‘Հանդիպում Հայ բարեգործական ընհանուր միության ներկայացուցիչների հետ ‘

828

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ու կառուցի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին եւ քննարկել նրանց հետ ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Հայ բարեգործական ընհանուր միության մոտ հարյուր ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլը եւ հեռանկարները, անդրադարձել արտաքին քաղաքականության որոշ հիմնախնդիրների:
Նախագահ Սահակյանի խոսքով՝ Հայ բարեգործական ընհանուր միությունը հայկական ամենահին կազմակերպություններից մեկն է, որն անգնահատելի դերակատարություն ունի Սփյուռքում հայ ինքնության պահպանման, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման եւ դատապարտման, արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում: Շոշափելի է կազմակերպության ներդրումը նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման եւ հայրենիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման գործում:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում շահագրգռված են կազմակերպության հետ կապերի հետագա խորացման ու փոխգործակցության ընդլայնման մեջ, որի համար կանեն հնարավոր ամեն ինչ:
Հանդիպման վերջում Նախագահը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. Բալոտելիի տեղը «Բարսելոնայի» պես միջակ թիմն է’
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա’