‘Հանս-Յոխեն Շմիդթ. ԼՂ հակամարտության գոտում զոհերի տագնապալի թիվը քաղաքական ահազանգ է’

1049

Դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, ով մինչեւ 2013-ը Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնն էր զբաղեցնում Երեւանում, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությանը ներկայացրել է ԼՂ հակամարտության գոտում վերջին շրջանի լարվածության վերաբերյալ իր դիտարկումները: Նա ակնարկել է, որ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը հակամարտության գոտում քաղաքականորեն հակաարդյունավետ է:

«Զոհերի վերջին տագնապալի թիվը քաղաքական ահազանգ է, որ առանց շահագրգիռ կողմերի առավել մեծ քաղաքական պատրաստակամության՝ հաղթահարել բանակցային գործընթացում առկա փակուղին, Հարավային Կովկասում անվտանգության անկայուն իրավիճակը կշարունակի վատթարանալ: Սպառազինությունների անհամաչափ մրցավազքը բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասի այս հատվածում ստեղծված իրավիճակի վրա: Քաղաքականորեն հակաարդյունավետ է, որ երկիրը, որը պետք է միջնորդի դեր խաղա խնդրի լուծման գործում, զենքի ամենակարևոր մատակարարներից է (ներառյալ՝ ժամանակակից)»,- ասել է Գերմանիայի նախկին դեսպանը:

Շմիդթն ափսոսանք է հայտնել, որ միջազգային հանրությունը բավականաչափ չի արգելել և դատապարտել Հարավային Կովկասի երկրներին զենքի մատակարարման շարունակական հոսքը՝ այդպիսով պատրվակ տալով քաղաքական ռեժիմներից մեկին ռազմատենչ հայտարարություններ հնչեցնել:

«Քաղաքականապես անհրաժեշտ է նաև, որ խնդրի լուծմանը մասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը»,- ասել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության նախկին դեսպանը:

Ըստ նրա՝ շահագրգիռ կողմերի համար փոխշահավետ զիջումների վրա հիմնված կարգավորումը Հարավային Կովկասի բարգավաճման նախադրյալն է, որից հատկապես կշահի խնդրի բացասական հետևանքներն իր վրա զգացող բնակչությունը:

Նախորդ հոդվածը‘Բեգլարյանի եղբայրը՝ քաղաքաշինության նախարարի տեղակալ’
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ ներկայացուցիչ. Ադրբեջանը տեղեկացրել է ԿԽՄԿ-ին Կարեն Պետրոսյանի մահվան մասին’