‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1184

Եվրոպական ուիքենդը բացվեց «Ռոմա» — «Նապոլի» և «Հոֆֆենհայմ» — «Բայեր 04» խաղերով, որտեղ հաշվեցին այնպիսի գոլ, որը հավակնում է վերածվել «դարի սկանդալի»: Առաջիկա շաբաթվա ընթացքում մեզ սպասվում է «Միլան» — «Բարսելոնա»,  «Ռեալ Մադրիդ» — «Յուվենտուս», իսկ շաբաթը կեզրափակվի «սուպերկլասիկոյով»: Դա՝ հաջորդ շաբաթ, իսկ այս ուիքենդում կարող ենք հետևել այլ բարսելոնամադրիդյան հակամարտության, Պույոլի վերադարձին և Մոնտելան ընդդեմ Կոնտեի հակամարտությանը «Սերիա Ա-ում»:

«Մանչեստեր Յունայթեդ» — «Սաութհեմփթոն»

 Շաբաթ, ժամը 18:00

Բայց սկսենք «Պրեմիեր լիգայից», որտեղ մրցաշրջանի մեկնարկի գլխավոր անակնկալը՝ «Սաութհեմփթոնը», կհյուրընկալվի Յանուզայի շնորհիվ հարություն առած «Յունայթեդին»: Հյուրերի գլխավոր ուժեղ կողմը համարվում է մարզիչ Մոուրիսիո Պոկետինոն, պաշտպանությունում լավ խաղը՝ 7 խաղում թիմը բաց է թողել ընդամենը 2 գնդակ, և իհարկե՝ Օսվալդո — Լամբերտ հարձակման զույգը: «Օլդ Թրաֆորդում» Պոկետինոյի թիմին դժվար թե հաջողվի պահել 3 խաղ շարունակվող հաղթանակների շարքը կամ անառիկ պահել սեփական դարպասը, բայց ավելի փչացնել Մոյեսի նյարդերը կարելի է:

«Ռեալ Մադրիդ» — «Մալագա»

Շաբաթ, ժամը 18:00

Դժվար է հասկանալ, թե որ խնդիրն է այս պահին Մադրիդում առաջնայինը՝ Բեյլի խնդիրնե՞րը` կապված միջողային սկավառակի ճողվածքի հետ, Կասիլյասի ակնարկնե՞րը` թիմից հեռանալու մասին, խաղի որա՞կը, թե՞ առաջիկա «սուպերկլասիկոն»: Դժվար է կողմնորոշվել, բայց որպեսզի «սուպերկլասիկոյից» առաջ Իսպանիան չվերածվի երկու թիմերի՝ «ներքնակավորների» և Բարսայի առաջնության, պետք է նախ հաղթել «Մալագային»: Իսկ ինչ մնում է «Մալագային», ապա այստեղ խնդիրների պակաս ևս չի զգացվում: Բերնդ Շուստերը փորձում է որոշակի խաղ ձևավորվել անցյալ տարվա Պելեգրինիի հրաշալի թիմի ավերակներից: Բացի Շուստերից, ով առաջին անգամ չի մրցում իր նախկին «Ռեալ Մադրիդի» դեմ՝ 2006 – 2007 մրցաշրջանում նրա «Խետաֆեն» արդեն հաղթել է «սերուցքայիններին», այսօր իր նախկին խաղընկերներին կհանդիպի նաև Իսկոն, ում «մադրիդիստներն» արդեն իսկ համարում են Ֆլորենտինո Պերեսի լավագույն ձեռքբերումներից մեկը:

«Էսպանյոլ» — «Ատլետիկո Մադրիդ»

Շաբաթ, ժամը 23:59

Մինչ հանդիպման մեկնարկը Սիմեոնեի սաները արդեն տեղյակ կլինեն «Օսասունա» — «Բարսելոնա» հանդիպման արդյունքին, որը սկսվում է ժամը 22:00-ին, և որտեղ ակնկալվում է Պույոլի, Մեսսիի և Մասչերանոյի վերադարձը խաղադաշտ:

Սիմեոնեի թիմի համար հաղթանակն այս խաղում ոչ միայն սկզբունքային նշանակություն ունի. «Կորնելյա-Էլ Պրատում» նվաճված 3 միավորը թույլ կտա ավելի հանգիստ հետևել հաջորդ տուրում կայանալիք «սուպերկլասիկոյին»: «Էսպանյոլին» ևս անհրաժեշտ է հաղթանակ, քանի որ լավ մեկնարկից հետո թիմը 3 անընդմեջ պարտություն է կրել, «Պրիմերայի» ոչ առաջատար ակումբերից:

«Ֆիորենտինա» — «Յուվենտուս»

Կիրակի, ժամը 17:00

«Ֆիորենտինան» լավ մեկնարկեց առաջնությունում, բայց ինչ-որ մի բան փոխվեց Մարիո Գոմեսի վնասվածքից հետո: Իհարկե, այստեղ կա Ջուզեպե Ռոսին, և Մոնտելայի թիմն ամեն դեպքում ՉԼ-ի գոտում հայտնվելու ռեալ հավակնորդ կհամարվի մինչև մրցաշրջանի ավարտ: Բայց հերթական պարտությունը, այն էլ՝ «մանուշակների» երկրպագուների կողմից ատելի Յուվեից, կարող է ուժեղ հոգեբանական հարված լինել: «Յուվենտուսին» անհրաժեշտ է հաղթանակ, որպեսզի հետ չմնա «Ռոմայից» և կենտրոնանա ՉԼ-ում «Ռեալ Մադրիդի» դեմ խաղի վրա: Իսկ մինչ այդ՝ Կոնտեն որոշել է նման կարևոր խաղից առաջ հավաքականի կազմից սահմանված ժամանակից ուշ վերադառնալու համար տուգանել Արտուրո Վիդալին: 

Նախորդ հոդվածը‘ԵԽ գլխավոր քարտուղարը Երևանում կմասնակցի խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովին’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի եվրոպական շարժման պատվիրակությունը կժամանի Երևան’