‘Հանրահավաք Գրոզնիում՝ հանուն «սիրելի մարգարեի» և ընդդեմ Արևմուտքի’

1021

Գրոզնիի կենտրոնում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման: Հանրահավաքում ելույթ ունեցողներըն ընդգծել են, որ իրենք դիմակայում են «փտող» և ավանդական արժեքները  մոռացող Արևմուտքին:

BBC-ի գնահատմամբ՝ Գրոզնու կենտրոնական հսկայական հրապարակում հավաքվել է մինչև 350 հազար մարդ: Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 800 հազար հոգի: Իսկ Չեչենական հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով՝ մասնակիցների թիվն անցել է մեկ միլիոնից:

Բացի Գրոզնու բնակիչներից՝ հանրահավաքին կազմակերպված ձևով ավտոբուսներով բերվել են Չեչնիայի այլ բնակավայրերի բնակիչներ ևս: Չեչնիայի մայրաքաղաք են ժամանել նաև ռուսաստանյան Կովկասի մուսուլմանական մյուս երկրների պատվիրակություններ:

Հանրահավաքի մասնակիցները ձեռքներին պահել են բազմահազար տպաքանակով տպագրված պաստառներ՝ «Ձեռքներդ հեռու մեր սիրելի Մուհամեդ մարգարեից» մակագրությամբ: Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ «Ռուսաստանի մուսուլմանները թույլ չեն տա օգտագործել իրենց՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու նպատակով»: «Մենք միշտ եղել ենք Ռուսաստանի հուսալի պաշտպանները և այսօր էլ պատրաստ ենք արժանի հակահարված տալ մեր հայրենիքի ցանկացած թշնամու»,- ասել է Կադիրովը, և հրապարակը վանկարկել է՝ «Ալլահ ակբար»:

Անցյալ շաբաթ Կադիրովն իր անձնական թշնամի է հայտարարել բոլոր նրանց, ովքեր «պաշտպանում են Charli Hibdo ամսագրի՝ 1,5 մլրդ մուսուլմանների կրոնական զգացմունքները ծաղրելու իրավունքը»:

 

Նախորդ հոդվածը‘Գյումրիում իրավիճակը հանդարտ է, չնայած ոստիկանության ձեռնարկած միջոցառումների (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գյումրու սպանդի կապակցությամբ նախատեսված ԱԺ լսումները հետաձգվում են ‘