադուլով իմ բողոքն եմ արտահայտելու ՄՕԿ-ի գործկոմի որոշման դեմ, որպեսզի այդ որոշումը չընդունվի: Ըմբշամարտի պաշտպանման համար ամեն ինչ կարելի է անել` օլիմպիական մեդալից հրաժարվել, մոտ մեկ ամիս հացադուլ հայտարարել եւ այլն: Ըմբշամարտը միշտ եղել է Օլիմպիական խաղերի ծրագրում եւ սխալ է այն հանել Օլիմպիական խաղերից: Հացադուլ եմ անելու, չեմ ուտելու, միայն խմելու եմ օշարակ: Հացադուլիս միանալու է նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչը: Մենք միասին ենք հացադուլ անելու: Այդ մեկ ամսվա ընթացքում ես հավաքականի հետ լինելու եմ ուսումնամարզական հավաքների: Կավարտեմ Եվրոպայի առաջնության ժամանակ:

Այս կերպ բողոք ներկայացնելը, կարծում եմ, կազդի ՄՕԿ-ի գործկոմի վրա, եւ նրանք կվերանայեն որոշումը նախքան ընդունումը:

Ամեն մեկս փորձում ենք մեր ձեւով արտահայտել մեր դժգոհությունը, ինչպես, օրինակ, Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը հրաժարվեց իր օլիմպիական մեդալից: Բոլորը հերթով իրենց մեդալները հետ են տալիս, ես էլ հացադուլ եմ անում, որպեսզի պահպանենք ըմբշամարտը:

Կարծում եմ` ըմբշամարտի ներկայացուցիչների բողոքը թույլ կտա, որ ՄՕԿ-ի որոշումը, հարցը ավելի շուտ լուծում գտնի, չձգվի մինչեւ սեպտեմբեր:

Հացադուլս կավարտեմ մարտի 22-ին` Եվրոպայի առաջնության մեկնարկի ժամանակ, որը տեղի կունենա Թբիլիսիում»,- ասել է Արմեն Նազարյանը:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’