‘Հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները’

1004

Մարտի 14-ին կայացավ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Գիդո Վեստերվելեի հանդիպումը: 
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի Հայաստան իր այցելությունը և սպասում է նորից այցելելու հնարավորությանը: Նախարար Վեստերվելեն գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծեց, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ: 
Շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ անկախությունից ի վեր հայ-գերմանական հարաբերությունները կանոնավոր կերպով զարգացել են, իսկ վերջին տարիներին նոր թափ են ստացել՝ ամրապնդվել և ընդլայնվել։ Նախարարը վստահություն հայտնեց, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ դրանք առավել կխորանան: Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկը, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին: «Հայաստանը գերմանական զորախմբի հետ է խաղաղապահ գործունեություն իրականացնում Աֆղանստանում, և այդ ձևաչափով համագործակցությունը ապացուցել է իր արդյունավետությունը»,- ասաց նախարար Նալբանդյանը: 
Նախարարները գոհունակությամբ ընդգծեցին, որ երկու երկրների միջև զարգանում է փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ստեղծվել է ամուր իրավապայմանագրային դաշտ, ակտիվ են միջխորհրդարանական շփումները, ընդլայնվում են գործարար կապերը: 
Զրուցակիցները արծարծեցին նաև մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության սերտացման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: 
Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները անդրադարձ կատարեցին կովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանն առնչվող հարցերին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: 
Նախարարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը: 
Նախարարները պայմանավորվեցին շարունակել պարբերական հանդիպումները՝ թե փոխադարձ այցելությունների, թե բազմակողմ համաժողովների շրջանակներում: 
Ավարտելով այցելությունը Գերմանիա՝ Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Աթենք:

Նախորդ հոդվածը‘Տիկոյի օֆիս չհասած՝ աջի վրա. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: 1-ին տուրում՝ Արոնյան-Կառլսեն’