‘Հանդիպումներ, որոնց արժե հետևել’

812

Գավաթային հանդիպումներով հագեցած շաբաթվանից հետո եվրոպական թոպ առաջնությունում այս շաբաթ և կիրակի տեղի կունենա հերթական տուրը: Ճիշտ է, որոշ թիմերի մտքում ավելի շատ կլինեն հաջորդ շաբաթվա ընթացքում տեղի ունենալիք հերթական գավաթային խաղերը: iLur.am-ը, ինչպես միշտ, ձեզ համար առանձնացնում է ամենահետաքրքրաշարժ հանդիպումները:

«Յուվենտուս» — «Ջենոա»

Շաբաթ, ժամը 23:45

Յուվեն շարունակում է անկայուն վիճակում գտնվել, բայց դեռևս դա կարելի է օբյեկտիվորեն կապել մրցաշրջանի այս հատվածում խաղերի հագեցվածության և դրա հետևանքով հոգնածության կուտակման հետ: Թուրինցիները պետք է փորձեն մինչ ՉԼ-ի խաղերը ներքին առաջնությունում հետապնդող թիմերից որքան հնարավոր է՝ ավելի շատ պոկվել: Ջենովացիները, իրենց հերթին, այս մրցաշրջանում, չնայած որակապես լավ խաղի, ստիպված են պայքարել «Սերիա Ա»-ից դուրս չմնալու համար: Գուցե և նրանց հաջողվի այն, ինչ հաջողվեց իրենց համաքաղաքացիներին, Բորիելլոն և Իմմոբիլեն՝ Յուվեի երկու նախկին խաղացողները, ամեն կերպ կփորձեն նպաստել դրան:

«Շտուտգար» — «Բավարիա»

Կիրակի, ժամը 20:30

Գվարդիոլայի հետ պայմանագիր կնքելուց հետո մյունխենցիների խաղին այժմ հետևում են ոչ միայն «Բունդեսլիգա»-ի, այլև ամբողջ աշխարհի երկրպագուները: Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսին էին բավարացիները Պեպից առաջ, և ինչպես նրանք փոխվեցին Պեպի հետ: «Շտուտգար»-ը կպայքարի ամեն կերպ, որպեսզի միավորներ փախցնի առաջատարից: Տանտերերը դժվար թե փակ ֆուտբոլ խաղան սեփական հարկի տակ, ինչը մեզ խոստանում է հերթական գոլառատ հանդիպումը «Բավարիա»-ի մասնակցությամբ:

«Ռեալ Մադրիդ» — «Խետաֆե»

Կիրակի, ժամը 15:00

Մադրիդյան մինի դերբի: Երկու թիմերն էլ գտնվում են ծայրահեղ վատ վիճակում: «Խետաֆե»-ն արդեն 6 հանդիպում է, ինչ չի հաղթել, և միայն հաջող մեկնարկի շնորհիվ է, որ այժմ չի պայքարում «Պրիմերա»-ից դուրս չմնալու համար: «Սերուցքայիններ»-ի ներհանդերձարանային խնդիրները հայտնի են բոլորին, բայց «Վալենսիա»-ի հետ խաղերի շարքից պետք է ենթադրել, որ այժմ դրանք ավելի քիչ են անդրադառնում խաղային խնդիրների վրա: Մադրիդցիները մտքում պահում են չորեքշաբթի օրը տեղի ունենալիք «Սուպերկլասիկո»-ն, և շատ հնարավոր է՝ Մոուն հանգստանալու հնարավորություն տա մի շարք առաջատարների: «Խետաֆե»-ին սեփական հարկի տակ կարելի է հաղթել նաև առանց նրանց: Երեկ մադրիդցիները ձեռք բերեցին Դիեգո Լոպեսին, ով պետք փոխարինի 2-ից 3-ամսով դուրս մնացած Կասիլյասին:

«Ատլետիկ Բիլբաո» — «Ատլետիկո Մադրիդ»

Կիրակի, ժամը 23:59

Անցյալ մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակչի մասնակիցների հանդիպումը չի կարող հետաքրքրություն չառաջացնել: Բիելսայի թիմն այժմ հայտնվել է վտանգավոր գոտում, բայց լավ հանդիպում անցկացնելու դեպքում կարող է միավորներ խլել, առանց Ֆալկաոյի մնացած «Ատլետիկո»-ից: Մադրիդցիները անցած տուրում Բարսայի հետ միավորների տարբերությունը հասցրին — 8-ի և իհարկե չեն ցանկանա, որ այն նորից վերածվի — 11-ի:

Բացի առաձնացրած խաղերից, ֆուտբոլասերները կարող են հետևել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում տեղի ունենալիք Կոտ դ’Իվուար — Թունիս (կիրակի, ժամը 19:00) հանդիպմանը, Անգլիայի գավաթի խաղարկության «Սթոք Սիթի» — «Մանչեստեր Սիթի» և «Մանչեստեր Յունայթեդ» — «Ֆուլհեմ» դիմակայություններին և իսպանական «Սեգունդա»-ում տեղի ունենալիք «Բարսելոնա Բ» — «Ռեալ Մադրիդ Կաստիլյա» մինի «կլասիկո»-ին, որը կսկսվի կիրակի, ժամը 20:00-ին և ուղիղ եթերով կհեռարձակվի ռուսական` НТВ-ПЛЮС Спорт Онлайн հեռուստաալիքով:

Նախորդ հոդվածը‘Օրանգուտանները սովորել են օգտվել iPad-ից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հացադուլավոր Շալիկո Մանուչարյանի մայրը դիմել է Սերժ Սարգսյանին’