‘Հանուն ԵՄ-ին Ուկրաինայի ասոցացման՝ Տիմոշենկոն համաձայնել է մեկնել Գերմանիա’

1145

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն համաձայնել է բուժման մեկնել Գերմանիա՝ հանուն ԵՄ-ի հետ ասոցացման, որի վերաբերյալ համաձայնագիրը Կիևը պատրաստվում է ստորագրել նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում:Այս մասին տեղեկացրել է Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն՝ վկայակոչելով Տիմոշենկոյի հայտարարությունը: «Հանուն հաջողակ Վիլնյուսի և հաջողակ Ուկրաինայի, հանուն ԵՄ-ի հետ պատմական և ճակատագրական համաձայնագրի՝ ես պատրաստ եմ ընդունել այդ առաջարկը»,- հայտարարել է Տիմոշենկոն:

Նախկին վարչապետի փաստաբանի խոսքերով՝ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ Պետ Քոքսը և Ալեքսանդր Կվասնևսկին ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին են փոխանցել նախկին վարչապետի ներման միջնորդագիրը՝ «Տիմոշենկոյի՝ արտասահման մեկնելու հնարավորության իրավաբանական օրինականությունն ապահովելու նպատակով»: Հիշեցնենք, որ ուկրաինական ընդդիմության առաջնորդ Տիմոշենկոն 2011 թ. վերջին դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման՝ ՌԴ հետ գազի վերաբերյալ պայմանագիր ստորագրելիս լիազորությունները գերազանցելու մեղադրանքով: Մեկ տարուց ավելի է՝ նա բուժման մեջ է Խարկովի հիվանդանոցում: ԵՄ-ն կարծում է, որ Տիմոշենկոյի քրեական հետապնդումը ընտրովի արդարադատության դրսևորում է, ինչը հիմնական խոչընդոտն է ԵՄ «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում համաձայնագրի ստորագրման ճանապարհին, փոխանցում է ria.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Վահե Հովհաննիսյան. Առաջիկայում գուցե բանսարկուների մասին խոսելու անհրաժեշտություն լինի’
Հաջորդ հոդվածը‘Խաչիկյանին կհամաներե՞ն’