‘Հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները’

1020

Դեկտեմբերի 4-ին Կիևում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձնազրույցից հետո նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպման համատեքստում համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով, մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ։

Նախարարները և համանախագահները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները: Համանախագահները հայտնել են այդ նպատակով առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրությունը։

ԱԳ նախարարներն, ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի կարևորությունը, շնորհակալություն են հայտնել նրանց խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի համար:

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Կայացել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը ‘