‘Հանրահավաք ու երթ` ընդդեմ «կուտակայինի». Սոցիալական խնդիրների լուծումը քաղաքական է’

1294

Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարումների հանրահավաքը:

Չնայած Երեւանի անսովոր ցուրտ եղանակին` հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել: Նրանց միացել են Ազգային ժողովի ոչ իշխանական կուսակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության, «Ժառանգության» եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները:

ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ այն տեղեկություններին, թե որոշ խոշոր ձեռնարկություններ պատրաստակամություն են հայտնել սեփական միջոցներից վճարել իրենց աշխատողների կուտակային վճարները: Պատգամավորի խոսքով, սա իշխանությունների կողմից կազմակերպված խաբեություն է, որը նպատակ ունի թուլացնել ընդդեմ կուտակայինի բողոքի ալիքը:    

«Որեւէ բիզնեսմեն ինքնակամ դեմ չի գնա իր շահին եւ աշխատողների փոխարեն  չի վճարի կուտակային վճարները: Սա մոլորություն է, որը նպատակ ունի չեզոքացնել ձեր պայքարը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

 Հայ ազգային կոնգրեսի անունից Վահագն Խաչատրյանը, ներկայացնելով իր դիտարկումները պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ, նշեց, որ կառավարությունը խաբում է մարդկանց: Նա հիշեցրեց, որ բյուջեի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը  խոստովանել էր, որ արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու համար կառավարությանն անհրաժեշտ է լրացուցիչ 270 միլիարդ: Ըստ Խաչատրյանի՝ այդ գումարը կառավարությունը մտադիր է ապահովել «կենսաթոշակային բարեփոխումների» շնորհիվ:

Խոսելով «միջազգային փորձից», որի վրա հղում են անում իշխանությունները, Վահագն Խաչատրյանը նկատեց, որ, օրինակ, Չիլիում պարտադիր կուտակային տուրքեր վճարողներն ազատվում են եկամտահարկից` մինչեւ կուտակային վճարներից օգտվելու տարիքը:   

Վահագն Խաչատրյանը նշեց, որ իշխանությունները չեն ընդառաջելու քաղաքացիների բողոքներին` մինչեւ դիմացը կազմակերպված ուժ չտեսնեն:

«Դուք բարեհամբույր ձեւով բացատրեցիք, միջազգային փորձը ցույց տվեցիք, իրենք դա չեն հասկանում եւ չեն ընդունում: Սա ավազակապետությանը բնորոշ գործողություն է: Դուք ուզում եք ավազակապետերի, բանդիտների հետ խոսել նորմալ լեզվով: Դա անարդյունավետ է», — նշեց Վահագն Խաչատրյանը` հավելելով, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը կարելի է փոխել միայն քաղաքական լուծումների միջոցով: «Սերժ Սարգսյանն իր թիմով պետք է գնա», — իր խոսքը եզրափակեց Կոնգրեսի ներկայացուցիչը:

Ցույցի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան` ներկայացնելու իրենց դիմում-բողոքը: 

Նախորդ հոդվածը‘«Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» նախաձեռնության երթ (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ինչպե՞ս հանդուրժել մի կառավարություն, որը խախտել է Սահմանադրությունը’