‘Հայ ֆուտբոլասերների արկածները Բուլղարիայում’

1197

Հայ երկրպագուների FAF շարժումը իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է հրապարակել` ներկայացնելով մեր հավաքականի  Բուլղարիա ուղևորության մի շարք ուշագրավ մանրամասներ:

 Սեպեմբերի 7-ին` Մալթա — Հայաստան հանդիպումից անմիջապես հետո մեր ֆան շարժման 49 անդամներ ավտոբուսով ուղևորվեցին դեպի Սոֆիա` Բուլղարիա — Հայաստան հանդիպմանը մեր թիմին մարզադաշտից աջակցելու համար: Պետք է նշել, որ ուղևորությունը տեղի ունեցավ մեր գործընկեր Beeline-ի անմիջական աջակցությամբ, որին մեր բոլոր անդամների անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել:

Սա առաջին դեպքն էր հայակական ֆան մշակույթի պատմության մեջ, երբ Երևանից այսքան երկրպագուներ մեկնում էին արտագնա հանդիպման, այդ պատճառով այս ուղևորությունը պատմական է ոչ միայն FAF-ի, այլ ամբողջ հայկական ֆուտբոլի պատմության մեջ: FAF-ի շուրջը Բուլղարիայում միավորվեցին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մեր հայրենակիցները:

Չնայած ճանապարհին հանդիպած որոշ դժվարություններին (Թուրքիայի սահմանապահների «կամքով» ստիպված էինք մի ամբողջ գիշեր անցկացնել Թուրքիայի ու Բուլղարիայի սահմանին, մինչև կարգավորվեցին բոլոր հարցերը) մեր ավտոբուսը հասավ Սոֆիա` նախատեսվածից մոտ 2-3 ժամ ուշ: Իսկ Բուլղարիայում հանդիպած ընդունելությունը հակասական տպավորություն թողեց: Մի կողմից տեղի ժողովուրդը բավականին բարյացկամ էին տրամադրված, մյուս կողմից խաղի նախօրեին և անմիջապես խաղից հետո կատարված դեպքերը այլ բանի մասին են վկայում:

Շատ է խոսվել բուլղարացի սափրագլուխների հարձակման մասին FAF-ականների վրա: Իրականում հարձակումը եղել է արտերկրից ժամանած երկու , ինչպես նաև հայաստանաբնակ 2 FAF-ականների վրա, ովքեր ազգային հավաքականի մարզաշապիկներով զբոսնել են «Վասիլ Լևսկի» մարզադաշտի շրջակայքում: Անակնկալի եկած երկրպագուները պատասխանել են սափրագլուխներին, կարճ ընդմիջումից հետո վերջիններս դիմել են փախուստի:

Մեզ համար ընդհանրապես անակնալ էր բուլղարացի երկրպագուների նման պահվածքը, քանի որ մենք շատ բարեկամական էինք տրամադրված: Ակցիաներից մեկում պաստառի վրա պատահական չէր պատկերված մեր ժողովրդի հերոս Անդրանիկ Օզանյանի նկարը, ով նաև Բուլղարիայի ազգային հերոսն է: Ամբողջ հանդիպման ընթացքում մեր սեկցիայի ուղղությամբ նետվել են երկաթե ու պլաստիկ առարկաներ, եղել են վիրավորական ժեստեր, արտահայտություններ, որոնք չէին կարող անպատասխան մնալ:

Քչերը գիտեն խաղից անմիջապես հետո տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ոստիկանների մեծ խումբ ուղեկցում էր FAF-ին մոտակա փողոցը, որտեղից պետք է տաքսիներով ուղևորվեինք հյուրանոց: Երբ փողոցում արդեն մնացել էին FAF-ի 5-6 անդամներ, հիմնականում` ղեկավար կազմից, պետք էր գտնել մեծ բեռնախցիկով մեքենա` պաստառներն ու թմբուկը տեղավորելու համար: 2 րոպե անց հաջողվեց գտնվել այդպիսի մեքենա, ու երբ տեղավորում էինք ատրիբուտները տաքսու բեռնախցիկում, անտեղի հրմշտոց սկսվեց ոստիկանապետի կողմից, ով կարծես, չկամությամբ կատարելով իր պարտականությունները, շտապում էր շուտ ավարտել աշխատանքը: Ոստիկանների այն խումբը, որն ուղեկցում էր մեզ, հարձակվեց մեզ վրա` տեսնելով իրենց վերադասի ագրեսիվ պահվածքը: Սկսված իրարանցումի ժամանակ, տաքսին, որտեղ տեղադրվել էին մեր պարագաները, չսպասեց և անհետացավ Սոֆիայի փողոցներում: Բարեբախտաբար նա լսել էր հյուրանոցի անունը և մոտ մեկ ժամ հետո բերեց մեր ատրիբուտները հյուրանոց: Իսկ կրքերը հանդարտվելուց հետո մենք ոստիկանական կազմի երեսին խոստացանք, որ Երևանում նրանց ֆուտբոլիստներն ու երկրպագուները մեղմ ասած ջերմ ընդունելության չեն արժանանալու:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը վիրավորվել է Ժիրինովսկու հայտարարություններից’
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկայում գազաբաշխիչ կայանում զոհվել է 26 մարդ’